Դատախազությունը պահանջվում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ապօրինի ծագում ունեցող ավելի քան 1070 անշարժ եւ 210 շարժական գույք

Դատախազությունը պահանջվում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ապօրինի ծագում ունեցող ավելի քան 1070 անշարժ եւ 210 շարժական գույք

2023 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 71 հայցադիմում, որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմել է 384 մլրդ 055 մլն 372 հազար դրամ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «Բռնագանձման են ենթակա նաեւ 832 անշարժ եւ 161 շարժական գույք, ինչպես նաեւ 283 իրավաբանական անձում մասնակցություն,- ասաց նա։

2023 թվականի ընթացքում ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը կազմել է 417 մլրդ 591 մլն 062 հազար դրամ։ 2023 թվականին Գլխավոր դատախազությունը կնքել է 4 հաշտության համաձայնություն, որոնցով ՀՀ-ին է փոխանցվել 6 անշարժ եւ 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ 100 մլն դրամի արժեքով, ինչպես նաեւ շուրջ 79 մլն դրամ գումար։ Վարդապետյանն ասաց, որ այդ գույքերից 6-ը կառավարության որոշումներով ամրացվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Նա ներկայացրեց նաեւ, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ստորաբաժանաման ձեւավորման օրվանից մինչ այսօր քանի հայց է ներկայացվել դատարան «2020 թվականի դեկտեմբերից առ այսօր դատարան է ներկայացվել 103 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ապօրինի ծագում ունեցող ավելի քան 1070 անշարժ եւ 210 շարժական գույք, ինչպես նաեւ 290 իրավաբանական անձում մասնակցություն։ Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 526 մլրդ դրամ, որը համարժեք է 1 մլրդ 335 մլն ԱՄՆ դոլարին»։