Միջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակով

Միջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Կառավարության՝ փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու քաղաքականությանը՝ խթանելով նաև Հայաստանում ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացումը:

15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն: Աջակցությունը նպատակաուղղված կլինի՝ օժանդակություն տրամադրելու Կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով:

Գործողություններն ուղղված են լինելու փախստականների սկզբնական, այդ թվում՝ պարենային անվտանգության հետ կապված, կարիքների հրատապ օգնություն ցուցաբերելուն: Նախատեսվում է միջնաժամկետ սոցիալ-տնտեսական կայունության ապահովում, այդ թվում՝ փախստականների էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու և նրանց կացարաններով ապահովելու միջոցով:

Այս նպատակի ներքո օժանդակություն կտրամադրվի Կառավարությանը՝ իրականացնելու աջակցության ծրագրեր ժամանակավոր կացարանի կարիքները և կոմունալ ծախսերը հոգալու համար: Նշված գործողությունները նպատակ կունենան՝ աջակցելու փախստականներին՝ բնակություն հաստատելու իրենց նախընտրած վայրերում, և նրանց կտրամադրվի 6-ամսյա սոցիալական աջակցություն՝ աշխատաշուկա մուտք գործելու և տնտեսական գործունեություն ծավալելու համար:

Նախատեսվում է նաև փախստականների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և խոցելի խմբերին՝ ապահովելով նրանց ներառումը կրթական, սոցիալական և երեխաների պաշտպանության ու առողջապահական համակարգերում, ինտեգրումը աշխատաշուկային, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնումը։ Նպատակի ներքո աջակցություն կուղղվի փախստականների, այդ թվում՝ առավել խոցերի խմբերի (տարեցներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանեկան բռնության զոհեր և այլ խմբեր)՝ հանրային ծառայության ոլորտներում ներառման ապահովմանը (կրթություն, առողջապահությունը և սոցիալական աջակցություն)։

Գործողությունները նաև կաջակցեն փախստականների վերապատրաստմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը զբաղվածության առկա ծրագրերի ընդլայնման միջոցով` նրանց ինտեգրումն աշխատաշուկայում ապահովելու և սոցիալական պաշտպանության ծրագրերն ավարտին հասցնելու համար:

Ընդհանուր առմամբ, ԼՂ փախստականների ավելի երկարաժամկետ, մասնավորապես՝ աշխատաշուկային ինտեգրմանը և կացարանի հետ կապված կայուն լուծումներին առնչվող կարիքները հոգալու համար կպահանջվեն վերլուծական հսկայական ջանքեր՝ հանրային ծառայությունների մատուցման մեխանիզմների ընդհանուր հզորացման նպատակով ապացույցների վրա հիմնված և արդյունավետ քաղաքականություն/ծրագրեր և ներդրումներ մշակելու համար: Հետևաբար, նպատակի ներքո գործողությունները կարող են ներառել, ի թիվս այլնի, տեխնիկական աջակցություն, վերլուծություն և տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, աջակցություն քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կարողությունների զարգացման միջոցառումներ և համակարգային բարեփոխումների իրականացում քաղաքականության համապատասխան ոլորտներում:

Աջակցման միջոցառումների մաս կարող է լինել նաև իրազեկման և տեղեկատվական ներգործության գործողություններին աջակցությունը: Միևնույն ժամանակ, ներկայում եվրոպական կողմի հետ բանակցվում է համաձայնագիրը ևս 15 մլն եվրո բյուջետային աջակցությամբ համալրող նոր ֆինանսավորման համաձայնագրի նախագիծը, որը, համաձայն եվրոպական կողմից ստացված նախնական տեղեկատվության, կհաստատվի ս.թ. վերջին եռամսյակում:

Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է խթանել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ զուգահեռաբար աջակցելով ՀՀ կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, հատկապես, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ինտեգրման ուղղությամբ, մասնավորապես, առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման առումով:

Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. Բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։ Գործողության շրջանակներում նախատեսվում է Թվինինգ ծրագրերի իրականացում: Գործողությունն ուղղված կլինի Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ նպատակ ունենալով՝ աջակցելու ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը:

Հիմք ընդունելով առկա և ակնկալվող մարտահրավերները՝ այն ուղղված է բարեփոխումների կայունության և ԵՄ աջակցության որոշակիության ապահովմանը, մասնավորապես, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում: Գործողության համար հիմք է հանդիսանում ԵՄ տնտեսական և ներդրումային պլանը՝ որպես երկկողմ հարաբերություններում առանցքային բարեփոխումների խթանման և տնտեսության, էներգետիկ ու հաղորդակցության ուղիների կախվածության նվազեցման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր գործիք:

Գործողության շրջանակներում նախատեսվում է՝ Հայաստանին տրամադրել թիրախավորված ոլորտային, միջոլորտային և հորիզոնական աջակցություն՝ միաժամանակ արձագանքելով նոր, չնախատեսված և արագ փոփոխվող կարիքներին, մեղմել տեղահանված բնակչության ինտեգրման արդյունքում Հայաստանի սոցիալական պաշտպանության կառույցներում հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները՝ ընթացիկ և նախատեսվող բարեփոխումներին աջակցելու միջոցով, օժանդակել սոցիալական աջակցության և զբաղվածության ոլորտում ընթացիկ բարեփոխումներին՝ հաշվի առնելով դիմակայուն սոցիալական պաշտպանության համակարգի առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի բնակչության մոտ 3%-ը կազմող ավելի քան 100,000 բռնի տեղահանվածների ժամանման հետևանքով առաջացած պահանջարկը:

Նախատեսվում է աջակցել առողջապահական բարեփոխումներին՝ հասցեագրելու անվճար առաջնային բուժօգնության հասանելիության պահանջները, ինչպես նաև Հայաստանի ողջ տարածքում առողջապահական հաստատությունների ընդլայնմանն ու կատարելագործմանը: Հաշվի առնելով առողջապահության ոլորտում ընթացիկ օրենսդրական բարեփոխումների համատեքստում համընդհանուր առողջության ապահովագրության ծրագրի ներդրման ուղղությամբ Կառավարության նախաձեռնությունը՝ գործիքի շրջանակներում հնարավոր կլինի ուսումնասիրել և Հայաստանում ներդնել ԵՄ լավագույն փորձը:

Նախատեսվում է բարձրացնել ՀՀ կառավարության կարողություններն ընթացիկ բարեփոխումների գործընթացների և երկրի առանցքային ոլորտներում հետագա ներդրումների միջև սերտ փոխլրացման հնարավորությունները զարգացնելու միջոցով աջակցել սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ընդհանուր դիմակայունության ամրապնդմանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հիմնավորման համաձայն՝ 2008 թ. կոնվենցիան լրացվել է e-CMR լրացուցիչ արձանագրությամբ, որը բեռնափոխադրման ապրանքատրանսպորտային բեռնագրի էլեկտրոնային եղանակով կառավարման հնարավորություն է տալիս։ e-CMR արձանագրությունը ուժի մեջ է մտել 2011 թ. հունիսի 5-ին։ Արձանագրությանը միացել է 34 երկիր:

Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը (e-CMR) դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը, ապահովում է էլեկտրոնային եղանակով մաքսային ընթացակարգերի իրականացումը, նպաստում է լոգիստիկ ծառայությունների էֆեկտիվության և մրցակցության բարձրացմանը։ Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագրի կիրառումը նվազեցնում է տրանսպորտային կազմակերպությունների ծախսերը, արագացնում է վարչարարությունը, նվազեցնում է բեռնափոխադրումների ընթացքում հնարավոր անճշտությունները, դյուրացնում է վերահսկողությունը։ Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին։

Հավանություն է տրվել նաև «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների կողմից տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերի վրա մաքսային մարմինների կնիքները և դրոշմակնիքները դնելու կարգի մասին համաձայնագրի ստորագրման» առաջարկությանը: Արդյունքում նախատեսվում է սահմանել ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, ինչպես նաև խառը փոխադրումների ժամանակ տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերի վրա ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների կնիքների և դրոշմակնիքների դնելու կարգը: Այն կիրառվելու է այն ապրանքների նկատմամբ, որոնք մասնակից պետությունների մաքսային տարածքներով տեղափոխվում են մաքսային տարանցում ընթացակարգով, ինչպես նաև այն ապրանքների նկատմամբ, որոնց տեղափոխումը սկսվում և/կամ ավարտվում է ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներից դուրս: Համաձայնագրի նպատակն է ապահովել ոլորտում խախտումների և մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը: