ՏԿԵ նախարարությունում քննարկվել են էներգետիկ ոլորտի ծրագրերը, ՀԱԷԿ-ի հետագա շահագործման հարցը

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են  էներգետիկ ոլորտի ծրագրերը, ՀԱԷԿ-ի հետագա շահագործման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միջազգային գործընկերության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մարյետա Յագերի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից, հանդիպամանը մասնակցել են նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, պաշտոնատար այլ անձինք։
Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել հանդիպման կարևորությունը՝ հաշվի առնելով , որ ԵՄ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերներից է և ՀՀ կառավարության պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ։
Տերտերյանը օրակարգային հարցերից բացի խոսել է էներգետիկ ոլորտում մի շարք ընթացիկ, սպասվող և հեռանկարային ծրագրերից՝ այս համատեքստում ընդգծելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ)-ի կարևորությունը և նշանակությունը ՀՀ-ի համար։
Մարյետա Յագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ողջունել ՀՀ կառավարության ներդրած ջանքերն էներգետիկ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և հետաքրքրվել է ՀԱԷԿ-ի հետագա շահագործման, արդիականացման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումից, կարիքներից և կարևոր այլ հարցերից։
Նախարարի տեղակալը ներկայացրել է իրավիճակը, խոսել է ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության զարգացման հեռանկարներից, ՀԱԷԿ-ի հետագա անվտանգ շահագործմանն ուղղված աշխատանքներից և կարևորել է հյուրերի այցը ՀԱԷԿ՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքների արդյունքներին։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հետագա համագործակցությունը ոչ միայն ֆինանսական, այլ նաև մեթոդական, միջազգային գիտական փորձը փոխանցելու ուղղությամբ։