Արագածոտնի մարզում տեղի է ունեցել հայկական ժամանակակից շարժական չորանոցի և արևային կայանների բացման արարողությունը

Արագածոտնի մարզում տեղի է ունեցել հայկական ժամանակակից շարժական չորանոցի և արևային կայանների բացման արարողությունը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը դեկտեմբերի 6-ին այցելել են Արագածոտնի մարզ՝ «Արեգի» չիր արտադրող ընկերության գործունեությանն ու պետաջակցության ծրագրերի շրջանակում վերազինման գործընթացին ծանոթանալու նպատակով։

Շրջայցի ընթացքում Վահան Քերոբյանն ու Արման Խոջոյանը մասնակցել են ժամանակակից շարժական չորանոցի բացման արարողությանը։ Ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանի խոսքով, չորանոցն ամբողջությամբ նախագծված ու արտադրված է Հայաստանում և աննախադեպ է իր տեխնոլոգիական լուծումներով։ Չորանոցն իրենից ներկայացնում է ծովային կոնտեյներ, որի վրա տեղակայված են վերականգնվող էներգիայի և էներգախնայողական տարբեր տեխնոլոգիաներ։ Տանիքին տեղադրված է արևային ջրատաքացման համակարգ, ներսում՝ ջերմային պոմպ և էլեկտրական տաքացուցիչներ, տարողությունը՝ մինչև 10 տոննա թարմ միրգ։ Մեկ չորանոցը կարող է արտադրել տարեկան 50-ից 100 տոննա չիր։

Հայկ Հարությունյանը տեղեկացրել է, որ շուտով կսկսվի այսպիսի չորանոցների հոսքագծային արտադրությունը։

Ընկերության համահիմնադիրներ Հայկ Հարությունյանի և Արմեն Ղարիբյանի ուղեկցությամբ՝ նախարարը եղել է նաև նորագույն սարքավորումներով վերազինված չրերի արտադրության և փաթեթավորման արտադրամասերում, ծանոթացել այստեղ ներդրված սարքավորումներին։ Գործունեության ընդլայնման և վերազինման նպատակով ընկերությունն օգտվել է նաև գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերից։

Այնուհետև ընկերությունում նախարարը մասնակցել է 6100 կՎտ դրվածքային հզորությամբ «Բարև Արև-1» արևային ֆոտովոլտայիկ կայանի բացման արարողությանը։ Կայանը հագեցած է արևին հետևող համակարգով, պտտվող համակարգերը զինված են արհեստական բանականությամբ, ավանդական կամ ֆիքսված կոնստրուկցիաների հետ համեմատ՝ ներդրված կայանը արտադրում է 30-40% ավել էլեկտրաէներգիա։

«Բարև Արև-1» կայանից 3 կմ հեռավորության վրա հիմնվել է գրեթե նույն հզորությամբ «Բարև Արև-2» կայանը։

«Գովելի է, որ հայկական չիր արտադրողները զբաղվում են ոչ միայն չրերի արտադրությամբ, այլև չրագործական նոր տեխնոլոգիաների ստեղծմամբ։ Մենք պատրաստ ենք օժանդակել նմանատիպ ընկերություններին՝ վաճառել իրենց արտադրանքն ու տեխնոլոգիաները թե՛ ներքին և թե՛ արտաքին շուկաներում», - ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է Վահան Քերոբյանը։