Ինչու է էժանանում դոլարը

Ինչու է էժանանում դոլարը

Վերջին օրերին ամերիկյան դոլարը շարունակում է դանդաղ արժեզրկվել։ Եթե մեկ շաբաթ առաջ բանկերից ամերիկյան մեկ դոլարը կարելի էր ձեռք բերել 504-505 դրամով, ապա այսօր հայաստանյան բանկերում և փոխանակման կետերում դոլարը վաճառվում է 475.9-477 դրամով։

Նշենք, որ դոլարի փոխարժեքի նվազման՝ դրամի արժևորման միտումը նկատվում էր արդեն ապրիլ ամսից։

Տնտեսագետ Հայկ Մնացականյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ երկու հիմնական գործոն կա, որոնք ազդում են դրամ-դոլար փոխարժեքի տատանման վրա։ Մեկը արտաքին գործոններն են, մյուսը՝ ներքին։

Արտաքին գործոնն, ըստ նրա, կապված է միջազգային շուկաներում ռեսուրսների գների թանկացման հետ։ Մասավորապես՝ վերջին շրջանոմ նկատվում է գազի, նավթի գների կտրուկ աճ՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին. «Արդյունքում՝ միջազգային շուկաներում գազի կամ նավթի համար վճարվող դոլարն արժեզրկվել է»։

Նշենք, որ Արևմուտքի պատժամիջոցներ սահմանելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը կքննարկի ոչ բարեկամական երկրների կողմից գազային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների չկատարումը, եթե նրանք ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն։ Նա նշել էր, որ ռուսական բնական գազ գնելու համար այդ երկրները պետք է ռուբլով հաշիվներ բացեն ռուսական բանկերում։

«Բնականաբար, գազը ռուսական ռուբլով գնելու փոփոխությունն ազդելու է համաշխարհային տնտեսության վրա, այդ թվում՝ կբերի դոլարի արժեզրկման»,- ընդգծեց նա։

Հայկ Մնացականյանն արտաքին գործոններից նաև նշեց այն, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ՌԴ-ն արտաքին առևտրի դեպքում աստիճանաբար հրաժարվում է արտարժույթով գործարքներից և անցում է կատարում ռուբլու, իսկ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը Ռուսաստանն է։

Ինչ վերաբերում է ներքին գործոններին, տնտեսագետը առանձնացրեց Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունը, մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը։

«ԿԲ-ն տեսնում է բավականին լուրջ գնաճային միտումներ և դրանք զսպելու համար վարում է այնպիսի քաղաքականություն, որն իր հերթին նաև ազդում է դրամի արժևորման վրա»,- ասաց Հայկ Մնացականյանը՝ հավելելով, որ դոլարի արժեզրկման կարևոր գործոնները դրանք էին, իսկ մնացածն, ըստ էության, այդքան էլ մեծ ազդեցություն չունեն։

Նշենք, որ ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 14:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմում է 466.47 դրամ՝ նվազելով  1.35 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 468 դրամ է, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 474 դրամ:

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմել է 5.30 դրամ՝ ապրիլի 11-ի համեմատ արժեզրկվելով 0.06 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 5.93 դրամ է։

Աղբյուրը՝  www.panorama.am