Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքվել է հաշտության չորս համաձայնություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքվել է հաշտության չորս համաձայնություն

Կառավարությունն ընդունել է «Գույք ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է արդեն իսկ պետական սեփականություն հանդիսացող թվով 4 անվանում անշարժ և 1 անվանում շարժական գույքն ամրացնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե: Այս տարվա ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականությանն է փոխանցվել 6 անշարժ և մեկ շարժական գույք, որոնց ընդհանուր արժեքը՝ շուկայական մոտարկված արժեքը, 2 մլրդ 100 մլն դրամ է, ինչպես նաև ՀՀ-ին է վերականգնվել շուրջ 79 մլն դրամ: Ինչպես նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, նշված գույքերից 5-ի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծում նշված անշարժ գույքերի ցանկում են ՀՀ 3-րդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված՝ Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից 3 հողատարածքները:

 «Հողատարածքների չափերն են՝ 21 498.9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս, 34.76 քմ մակերեսով հասարակական տարածք: 1687.9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս և 237.9 քմ մակերեսով հասարակական տարածք, երրորդը՝ 14 260.9 քմ մակերեսով հողամաս և 25.6 քմ մակերեսով տարածք: Կառավարության որոշման նախագծում նշված մյուս մեկ անշարժ գույքը՝ ավտոտնակը և մեկ շարժական Rangrover մակնիշի տրանսպորտային միջոցը, պատկանել են Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը՝ ընդգծելով, որ ևս մեկ անշարժ գույքի նկատմամբ ՀՀ-ի սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում: