Վաշինգտոնում նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների հարցերով տեղակալ Ջեֆրի Փայեթի հետ

Վաշինգտոնում նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների հարցերով տեղակալ Ջեֆրի Փայեթի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վաշինգտոնում (ԱՄՆ) հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների հարցերով տեղակալ Ջեֆրի Փայեթի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս իրականացման արդյունքում ակնկալվող տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները, ներկայիս տնտեսական իրավիճակը և Հայաստանին «Շուկայական տնտեսության կարգավիճակ» շնորհելու ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը։

Հանդիպում է կայացել նաև ԱՄՆ առևտրային ներկայացուցչի՝ Եվրոպայի և Միջին Արևելքի հարցերով տեղակալ Բրայան Թրիքի հետ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը, մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ՀՀ-ում ծրագրերի իրականացումը, արտահանման դիվերսիֆիկացման ծրագրի մշակման օժանդակությունը, ինչպես նաև ՀՀ և ԱՄՆ միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի վերջերս կայացած նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման անհրաժեշտությունը։

Կարևորվել է բոլոր նախանշված ուղղություններով աշխատանքների հետագա շարունակականության ապահովումը։