Իվանա Ժիվկովիչն այցելել է ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Իվանա Ժիվկովիչն այցելել է ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի և Տավուշի մարզերում
Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը` Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի ուղեկցությամբ, այցելել է ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչությունից։

Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում արդիականացված օդերևութաբանական ինքնաշխատ կայանի աշխատանքին։ Ընդհանուր առմամբ, ՀՀ շրջակա միջավայրի հետ գործընկերությամբ, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում արդիականացվել է 11 կայան: Այս արդիականացումն ուղղված է եղանակային պայմանների մշտադիտարկման և դիտարկման ճշգրտության բարձրացմանը և երկրի ողջ տարածքի մինչև 80 տոկոս ծածկույթի ապահովմանը՝ հնարավորություն տալով Հայաստանի բնակչությանը տրամադրել առավել հավաստի հիդրոօդերեւութաբանական տեղեկատվություն։

ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը Նորաշենի պետական արգելոցում, որը հանդիսանում է էնդեմիկ հայկական որորի բնադրավայրը, ծանոթացել է Սևան ազգային պարկի հարուստ կենսաբազմազանությանը և կառավարման պլանին, ինչը հանդիսանում է հիմնարար գործիք Սևանա լճի բնական ռեսուրսների ու կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և կառավարման համար։

Դիլիջան քաղաքում տիկին Ժիվկովիչն այցելել է էներգաարդյունավետ շենքեր, որոնք վերանորոգվել և վերազինվել են Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ: Մինչ այժմ Հայաստանի ամբողջ տարածքում էներգաարդյունավետության բարձրացման նպատակով վերանորոգվել են 152 բնակելի և 52 հասարակական շենքեր, այդ թվում՝ 45 մանկապարտեզներ և դպրոցներ՝ այս կերպ էներգասպառումը նվացնելով 40-ից 60 տոկոսով և դրականորեն ազդելով ավելի քան 46,000 բնակիչների բարեկեցության վրա, որոնց ավելի քան 50 տոկոսը կանայք և աղջիկներ են։

Ավելի վաղ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչությունից տեղեկացրել էին, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին 4-օրյա այցով ժամանել է Հայաստան։ 
Տիկին Ժիվկովիչի այցի նպատակն է քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի կառավարության հետ գործընկերությունը, տեղում ծանոթանալ ՄԱԶԾ-ի հիմնական միջամտություններին, ներառյալ փախստականների ճգնաժամին արձագանքելը, ինչպես նաև դիտարկել ՄԱԶԾ-ի զարգացման օրակարգը և հիմնական առաջնահերթությունները միջազգային և ազգային գործընկերների հետ:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի ընկերակցությամբ, նա կհանդիպի Ազգային ժողովի նախագահի հետ՝ մեկնարկելու Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության վերաբերյալ նոր ծրագիրը, ինչպես նաև կհանդիպի ՀՀ փոխվարչապետի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ։ Նա նաև քննարկումներ կունենա ՄԱԿ-ի երկրի թիմի, դիվանագիտական կորպուսի, զարգացման գործընկերների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Տիկին Ժիվկովիչը կայցելի ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում և կհանդիպի շահառուների հետ: