Էլեկտրոնային խանութ՝ պետական կառույցների գնումների համար. ինչ փոփոխություններ կլինեն «Գնումների մասին» նոր օրենքով

Էլեկտրոնային խանութ՝ պետական կառույցների գնումների համար. ինչ փոփոխություններ կլինեն «Գնումների մասին» նոր օրենքով

Հայաստանում նախատեսում են «Գնումների մասին» նոր օրենք մշակել, տարբեր մարմինների հետ խորհրդակցությունների արդյունքում արդեն նախանշվել են խնդիրներն ու լուծման հնարավոր տարբերակները: Նախատեսվող տարբերակներից է որոշ ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման համար ստեղծել էլեկտրոնային խանութ, զուգահեռաբար մրցութային գործընթացն առավել արդյունավետ ու ճկուն դարձնելու նպատակով մասնավոր ընկերությունների հետ կնքել շրջանակային համաձայնագիր: Հիմնական թիրախը համակարգն առավելագույն թափանցիկ ու ճկուն դարձնելն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Գնումների մասին» նախատեսվող նոր օրենքի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին մանրամասներ է ներկայացրել Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

–Ներկայումս մի շարք ՀԿ-ների ու տարբեր ակտիվ գործարար շրջանակների հետ քննարկումներ են իրականացվում «Գնումների մասին» օրենքի վերաբերյալ: Կարելի է ամփոփված համարել պետական մարմինների՝ այսինքն պատվիրատուների հետ քննարկումների շարքը: Վերջինս բացահայտել է, որ մեզ մոտ ավելի շատ իրագործման հետ կապված խնդիրներ կան: Գործարար տարբեր շրջանակների հետ քննարկումների արդյունքում բացահայտվել է, որ իրականում գնումների համակարգի նկատմամբ անվստահությունն ավելի շատ գալիս է նրանից, որ բիզնես համայնքը, վստահ չէ, որ պետությունը գիտի, թե ինչ է ուզում գնել: Այդ պայմաններում մրցույթի մասնակցելն իրենց համար ռիսկեր է առաջացնում: Ուստի առանցքային աշխատանքը լինելու է արդյունավետ համակարգ կառուցելու ուղղությամբ, որով պետությունը կարող է  ճիշտ ու արդյունավետ կոմունիկացնել իր կարիքներն ու ընտրել այն գործընկերոջը, որը կարողանալու է այդ կարիքները լավագույնս բավարարել:

Կարծում ենք, որ հիմնական օրենսդրական փոփոխությունը վերաբերելու է համակարգի ճկունությանը, այսինքն՝ համակարգն ինչ արագությամբ է կարողանալու արձագանքել մասնավոր հատվածում զարգացումներին: Օրենքը գործում է ավելի քան 5 տարի, մասնավոր հատվածում բիզնես ցիկլը մոտավորապես 4-5 տարի է, ուստի ակնհայտ է, որ մասնավորը փոխվել է, կան նոր պրակտիկաներ, ստեղծվել է նոր մրցակցային դաշտ, ուստի օրենսդրությունը պետք է վերակառուցվի: Լավ պրակտիկա է, երբ օրենքը մոտավորապես 5-6 տարին մեկ զրոյից վերակառուցվում է, որ բացահայտված խնդիրները հնարավոր լինի լուծել խորքային, կառուցվածքային մակարդակում:

Մի շարք խնդիրներ կան, մասնավորապես՝ պատվիրատու-մատակարար, նաև մատակարարների միջև շահերի բախման խնդիրներ: Հաճախ ավելի կայուն ընկերությունները չեն ուզում մասնակցել ընթացակարգերին՝ ասելով, թե թույլ որակի պահանջները հանգեցնում են նրան, որ ընկերությունը, որը փորձ չունի կամ ակնհայտ է, որ չի կարող բավարարել կարիքները, մասնակցում է, ձախողում է պայմանագիրը, և այդպես շարունակ: Ուստի օրենքի հիմնական փոփոխություններից մեկը լինելու է այն, որ փորձելու ենք մասնավորին ընտրելու վերաբերյալ որոշումների կայացումը իջեցնել համապատասխան նախարարի կամ մարմնի ղեկավարի մակարդակ: Ներկայումս կառավարությունում են բազմաթիվ որոշումներ կայացվում, որի հետևանքով հաճախ առաջանում է բաց, թե իրական պահանջը տեղում որն է, և ինչ որոշում է կայացվում: Նույնիսկ, եթե տվյալ նախարարը կամ մարմնի ղեկավարը կառավարությանը կարողանում է բացատրել, ու որոշումն արդյունավետ է կայացվում, բայց դա երկար ժամանակ է խլում, ինչն արդյունավետության կորուստ է: Այսպիսով մենք փորձելու ենք ունենալ ավելի շատ արդյունքի հետևից գնացող, ոչ թե պարզապես կանոններին հետևող համակարգ:  Մեր թիրախը լինելու է առավելագույն թափանցիկությունն ու ճկունությունը: Թիրախն այն է, որ նախարարներն ու մարմինների ղեկավարներն ունենան ամբողջական գործիքակազմ՝ հանրային կարիք բավարարելու համար, և այդ գործիքակազմը կարողանան ճկուն իրագործել:

Մարդիկ գիտեն, որ մրցույթում հաղթելու կարևոր նախապայմաններից է  ցածր գին առաջարկելը։ Բայց հաճախ ցածր գինը խնդիրը լուծելու փոխարեն նոր խնդիրներ է առաջ բերում, որակի հետ կապված են խնդիրներ լինում: Այս առումով հիմնարար փոփոխություններ  նախատեսվո՞ւմ են, որ, օրինակ, նախապատվությունը տրվի ամենանպաստավոր, ոչ թե ամենաէժան առաջարկին:

–Ներկայումս էլ օրենքում ոչ մի տեղ չի ասվում նվազագույն գին: Մասնավորի հետ քննարկելով՝ բացահայտեցինք, որ հաճախ խնդիրը ոչ թե հենց օրենքի մեջ է, այլ պրակտիկայի: Օրենքն ասում է՝ հատուցման դիմաց՝ առավելագույն արդյունք, ցածր գնի մասին խոսք չկա: Երբ կարողություն չունենք ասելու, թե որակը որն է, մենք նկարագրում ենք մի բան, որը հեշտ է նկարագրել: Ցածր գինը միշտ ավելի քիչ ուշադրություն է գրավում հասարակական կյանքում, միշտ ավելի քիչ է պետք հիմնավորել: Իսկ երբ գինը ֆիքսում ես ու ասում, որ լավագույն որակ ես ուզում, որակը միշտ ավելի դժվար է չափել, ավելի շատ աշխատելու կարիք է ստեղծում, որ հետո կարողանաս հանրությանը հիմնավորել քո ընտրությունը: Այդ դեպքում շատ ավելի խորը մասնագիտական գիտելիքներ են պետք, և հաճախ, երբ մարմիններն այդ գիտելիքները չեն ունենում, դիմում են նվազագույն գնի սկզբունքին: Օրինակ՝ խորհրդատվական ծառայություն կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռքբերում իրականացնելիս կառավարության որոշումը պարտադրում է, որ պետք է «գին–որակ անել»:

–Այդ դեպքում ի՞նչ է արվելու օրենքի մակարդակում, որ նախապատվությունն ավելի շատ տրվի որակին:

–Մենք որոշումների կայացումն ավելի շատ ենք ապակենտրոնացնում, կկարողանանք ստանդարտացված բնութագրերը նկարագրել: Կփորձենք տարբեր գործիքներ կիրառել, օրինակ՝ փորձելու ենք ներդնել թվային խանութ, որտեղ առաջարկը պասիվ մասնակցությամբ է լինելու: Այսինքն՝ մարմինը ոչ թե ամեն անգամ պետք է մրցութային գործընթաց հայտարարի, մասնավորը հետևի գործընթացին, գնա մասնակցի, այլ պետք է լինի էլեկտրոնային խանութ, որտեղ մասնակիցը կկարողանա ի սկզբանե իր առաջարկը՝ ապրանքը կամ ծառայությունը, արժեքը ներկայացնել, և, երբ մարմնի մոտ կարիք առաջանա, պարզապես պետք է բացի առաջարկների ցանկն ու ընտրի իր պահանջներին բավարարողը: Մարմինը, իր պահանջներն ի սկզբանե գրելով, կարողանալու է նաև ընտրել, թե որ գինը, որ ժամկետն է իրեն բավարարում: Սրանով մենք նաև որոշակիորեն աջակցելու ենք փոքր ու միջին ձեռնարկություններին, որոնք հաճախ ռեսուրս չեն ունենում ամեն անգամ 0-ից այդ թղթաբանությունն անելու: Հնարավորություն է լինելու այդ «խանութից» միանգամից ձեռքբերումներն անել, հրապարակային օֆերտայի տեսակ է: Կարծում ենք, որ թվային խանութը գնումներն իրականացնելու ժամանակակից մեթոդ է: Մենք պետք է փորձենք մրցութային մեխանիզմի տրամաբանությունից մի քիչ ավելի շատ գնալ դեպի պլատֆորմային տրամաբանություն: Միջազգային հաջողված փորձը նայելիս տեսնում ենք, որ, օրինակ՝ Բրիտանիան ՏՏ ծառայությունները ձեռք է բերում նման հարթակների միջոցով: Սա բերում է նրան, որ մրցակցությունն ավելի ակտիվ է դառնում: Սա շատ հեշտացնում է նաև շուկայի ուսումնասիրությունը: Իհարկե, ամեն ինչ այդ հարթակում չի կարող լինել, դրա համար մրցութային ընթացակարգերը պետք է լինեն:

Հաջորդը՝ ներկայումս օրենքով նախատեսված չէ շրջանակային համաձայնագիր: Ասում ենք, որ ցանկանում ենք վստահելի, բարձր կարողություններ ունեցող գործընկեր ընտրել, բայց այդ կարողությունը գնահատելը բավականին շատ ժամանակ է խլում: Եթե ցանկանում ենք մասնավոր գործընկերոջ կարողությունը գնահատել, օրինակ, 5 օրում, ամենայն հավանականությամբ այդ ժամկետում չի ստացվում, դա էլ բերում է հայեցողական որոշումների կայացման: Ուստի, ամեն անգամ մրցույթ հայտարարելու և հետո մի 3 ամիս կարողությունները գնահատելու փոխարեն ավելի լավ է ի սկզբանե այսինչ ծառայությունները գնելու համար հայտարարենք բաց շրջանակային համաձայնագիր, որին միանալու համար նվազագույն պայմաններ սահմանենք, որպեսզի հետո դրանց բավարարողների կազմից արվեն գնումները: Դա նշանակում է, որ շրջանակային համաձայնագիրը «լցնելը» կտևի, օրինակ, 3 ամիս կամ կես տարի: Սակայն, եթե նոր կազմակերպություններ ի հայտ գան, որոնք կհամապատասխանեն, կարող են միանալ համաձայնագրին: Կստացվի, որ մենք վստահելի գործընկերներից ստանում ենք գնային առաջարկներ:

Մենք փորձելու ենք նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և մեր այլ գործընկերների հետ թվային համակարգում սահմանել «կարմիր դրոշների» այնպիսի համակարգ, որ, եթե մարմինը սկսի տարօրինակ գործողություններ անել, պատկան մարմինները կարողանան հետևել, որ հակաօրինական կամ կոռուպցիոն ռիսկերն ավելի շուտ բացահայտվեն:

Օրենքն ավելի շատ վերածվում է գործիքի, որի միջոցով ստեղծվելու է թվային միջավայրը: Եթե մինչև հիմա օրենքի ու կառավարության որոշումների մի մասն աշխատում էր թվային միջավայրում, գործողությունների մի մասն արվում էր թվային միջավայրից դուրս, ներկայում փորձում ենք այնպիսի օրենսդրական դաշտ ստեղծել, որ օրենքում ինչ գրված է, իրականացվի թվային դաշտում: Նոր օրենքը պետք է լինի թվային դարաշրջանի օրենք:

Մանրամասները՝ այստեղ