ՎԶԵԲ-ը և Կանաչ կլիմայի հիմնադրամն աջակցում են Հայաստանում կանաչ ներդրումներին

ՎԶԵԲ-ը և Կանաչ կլիմայի հիմնադրամն աջակցում են Հայաստանում կանաչ ներդրումներին

Հայաստանի   ձեռնարկություններին ավելի շատ հնարավորություններ կընձեռվի ներդրումներ կատարելու կանաչ տեխնոլոգիաներում՝ շնորհիվ 10 միլիոն ԱՄՆ դոլար (9,3 միլիոն եվրո) վարկի, որը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Կանաչ կլիմայի հիմնադրամը  (ԿԿՀ) տրամադրում են Ինեկոբանկին,  որպեսզի վերջինս վարկավորում տրամադրի կորպորատիվ ընկերություններին  և փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ կանաչ ներդրումներ կատարելու նպատակով։

Վերոնշյալ վարկի շրջանակում ՎԶԵԲ-ը կտրամադրի 7,5 մլն ԱՄՆ դոլար (7,0 մլն եվրո), իսկ ԿԿՀ-ն կկատարի 2,5 մլն ԱՄՆ դոլարի (2,3 մլն եվրո) համաֆինանսավորում: ԿԿՀ-ն աշխարհի ամենամեծ միջազգային կլիմայական հիմնադրամն է: Այն ստեղծվել է 2010 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում և աջակցում է զարգացող երկրներում ցածր արտանետումների և կլիմայի նկատմամբ կայուն ծրագրերին:

Վարկային միջոցները Ինեկոբանկին տրամադրվում են ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ) շրջանակներում, որի նպատակն է ընկերություններին աջակցել դեպի կանաչ տնտեսություն անցումային ճանապարհին և ներդրումներ կատարել կլիմայի հարմարվողականության և մեղմացման տեխնոլոգիաներում: Այս տեխնոլոգիաները ընկերություններին օգնում են նաև բարձրացնել իրենց արտադրողականությունը և նվազեցնել ծախսերը:

Հնարավոր ներդրումները կարող են ուղղվել էներգիայի և ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը խթանող տեխնոլոգիաների ձեռքբերմանը, ինչպիսիք են ջերմամեկուսացումը, ֆոտովոլտային արևային վահանակները, երկրաջերմային ջերմային պոմպերը, էլեկտրական մեքենաները, էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքները և ջրի արդյունավետ ոռոգման համակարգերը: Գործարարները կարող են բացահայտել Հայաստանում առկա կանաչ տեխնոլոգիաները ԿՏՖԾ Տեխնոլոգիաների սելեկտորի  միջոցով:

ԿՏՖԾ-ն նպաստում է Հայաստանում ավելի կանաչ տնտեսություն կառուցելու գործին՝ աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը ՎԶԵԲ-ի Անցում դեպի կանաչ տնտեսություն  մոտեցմանը համապատասխան։ 

Ընկերությունները, որոնք հետաքրքրված են կանաչ տեխնոլոգիաների համար վարկերի ձեռքբերմամբ, կարող են օգտվել նաև Կլիմայի ներդրումային հիմնադրամների կողմից ֆինանսավորվող ներդրումային խթաններից:

Ինեկոբանկը Հայաստանի առաջատար բանկերից է և ՎԶԵԲ-ի երկարամյա գործընկերը։ Այն ունի լավ հասանելիություն հանրապետության կորպորատիվ  ձեռնարկություններին և ՓՄՁ-ներին, ներառյալ տեխնոլոգիաների մատակարարներին, արտադրողներին, վաճառողներին և տեղադրողներին, որոնք կարող են օգտվել կանաչ տեխնոլոգիաներից։

ՎԶԵԲ-ը, 1992 թ.-ին իր գործունեության մեկնարկից ի վեր, Հայաստանում կատարել է ավելի քան 2 մլրդ․ եվրոյի ներդրում  երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների շուրջ 210 նախագծերում, որոնց 92 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։