Կսահմանվեն դրույթներ մասնագիտացված հանրակրթական դպրոցների վերաբերյալ

Կսահմանվեն դրույթներ մասնագիտացված հանրակրթական դպրոցների վերաբերյալ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններով պայմանավորված: Որոշմամբ առաջարկվում է հաստատել նաև «ՀՀ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների օրինակելի կանոնադրությունը: Սահմանվել է նաև դրույթ այն մասին, որ դպրոցը կարող է նաև ունենալ դասղեկի առանձին հաստիք, ինչը նախկինում բաց էր մնացել: Գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում խնդրահարույց հարցերը կհստակեցվեն, որի արդյունքում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն ավելի դյուրին կդառնա: Արդյունքում՝ հաստատություններում կբարձրանա գործընթացի կազմակերպման արդյունավետությունը, դպրոցի կառավարման, խորհրդակցական մարմինների, կրթական գործընթացի մասնակիցների գործառույթների իրականացումը հնարավորինս անխոչընդոտ կընթանա:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: «Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը: Մասնավորապես, Ֆինանսների նախարարության գործընկերների հետ արդեն իսկ նախապատրաստել ենք գնումների և հաշվապահության գործընթացը պատվիրակված իրականացնելու փաթեթը»,-ասել է նախարարը:

Ի պատասխան վարչապետի հարցման, Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ վարչատնտեսական կառավարման նոր մոդելն ամբողջական կգործի գործընթացն ավարտելուց հետո. «Այսինքն՝ մենք հիմա առանձնացրել ենք պատասխանատվությունները, բայց որպեսզի ամբողջական գործառույթի էֆեկտը հասկանանք, պետք է նաև այդ գործընթացը կազմակերպենք: Եվ դրանք առանձնացված են՝ սնունդը, անվտանգությունը, մաքրությունը, գնումները, հաշվապահություն, տնտեսական սպասարկում: Առաջին փուլով՝ գնումների և հաշվապահության մասը նախատեսում ենք, որ կենտրոնացված պատվիրակենք իրավաբանական անձի կողմից իրականացնելու, ինչը հնարավորություն կտա թե՛ ծախսարդյունավետություն, թե՛ միասնական ստանդարտ ունենալ բոլոր դպրոցներում այդ գործընթացների համար»:

Ըստ նախարարի՝ ամենակարևոր փոփոխություններից է նաև այն հանգամանքը, որ մենք ամրագրում ենք կրթահամալիրների համայնքային կենտրոններ լինելու գաղափարը, որը բազմիցս քննարկվել է. «Այժմ կանոնադրությամբ, մասնավորապես, հաստատության խորհրդին են վերապահվում վերահսկողական գործառույթներ՝ հետևելու կրթահամալիրների, որպես համայնքային զարգացման կենտրոն գործելու հանգամանքին: Մասնավորապես՝ մարզադահլիճների և հանդիսությունների սրահի միջոցառումների և մրցումների տարեկան պլանը պետք է ապահովվի, որպեսզի այստեղ իրականացնենք նախադպրոցական, դպրոցական կրթություն, ոչ ֆորմալ կրթություն, մարզաձևերով զբաղվելու հնարավորություն, մեծահասակների կրթություն և համայնքին ու բնակիչներին լիարժեք տրամադրելու և ըստ անհրաժեշտության՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություն»:

Նորակառույց դպրոցների շենքերը նաև որպես համայնքային կենտրոններ ծառայեցնելու որոշման վերաբերյալ Նիկոլ Փաշինյան նշել է. «Շրջայցերի ընթացքում տեսնում ենք, որ ճիշտ չի լինի, որ նորակառույց դպրոցները դասապրոցեսի ավարտից հետո փակվեն, և այդ շենքերը մնան դատարկ: Մենք հիմա մեթոդներ ենք մտածում, թե ինչպես անենք, որ այդ շենքերը ծառայեն համայնքի կարիքներին և մի քանի գաղափար ենք դիտարկում: Այստեղ պետք է նաև որոշակի ստեղծագործական ազատություն տալ, իհարկե, այն տրամաբանությամբ, որ դրանք պետք է մաքսիմալ մոտ լինեն կրթական և զարգացման օրակարգերին և տրամաբանությանը»:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև տնօրենների թափուր տեղերը լրացնելու մրցույթների կարգում արված փոփոխությունները. «Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի հաստիքին, անցնում է հավաստագրման գործընթաց, այսինքն՝ թեստավորում, որը հիմնականում օրենսդրության իմացություն է ստուգում: Հավաստագիր ունեցող անձինք արդեն դիմում են տնօրենի թափուր տեղի մրցույթին՝ ներկայացնելով զարգացման ծրագիր: Զարգացման ծրագիրը փորձաքննվում է մրցույթով ընտրված երկու անկախ կազմակերպությունների կողմից, և զարգացման ծրագրի փորձաքննության արդյունքում դրական շեմը հաղթահարած, ծրագրեր ներկայացրած հավակնորդներն արդեն գալիս են հարցազրույցի, որն իրականացվում է նախարարությունում լիազոր մարմնի հետ համատեղ»:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ միջինում մոտ 15 տոկոսն է, որ դրական շեմը հաղթահարում է զարգացման ծրագիր ներկայացնելու փուլում, այսինքն՝ շուրջ 85 տոկոսը դրական գնահատական չի ստանում, և այս 15 տոկոսից էլ շուրջ 60 տոկոսն էլ չի հաղթահարում հարցազրույցի փուլը: Ըստ նախարարի, սա ցույց է տալիս, որ համակարգում առկա է կարողությունների զարգացման բավականին լուրջ խնդիր:

Վարչապետն անդրադարձել է նաև այն խնդրին, որոշ տեղերում առկա է դասասենյակների պակաս. «Այդ պրոբլեմը արձանագրե՞լ եք, հընթացս ի՞նչ և ինչպես է փոխվել, որ, ասենք՝ շենքը նոր կառուցել ենք, բայց պարզվում է, որ դասասենյակները չեն հերիքում»:

Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և նշել, որ հատկապես նման խնդիր ունենում են ավելի վաղ փուլում նախագծված և մրցույթը տարած դպրոցները, քանի որ դրանից հետո է ԿԳՄՍՆ-ն կրթական ընթացակարգերում փոփոխություններ կատարել, որոնց համաձայն դպրոցներում այլևս խառը դասարաններ չկան:

Արձագանքելով՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Կային դասարաններ, որ երեխանների փոքր թվի պատճառով մի քանի հոգի 3-րդ դասարանից էին, մի քանի հոգի՝ 4-րդ, մի քանի հոգի՝ 5-րդ դասարանից, և շենքեր նախագծելիս դասասենյակների այդ դասարանների թիվն է թղթի վրա երևացել: Հետո մենք ասացինք՝ ամեն դասարան, տարիքային խումբ պետք է առանձին դաս անի, և այս որոշման արդյունքում դասարանների թիվն աճեց»:

Ըստ վարչապետի՝ մյուս կողմից, եթե շենքի տարածությունը ֆիզիկապես բավարար է և դեռ մի բան էլ ավելին, այստեղ զուտ կազմակերպման խնդիր է առկա. «Մեր տնօրեններն էլ տեղում պետք է մի քիչ ստեղծագործ լինեն: Մենք լրիվ նոր դպրոց ենք մտնում, մեկ էլ խեղճացած ասում են՝ դասարանները չեն հերիքում, ընդ որում՝ անծայրածիր տարածքներ են դպրոցում: Այդտեղ էլ ստեղծագործականության հարց կա: Այո, նորմալ է, խնդիր է, բայց դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական դպրոցում, որտեղ ամենատարբեր ենթակառուցվածքներ՝ ինչ ասես կա, ասում են՝ սենյակը չի հերիքում: Ի վերջո, կառավարությունը չի կարող գնալ, մտնել ամեն դպրոց և ասել՝ երեխաներ, դուք՝ այստեղ, հարգելի ուսուցիչներ, դուք՝ այստեղ, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ»:

Վարչապետը հավելել է՝ անգամ միջազգային չափանիշներով կառուցված ամենալավ դպրոցն ու մանկապարտեզն ամենօրյա կառավարման կարիք ունի. «Եթե չկա ամենօրյա կառավարման հմտություն, ֆունդամենտալ պրոբլեմներն այդտեղ են»: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ դպրոցներում հաճախ խնդիրներ են ծագում, որոնք տեղում լուծելու փոխարեն, գրություններ են գրում: Վարչապետի դիտարկմամբ՝ խնդիրներ կան, որոնք պետք է տեղում կառավարվեն, իսկ դրա համար դպրոցների կառավարման՝ և տնօրենների, և վարչատնտեսական մասի ղեկավարի կառավարչական հմտությունները շատ կարևոր են: