ԱՄՆ-ի կողմից հավանական պատժամիջոցների ֆոնին թուրքական լիրան 2-րդ օրն անընդմեջ անկում է ապրում

ԱՄՆ-ի կողմից հավանական պատժամիջոցների ֆոնին թուրքական լիրան 2-րդ օրն անընդմեջ անկում է ապրում

Թուրքական լիրան դոլարի համեմատ արժեզրկվել է այն բանից հետո, երբ Reuters գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ռուսական С-400 համակարգերի գնման համար պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ: Այս մասին գրում է Ahval հրատարակությունը:

Ստամբուլում ճաշի ժամին լիրան ընկել էր 1,2 տոկոսով ՝ մեկ դոլարի դիմաց 7,98 լիրա: Հինգշաբթի այն ընկել էր մոտ 1 տոկոսով, երբ Reuters-ը հայտնել էր, որ պատժամիջոցները կարող են սահմանվել արդեն այս շաբաթ:

Թրամփը փոխում է Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականության ուղղությունը այն բանից հետո, երբ մերժում էր Կոնգրեսի առաջարկները և հրաժարվում էր պատժամիջոցներ սահմանել ՆԱՏՕ-ի անդամ երկրի դեմ: Նա բավականին ջերմ հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Անհայտ աղբյուրները հայտնել են, որ պատժամիջոցները, որոնք կարող են սահմանվել արդեն այսօր` դեկտեմբերի 11-ին, ուղղված կլինեն Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահությանը և մասնավորապես դրա տնօրեն Իսմայիլ Դեմիրին: Դրանք վնասակար կլինեին, բայց ավելի թույլ, քան այն խիստ պատժամիջոցները, որոնք պահանջում են ԱՄՆ որոշ քաղաքական գործիչներ:

Ամերիկացի հովվապետին ահաբեկչության մեղադրանքով ձերբակալելու համար 2018-ի ամռանը Թուրքիայի նկատմամբ կիրառված ամերիկյան պատժամիջոցները տնտեսությունը վերածել են արժութային ճգնաժամի: Դրանից հետո տեղի էր ունեցել ցավալի անկում:

Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:

Աղբյուրը՝ tert.am