Ներմուծվող և արտահանվող ապրանքի երկակի ու ռազմական նշանակության վերաբերյալ եզրակացությունը հնարավոր կլինի ստանալ մեկ պատուհանից

Ներմուծվող և արտահանվող ապրանքի երկակի ու ռազմական նշանակության վերաբերյալ եզրակացությունը հնարավոր կլինի ստանալ մեկ պատուհանից

Տնտեսավարողները Հայաստան ներմուծվող կամ արտահանվող ապրանքների՝ երկակի և ռազմական նշանակության պատկանելության վերաբերյալ եզրակացությունն արդեն կարող են ստանալ պարզեցված կարգով, էլեկտրոնային եղանակով, հիմնականում առանց լրացուցիչ փորձաքննության: Ապրիլի 11–ից ի վեր քաղաքացիներն ու տնտեսավարողները ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակի միջոցով հայտեր են ներկայացրել շուրջ 600 ապրանքատեսակի համար։ ՊԵԿ–ի մասնագիտական խումբը կարճ ժամանակում ավելի քան 450–ի դեպքում եզրակացրել է, որ լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտություն չկա:

«Արմենպրես»–ի հետ զրույցում ներդրված նոր համակարգի վերաբերյալ մանրամասներ հայտնեց ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը: 

2000–ականների սկզբին Հայաստանը պարտավորություն է ստանձնել երկրի տարածքով երկակի և ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման նկատմամբ խիստ հսկողություն իրականացնել: Կառավարության որոշումներով սահմանվել են երկակի և ռազմական նշանակության ապրանքների ցանկերը: Այդ ցանկերում ներառվել են այն ապրանքները, որոնք միջազգային տարբեր կոնվենցիաներով համարվել են ռազմական և երկակի նշանակության ապրանքներ: 

«Այդ ցանկերը բավականին ծավալուն են: Որպեսզի մաքսային աշխատակիցների համար շատ հեշտ թիրախավորելի լինեին, ցանկերում ներառվել են նաև մաքսային ծածկագրերը: Սակայն այդ ծածկագրերի տակ ներառվել են նաև կենցաղում լայն օգտագործվող ապրանքներ: Կենցաղում օգտագործվող այդ ապրանքները որոշակի փոփոխության արդյունքում կարող են դիտարկվել ռազմական նշանակության ապրանքներ: Որոշակի դեպքերում անհրաժեշտ է խորը մասնագիտական գիտելիքներ՝ որակելու համար` այդ ապրանքները երկակի նշանակության են, թե ոչ»,–ասաց Կարապետյանը:

Այսպիսով, կառավարությունը հավատարմագրել է մի շարք փորձագիտական մասնավոր ընկերությունների փորձաքննություն իրականացնելու համար։

«Ենթադրենք, քաղաքացին ցանկություն ունի ներմուծել կամ արտահանել ինչ–որ ապրանք, և, եթե իր ապրանքն ընդգրկված էր կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների ցանկի ծածկագրերի մեջ, ստիպված էր նախապես դիմել փորձագիտական ընկերությունների, ստանալ փորձագիտական եզրակացություն՝ այդ ապրանքը երկակի կամ ռազմական նշանակություն է, թե ոչ, հետո այդ տեղեկատվությունը ներկայացնել մաքսային մարմիններին, որոնք էլ մատակարարման վերաբերյալ վերջնական որոշում էին կայացնում»,–ներկայացրեց ՊԵԿ պաշտոնյան:

Այս տարիների ընթացքում ՊԵԿ–ը բազմաթիվ դժգոհություններ է ստացել տնտեսավարողներից՝ այս առումով ժամանակի, ֆինանսական միջոցների կորստի հետ կապված: ՊԵԿ–ն այս ընթացքում որոշակի միջոցառումներ իրականացրել է, օրինակ՝ ընթացակարգերը հեշտացնելու համար ստեղծել է ռազմական նշանակության չունեցող ապրանքների շտեմարան և այլն: 

«ՊԵԿ–ը, սակայն, որոշեց արմատական փոփոխությունների գնալ: Միտքն այն էր, որ մաքսային մարմինները փորձեն իրենք նախապես որոշակի ուսումնասիրություն անել այդ ապրանքների նկատմամբ և փորձաքննության ուղարկել միայն այն ապրանքները, որոնք իրոք պահանջում են ավելի խորը մասնագիտական փորձաքննություն, գիտելիքներ: ՊԵԿ–ի աշխատակիցներից՝ հիմնականում մաքսավորներից, ստեղծվեց մասնագիտական խումբ, որոնք անցան մասնագիտական վերապատրաստում այս ուղղությամբ»,–ասաց Կարապետյանը:

Մասնագիտական խումբը կազմված է 6 հոգուց, գործում է ապրիլի 11–ից: Մասնագիտական վերապատրաստման հարցում օգնել է փորձագիտական ընկերություններից մեկը:

Տնտեսավարողները և քաղաքացիները ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակի միջոցով են ապրանքների արտահանման և ներմուծման համար էլեկտրոնային թույլտվություն ստանում: Այսպիսով, երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների փորձաքննության հայտերը ևս կարող են ուղարկել այդ նույն հարթակով: 

Մանրամասները՝ այստեղ