Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան:

Ըստ Հանրապետության նախագահի աշխատակազմի հաղորդագրության` գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է արտադրամասերով, ծանոթացել ընկերության գործունեությանը, տեխնոլոգիական հնարավորություններին և արտադրության պայմաններին:

Շրջայցի ավարտին Հանրապետության նախագահն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել գործարանի տնօրինության հետ: Քննարկվել են ընկերության զարգացման հնարավորությունները, առկա մարտահրավերներն ու վերջիններիս լուծման ուղիները: Անդրադարձ է կատարվել գործարանի առաջիկա նախաձեռնություններին և ծրագրերին: Հանրապետության նախագահն ընդգծել է խոշոր արդյունաբերական ձեռնարկության բնականոն գործունեության կարևորությունը:

Այնուհետև նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»: Հանրապետության նախագահը շրջել է ֆաբրիկայի արտադրամասերով և ծանոթացել ոսկյա և արծաթյա զարդերի արտադրության ամբողջական ցիկլի գործընթացին՝ սկսած ձուլակտորների մշակումից մինչև վերջնական արտադրանքի ստացում: Նախագահն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ֆաբրիկայում կիրառվող էկոլոգիական պաշտպանության համակարգերին և նորագույն տեխնոլոգիական լուծումներին:

«Երևանի ոսկերչական ֆաբրիկա» այցելությունից հետո նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, որտեղ աշխատանքային քննարկում է ունեցել ընկերության տնօրինության հետ:

«Սինոփսիս Արմենիա»-յի տնօրեն Հովիկ Մուսայելյանը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել կազմակերպության ընթացիկ ծրագրերի և գործունեության վերաբերյալ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության և հարակից ոլորտներում ընկերության ձեռքբերումներին և հաջողություններին, ինչպես նաև քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը կարևորվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների և հայաստանյան բարձրագույն կրթական հաստատությունների գործառնական համագործակցությունը և մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնումը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Ռուսալ Արմենալ», «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» և «Սինոփսիս Արմենիա» ընկերություններ կատարած շրջայցերի արդյունքներն ամփոփել է համառոտ ճեպազրույցով:

«Առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում հատկապես վերամշակող արդյունաբերությանը և արդյունաբերության մեջ վերամշակող արդյունաբերության տեսակարար կշռին: Համաձայն հունվար-փետրվար, հունվար-մարտ ժամանակահատվածի թվերի՝ այդ բնագավառում 30 տոկոս տնտեսական աճ է եղել: Այդ արդյունաբերության մեջ տնտեսական աճի հիմնական ապահովող ճյուղը ոսկերչությունն ու ադամանդագործությունն է: Նաև կարևոր է արտադրական կարողությունների նկատմամբ հետաքրքրությունը, թե ինչքանով ենք մենք պայմաններ ստեղծել տնտեսության մեջ, որպեսզի ներդրումներ կատարվեն հենց կոնկրետ արտադրության մեջ», - նշել է նախագահը:

Ի թիվս այլ հարցերի նախագահն անդրադարձել է նաև Տավուշում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին:

«Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ եթե կա պետություն, պետությունը պետք է ունենա սահմաններ, և այդ պետության ապագան կախված է լինելու նրանից, թե հարևանների հետ սահմաններն ինչքանով են ճշգրտված։ Հակառակ դեպքում միշտ վտանգ կա, այդ վտանգը պետք է չեզոքացնել։ Ոչ թե պետք է սպասել և այդ վտանգը չեզոքացնել այն ժամանակ, երբ այն իրականում արդեն կա, այլ այն ժամանակ, երբ դա չկա, պասիվ վիճակում է», - մասնավորապես ասել է նախագահը:

Նախագահը նշել է, որ շատ դեպքերում իշխանությունը չի կարող բանակցային գործընթացից մանրամասներ ներկայացնել սահմանազատման հատվածում գտնվող գյուղերի բնակիչներին, քանի որ դա կարող է խանգարել վերջնական լուծմանը։

«Բայց վստահեցնում և հավատացնում եմ, որ մենք շատ ավելի շահագրգռված ենք և պատասխանատվություն ենք կրում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Եվ մեզ համար ամենակարևորն այն մարդկանց անվտանգությունն ապահովելն է, որոնք ապրում են այդ գյուղերում», - ասել է Վահագն Խաչատուրյանը։

«Նախկինում, ցավոք սրտի, մենք խնդիրները թողնում էինք ապագային և նույնիսկ հրապարակային էինք այդպես հայտնել մի քանի անգամ։ Հայտնի մի այսպիսի թեզ կար, երբ խոսքը վերաբերում էր Ղարաբաղի խնդրի չլուծմանը՝ «100 տարի էլ կարող ենք այսպես ապրել»։ Տեսանք, որ 100 տարի չի լինում այդպես ապրել, որովհետև ժամանակները, իրավիճակները փոխվում են, և այն, ինչ այսօր կարելի է անել, վաղը չենք կարող։ Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել։ Հիմա եկել է ժամանակը, և մենք գնալու ենք այդ ուղղությամբ», - ասել է նախագահը՝ քաղաքացիներին հորդորելով վստահել իշխանության գործողություններին և չտրվել այն սադրանքներին, որոնք շատ դեպքերում նպատակ ունեն նրանց զգացմունքների վրա խաղալ և իրականությանը չեն համապատասխանում։