Աշխատանքային փորձի ձեռքբերման ծրագիր՝ 2020 թ․ պատերազմի մասնակիցների ու արցախցիների համար

Աշխատանքային փորձի ձեռքբերման ծրագիր՝ 2020 թ․ պատերազմի մասնակիցների ու արցախցիների համար

2020 թ․ պատերազմի մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների անդամների և պատերազմի հետևանքով ՀՀ-ում բնակվող արցախցիների (ԱՀ այն քաղաքացիներն, ովքեր հաշվառված են եղել Արցախի Հանրապետության վերահսկողության տարածքից դուրս մնացած համայնքներում և այժմ բնակվում են Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում) վերապատրաստումների, աշխատանքային փորձի ձեռքբերման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի միջև փոխգործակցության հուշագիր է ստորագրվել։ Այս մասին հայտնում են ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ըստ այդմ, կողմերը կհամատեղեն ջանքերը շահառուների շրջանում նոր հմտությունների ձևավորման, աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման և աշխատանքի տեղավորման ուղղությամբ:

Հուշագրի շրջանակում, նախարարությունը հանձն է առել վերոնշյալ մարզերի Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոնների միջոցով հստակեցնել նախագծին մասնակցել ցանկացող գործատուների և շահառուների ցանկը, կազմակերպել դիմում-հայտերի ընդունման և մշակման գործընթացը։

Հիմնադրամը պարտավորվել է յուրաքանչյուր շահառուի վճարել ամսական 100,000 դրամ աշխատավարձ (ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները), իսկ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետի համար գործատուին վճարել 34,000 դրամ։