Արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններԱպարանում և Արթիկում կառուցվել են

Արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններԱպարանում և Արթիկում կառուցվել են

Շիրակի մարզի  Արթիկ համայնքում կայացած  «ԵՄ կայուն էներգետիկայի օրերով» ապրիլի 30-ին ամփոփվել է «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի  քառամյա ծրագիրը, որի շրջանակներում, հանրապետության երկու համայնքներում՝ Ապարանում և Արթիկում, կառուցվել են արևային  ֆոտովոլտային էլեկտրակայաններ։

Եվրոպական միության «Քաղաքապետների դաշնագրի նախագծերի»  դրամաշնորհային այդ ծրագիրը իրականացվել է  «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» և «Համայնքների միություն»  հասարակական կազմակերպությունների կողմից։

Միջոցառումների մեկնարկը Կայուն էներգիայի տեխնոլոգիաների Էքսպո- ցուցահանդեսն էր, որի նպատակն էր Արթիկի և հարակից համայնքների սպառողներին ներկայացնել արևային  էներգիայի ոլորտում հաջողված փորձը,  տեղեկացնել ու ցուցադրել Հայաստանում հասանելի ժամանակակից կայուն էներգիայի տեխնոլոգիաները:

Ցուցահանդեսին մասնակցել են Հայաստանի արևային էներգետիկայի շուկայի տասներկու ընկերություններ, որոնք ներկայացրել են էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի տարբեր տեխնոլոգիական լուծումներ, արտադրանք և ծառայություններ:

«ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի իրականացման արդյունքում Ապարանի համայնքապետարանի ու մշակույթի տան հարակից տարածքներում կառուցվել են՝ համապատասխանաբար 22 և 11 կՎտ հզորությամբ երկու ինքնավար արևային  ֆոտովոլտային կայաններ, որոնք աշխատում են Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում և ապահովում են էլեկտրաէներգիայի և դրամական միջոցների զգալի խնայողություն համայնքի համար։ Այդ կայանները տարեկան կարտադրեն մոտ 45ՄՎտ․Ժ էլեկտրաէներգիա, ինչ հնարավորություն է կտա համայնքին տնտեսել  տարեկան 1,5 մլն դրամ։ Դրանից բացի, տարեկան 23 տոննայով կկրճատվեն CO₂  արտանետումները։ Ապարանի կայանները կառուցել է կառուցել է «Ֆրիներջի»  ընկերությունը։

Արթիկում կառուցված 600 կՎտ պիկային դրվածքային հզորությամբ արևային կայանը՝ առաջին համայնքային, համակարգային լիցենզավորված կայանն է Հայաստանում, որը տարեկան կարտադրի 1334 ՄՎտ․ժ էլեկտրաէներգիա, ինչը հնարավորություն կտա համայնքին  Հայկական էլեկտրական ցանցերին տարեկան վաճառել  ավելի քան 30 միլիոն դրամի  էլեկտրաէներգիա։ Ծրագրի արդյունքում Արթիկում  CO₂  արտանետումները  տարեկան կկրճատվեն  570 տոննայով։ Արթիկի կայանը  կառուցել է  «Էկովիլ» ընկերությունը, շահագործելու է «Արթիկ արևային կայան» ՀՈԱԿ-ը։ Ծրագիրն ունի կարևոր առանձնահատկություն․ խնայողություններն ու եկամուտները կկուտակվեն  Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող «ԿՈՄՈ»  շրջանառու հիմնադրամում և կներդրվեն բացառապես տվյալ համայնքների վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային աջակցության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին նշել է, որ «Քաղաքապետերի դաշնագրի» շրջանակներում ԵՄ-ն օգնում է Հայաստանի տեղական իշխանություններին իրականություն դարձնել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների կրճատման իրենց հավակնությունները: Ապարանում համայնքային երկու շենքերի հարևանությամբ տեղադրված ցանցի հետ զուգահեռ փոխհաշվարկի ռեժիմում աշխատող 33 կՎտ գումարային հզորությամբ արևային ինքնավար կայանները և Արթիկի 600 կՎտ պիկային հզորությամբ լիցենզավորված արևային էլեկտրակայանը ցուցադրում են ԵՄ-Հայաստան համատեղ տեսլականը՝ քաղաքներն ածխաթթու գազից մաքրազերծելու և դիմակայուն դարձնելու համար, որտեղ քաղաքացիներին հասանելի կլինի անվտանգ, կայուն և մատչելի էներգիա: 

Քաղաքապետերի դաշնագրի-Արևելք ծրագրի ազգային համակարգող  Արտեմ Խարազյանը նշել է, որ Արթիկում և Ապարանում իրականացված ԵՄ Քաղաքապետերի դաշնագրի ցուցադրական ներդրումները, Երևանի, Սպիտակի և Վայքի հետ համատեղ հայկական բոլոր համայնքների համար ուսանելի օրինակ են հանդիսանում՝ ստեղծելով կրկնօրինակելի լուծումներ Համայնքային կայուն էներգետիկ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Էներգախնայողության աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն Աստղինե Պասոյանի խոսքով ծրագիրը կարևոր է նաև այն առումով, որ Հայաստանը էներգետիկ անվտանգության տեսանկյունից այլընտրանք չունի՝ վերականգնվող էներգետիկայից բացի։ Հայաստանի բոլոր համայնքներում միշտ պակասում են ֆինանսական միջոցները, իսկ այս և նմանատիպ նախաձեռնությունները կանաչ, մաքուր, հուսալի, արևային էներգետիկան, մեր անսպառ, տեղական էներգետիկ ռեսուրսը ծառայեցնում են համայնքային բյուջեի առողջացմանը,  կանաչ տնտեսությունների զարգացմանը։

Նշվում է, որ Ապարանում և Արթիկում հաջողությամբ իրականացված այս ծրագիրը լավագույն օրինակ  է մյուս համայնքներում ևս արևային համակարգերում ներդրումներ կատարելու համար, քանի որ արևային էներգիան ոչ միայն նպաստում է երկրի էներգետիկ անվտանգությանն ու կլիմայի փոփոխության դեմ պայքարին, այլև ֆինանսական միջոցներ է ստեղծում համայնքի տնտեսական առողջացման համար։

Աղբյուրը՝ armenpress.am