«Յուրաքանչյուր արցախցի գտնվում է պետության հոգածության ներքո». Մանե Թանդիլյանի հարցազրույցը սոցիալական խնդիրների շուրջ

«Յուրաքանչյուր արցախցի գտնվում է պետության հոգածության ներքո». Մանե Թանդիլյանի հարցազրույցը սոցիալական խնդիրների շուրջ

«Արցախպրես»-ի թղթակիցը այս և այլ հարցերի շուրջ զրուցել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանի հետ:

-Տիկի՛ն Թանդիլյան, նախ շնորհավորում ենք Ձեզ՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը՝ ի՞նչ տեսլականով եք ընդունել Ձեզ վստահված լիազորությունները:

-Նախարարի պաշտոնը ստանձնել և համաձայնվել եմ աշխատել շատ մեծ պատասխանատվությամբ, որովհետև հստակ գիտակցում եմ այն աղետալի իրավիճակը, որում հայտնվել է մեր հայրենիքը: Ես հասկանում եմ, որ այստեղ կան բազմաթիվ լուծելի, իսկ երբեմն էլ անլուծելի թվացող խնդիրներ: Սակայն իրականությունն այն է, որ խնդիրներ կան, որոնք թեպետ և կարող են թվալ անլուծելի, բայց դրանք ընդամենը ժամանակի, համբերատարության և հետևողականության հետ են կապված: Առաջնահերթ առկա խնդիրները վերաբերում են մարդկանց կացարան տրամադրելուն և առնվազն ժամանակավորապես բնակարանային պայմանների ապահովմանը, քանի որ առջևում ձմեռ է, իսկ նոր շինարարությանը ժամանակ պետք է հատկացնել: Հետևաբար, հրատապ է ուղղակի լուծել անօթևան մնացած մարդկանց տանիքի հարցը: Ակնհայտորեն դրանից բխում են այդ մարդկանց պարենային, հագուստի և տաքացման հետ կապված հարցերը:

Ներկայումս ՀՀ կառավարության կողմից Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվում է միանվագ աջակցություն (68+15 հազար դրամ), որը միտված է արցախցիներին ժամանակավոր օժանդակություն ցուցաբերելուն: Ընթացքի մեջ է նաև Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին միանվագ աջակցություն տրամադրելու ծրագիրը (300 հազար դրամ): Հաջորդիվ կմեկնարկի սոցիալական աջակցման 1 այլ ծրագիր, որով այն մարդիկ, որոնց բնակարաններն ամբողջությամբ վնասվել են, կստանան 250 հազար դրամի չափով փոխհատուցում: Քննարկվում է նաև վարձակալության փոխհատուցման ծրագիրը, սակայն միաժամանակ հասկանալի է, որ նվազում է վարձակալման ենթակա բնակելի տների թիվը, հետևաբար, չնայած ծրագիրն ընթացքի մեջ է, բայց մարդկանց բնակարաններով ապահովման խնդիրն առկա է: Ամեն պահի գնահատվում են բոլոր քաղաքացիների կարիքները, որպեսզի կարողանանք օգնությունը տրամադրել հասցեական: Շատ բարդ է գտնել և տեղայնացնել մարդկանց, ուստի պետք է ձևավորել բազա, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց անհատական կարիքների մասին կա հոգածություն:

-Այս պահի դրությամբ քանի՞ քաղաքացի է վերադարձել Արցախ, և անօթևան մնացածներից քանիսի՞ կեցության հարցն է լուծվել:

-Վերադարձի խնդիրը առկա է, քանի որ մարդիկ վերադառնում են, գրանցվում են որպես վերադարձող, սակայն երբեմն լինում են դեպքեր, որ նրանք կամ հետ են գնում, կամ գալիս են անձնական մեքենաներով, որի դեպքում հնարավոր չէ գրանցել: Մոտավոր հաշվարկով և տարբեր գերատեսչություններից ստացած տեղեկատվությունները համադրելով՝ մենք ունենք պատկեր, ըստ որի Արցախ է վերադարձել մոտ 40 հազար քաղաքացի: Դրանց մոտ 30%-ը անօթևան մնացած ընտանիքներն են, որոնք տեղակայվում են ինչպես իրենց հարազատների բնակարաններում, այնպես էլ տուն-ինտերնատներում, հյուրանոցներում և վարձակալած բնակարաններում:

-Տիկի՛ն նախարար, սոցիալական աջակցության ծրագրերին դիմելիս առաջանում են բազմաթիվ խնդիրներ՝ կապված այն հանգամանքի հետ, որ, օրինակ, հայտերը ներկայացնելիս մի շարք բնակավայրերի դեպքում ցույց չի տալիս, որ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ (խոսքը վերաբերում է Ներքին Ճարտար բնակավայրին, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, Բերձոր քաղաքին, որտեղ փաստացի բնակություն չկա, Թաղավարդ համայնքին, որի կեսը փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ է և այլ բնակավայրերի):

Մեկ այլ խնդիր կապված է այն հանգամանքի հետ, որ անչափահասների պարագայում պետք է լրացնել ծնողի տվյալները, իսկ այս դեպքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները չեն կարող օգտվել: Արդյո՞ք հնարավոր չէ վերանայել ծրագրին դիմելու մեխանիզմները:

-Շնորհակալ եմ հարցի համար, քանի որ շատ կարևոր խնդիր եք բարձրացնում: Իրականում այդ ցանկերը և որոշումը հաստատվել է ՀՀ-ում, և այդ ճշգրտումներն արվել են ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության և նույնիսկ ՀՀ նախագահի աշխատակազմի հետ: Փաստացի մենք պետք է հաստատում ունենանք, թե որ բնակավայրերն են մեր տարածքում, և սա ավելի շատ տվյալ գերատեսչությունների համադրման խնդիր է, քան թե սոցիալական օժանդակություն չտրամադրելու: Ակնհայտ է, որ հենց այդ բնակավայրերը հայտնվեն ցուցակում, ինչը կլինի մեզ համար ելակետ՝ սոցիալական աջակցություն ապահովելու համար, ապա անկախ ժամանակահատվածից, մենք անմիջապես ձեռնամուխ կլինենք գործընթացն իրականացնելու համար: Ինչ վերաբերում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների գրանցմանը, տեխնիկական մասով ես կհետաքրքրվեմ, քանի որ երեխան պետք է օգտվի ծրագրից ու անկախ նրանից, ունենք նմանատիպ իրավիճակ, թե ոչ, ակնհայտորեն առանձին դեպքերի համար կգտնենք լուծում և համապատասխան հատկացումները կկատարվեն:

-«Արցախփոստ» ընկերության դիմաց ամեն օր հարյուրավոր քաղաքացիներ կանգնում են հերթերում: Արդյո՞ք հնարավոր չէ վերանայել աջակցության տրամադրման սխեման՝ հերթերից խուսափելու համար:

-«Արցախփոստ» ընկերությունն այսօր աշխատում է իր ամբողջ ծավալով: Առայժմ քաղաքացիներին սպասարկում են Ստեփանակերտում գործող 7 մասնաճյուղերը. առաջիկա օրերին դրանց համակարգչային հնարավորությունները կավելացվեն և 7 մասնաճյուղից հնարավոր կլինի սպասարկել 13 կետով: Ի դեպ, այսօրվանից կգործի նաև Ասկերան քաղաքի մասնաճյուղը, ինչ վերաբերում է Մարտակերտ և Մարտունի շրջկենտրոններին, տեղեկացնեմ, որ, համացանցի կարգավորմանը զուգահեռ, կգործեն նաև այդ մասնաճյուղերը: Կարող եմ հստակ նշել, որ չի լինելու իրավիճակ, որ որևէ քաղաքացու կարգով սահմանված օժանդակություն հասնի, սակայն նա չստանա:

-Տիկի՛ն Թանդիլյան, նախարարության տիրույթում է գտնվում նաև աշխատանքի և զբաղվածության գործակալությունը: Իրականացվու՞մ է գործազուրկների հաշվառում, և այս առումով ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում:

-Ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ հիմա, իրականացվում է գործազուրկների հաշվառում: Բնականաբար, ներկայումս այդ թիվը ավելի մեծ է, սակայն քանի դեռ շատերը չեն վերադարձել, պատկերը ամբողջական չէ: Շատ կարևոր է, որպեսզի ոչ թե մարդկանց հավաքագրենք ու գրանցենք, այլ ունենանք աշխատատեղերի ստեղծման հնարավորություն: Եվ որպեսզի Արցախում ստեղծվեն աշխատատեղեր, պետք է լինեն խթանիչ հանգամանքներ, իսկ պայմանները դառնան այնքան գրավիչ, որ բիզնեսը ինքը գա Արցախ: Այս առումով Նախագահ Հարությունյանի հետ ունենք պայմանավորվածություններ, որոնք, մեր գնահատմամբ, կարող են խթան հանդիսանալ և աջակցել գործատուներին, ինչպես նաև պայմաններ ստեղծել նորերի գալու համար:

Նշեմ նաև, որ ներկայումս մեր բոլոր ծրագրերը գտնվում են վերանայման փուլում: Դրանց շարունակման նպատակահարմարությունը մենք անպայման կդիտարկենք: Իհարկե, կան հետարքրքիր ծրագրեր, որոնց շրջանակը պետք է ընդլայնվի, հատկապես՝ բնակարանային ապահովմանը, վարձատրության փոխհատուցմանը, ինչպես նաև փախստականներին միջոցների տրամադրմանը վերաբերող:

-Անդրադառնանք նաև բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, որը նախքան պատերազմը պետք է վերակազմավորվեր: Ի՞նչ փուլում է գործընթացը՝ հաշվի առնելով, որ պատերազմի արդյունքում բազմաթիվ զինծառայողներ ձեռք են բերել վիրավորում, և նրանց պետք է հաշմանդամության կարգ տրամադրվի:

-Նշեմ, որ հենց նախօրեին հանձնաժողովի նորանշանակ ղեկավարին հանձնարարել եմ վերակազմակերպել գործակալության գրասենյակը և զբաղվել մասնագետների հրավիրման հարցերով, որպեսզի որակապես նոր ծառայություն կարողանանք ապահովել: Ի դեպ, այն մարդիկ, ովքեր այս ընթացքում դիմել էին, սակայն ակնհայտ պատճառներով նրանց կարգը չի տրամադրվել, իրենց դիմումի օր կհամարվի այն օրը, երբ իրենք դիմել էին գործակալությանը:

-Կցանկանայի՝ խոսեիք նաև Ստեփանակերտի տուն-ինտերնատում բնակվող տարեցների և գիշերօթիկ հաստատությունների սաների մասին: Պատերազմի ընթացքում որտե՞ղ էին նրանք տեղափոխվել, և ներկայումս վերադարձե՞լ են Արցախ:

-Պատերազմի ընթացքում տարեցները տեղափոխվել են Երևանի Նորք և Չորրորդ գյուղում գտնվող տուն-ինտերնատներ, որտեղ բնակվում են մինչ այժմ, քանի որ Ստեփանակերտի տուն-ինտերնատը տրամադրվել է անօթևան մնացած քաղաքացիներին, հետևաբար այս պահին վերադարձի հնարավորություն չենք կարող ապահովել, քանի դեռ նրանք այնտեղ նույնպես կացարան ունեն:

Ինչ վերաբերում է գիշերօթիկ հաստատությունների սաներին, նշեմ, որ նրանք գտնվում են Երևանի «ՍՕՍ-մանկական գյուղեր»-ում, որտեղ ապահովված են ամեն ինչով: Գիշերօթիկ հաստատություններից մեկը, որը գտնվում էր Բերձորում, այլևս չի գործելու: Շատ կարևոր է, որ մեր երեխաները ապրեն ընտանիքներում, և ինձ համար առաջնահերթություն է, որպեսզի նրանք վերադառնան իրենց կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ, և ես մտածում եմ, որ նրանց միանգամից տեղափոխեն կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ:

-Եվ վերջում՝ հումանիտար աղետը ի՞նչ ռիսկեր է պարունակում, ու ին՞չպիսի ելքեր եք տեսնում:

-Իրականում այսօր Արցախը կանգնած է հումանիտար աղետի առաջ, և պարենային ապահովման, կենցաղային տարատեսակ պայմանների բացակայության առկայությունը, ցավոք սրտի, հաճախ դրդում է քաղաքացիներին տեղափոխվել այլ վայրեր, իսկ երբեմն՝ անվերադարձ: Ես ակնկալում եմ միջազգային հանրության մասնակցությունն Արցախում, քանի որ առկա իրավիճակը պետք է տեսնել, սեփական աչքերով գնահատել ու աշխատել հենց տեղում: Տրամադրվող օժանդակությունները պետք է լինեն հասցեական, քանի որ հուսալքության պատճառով մարդիկ կարող են հեռանալու որոշում կայացնել, որն ինձ համար ամենացավալին է, և ես անելու եմ ամեն հնարավորը, որպեսզի մարդիկ իմանան, որ ԱՀ և ՀՀ կառավարությունները կգործադրեն բոլոր ջանքերը, որ Արցախը լինի ամենաապահով և ամենալավ ապրելու վայրը:

Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի

Աղբյուրը՝ artsakhpress.am