Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների պաշտոնյաները Ֆրանսիայում ծանոթացել են ֆրանսիական փորձին

Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների պաշտոնյաները Ֆրանսիայում ծանոթացել են ֆրանսիական փորձին
Ապրիլի 7-14-ը, Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ, տեղի է ունեցել Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների այցելություն Ֆրանսիա` ծանոթանալու ջրային ոլորտի ինստիտուցիոնալ համագործակցության, ոռոգման ջրի կառավարման, կիրառվող գյուղատնտեսական մոդելների, հողերի կառավարման և ֆերմերների աջակցության ֆրանսիական փորձին: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Պատվիրակության կազմում ընդգրկված էին շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների և ՏԿԵՆ ջրային կոմիտեի ներկայացուցիչներ։
Շրջակա միջավայրի նախարարությունից այցելությանը մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը:
Այցելության շրջանակներում տեղի են ունեցել ինտերակտիվ հանդիպումներ և քննարկումներ Ֆրանսիայի հարավային շրջաններում խմելու և ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների, ջրօգտագործողների ընկերությունների, ջրամբարների կառավարմամբ զբաղվող կազմակերպությունների, ֆերմերային միավորումների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ:
Այցելության երկրորդ մասն անցկացվել է Փարիզում։ Այն նվիրված էր ինստիտուցիոնալ համագործակցության, ջրային ոլորտի քաղաքականության և օրենսդրական հարցերին, ինչպես նաև ֆրանսիական փորձի` Հայաստանում կիրառման հնարավորությունների և տարբերակների քննարկմանը:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ներկայացրել է առաջարկություններ և դիտարկումներ մոնիթորինգի հիդրոլոգիական դիտացանցի վերազինման և բարելավման, տվյալների փոխանակման և կառավարման համակարգի հզորացման և ջրային պետական կադաստրի արդիականացման ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայման վերաբերյալ:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր և ձեռք է բերվել երկուստեք համաձայնություն` շարունակելու և ընդլայնելու առկա համագործակցության շրջանակները՝ ի նպաստ համապատասխան ոլորտների զարգացման։