Եթե լրացուցիչ գործիքակազմ կիրառելով ավելացնենք ևս 10 000 մասնագետ Հայաստանում, ապա ՀՆԱ-ն կավելանա 400 մլն դոլարով

Եթե  լրացուցիչ գործիքակազմ կիրառելով ավելացնենք ևս 10 000 մասնագետ Հայաստանում, ապա ՀՆԱ-ն  կավելանա  400 մլն դոլարով

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ վերջին երկու ամսում Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից մասնագետներ և ընկերություններ են տեղափոխվել Հայաստան՝ ապրելու և աշխատելու: Քանի՞  ընկերություն է գրանցված բարձր տեխնոլոգիաների ոլորտում և ի՞նչ նորարարություններ են բերել Հայաստան: Թեմայի շուրջ «Տնտեսական լրագրողների ակումբի» թղթակից Գոհար Ստեփանյանի հարցազրույցը  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի հետ:

 -Պարոն Չոբանյան, Հայաստան տեղափոխված բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ռուսական, բելառուսական և ուկրաինական  քանի՞ ընկերություն է բացվել և ո՞ ր ոլորտներում են ծառայություններ մատուցում:

-Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, 1000 անհատ ձեռնարկատեր և 300 սահմանափակ պատասխանատվության ընկերություն է բացվել Հայաստանում, որոնց 90 տոկոս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են: Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից Հայաստան տեղափոխված ընկերությունների և մասնագետների զգալի մասը  հենց ՏՏ ոլորտն են ներկայացնում և նրանք Հայաստան են տեղափոխվել հիմնականում ընտանիքներով:

Այդ ընկերությունները  ՏՏ ոլորտի տարբեր ձեռնարկություններ են ներկայացնում, զգալի է խոշոր ընկերությունների, նաև միջազգային ընկերությունների ներկայացուցչությունների ներկայացվածությունը: Բացվել են նաև փոքր ընկերություններ: Հայաստան տեղափոխված առանձին մասնագետներ աշխատանքի են անցել հայկական տեխնոլոգիական  ընկերություններում:

-Ի՞նչ հնարավորություն է տալիս հայկական ՏՏ ոլորտին նման կադրային  ներհոսքը:

- Ռուսական, բելառուսական և ուկրաինական ընկերությունների, մասնագետների տեղափոխումը Հայաստան յուրահատուկ հնարավորություն է մեր տնտեսության և ընդհանարապես, անվտանգության համար ևս: Հայաստանը նմանը չունեցող տնտեսական ներգաղթի հնարավորություն է ստացել, որը առանձնակի ռազմավարական նշանակություն ունի հայկական սփյուռքի հնարավոր ներգրավման տեսանկյունից  ևս, որը միշտ եղել է երկրի, հատկապես մեր ոլորտի համար առաջնահերթություն:

Այս գործընթացը ունի տարածաշրջանային դիրքավորման նշանակություն Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի և նաև երկրի համար, քանի որ  արժեշղթաներ տեղափոխվում են հայկական ուղեծիր: Այդ ընկերությունները իրենց փոխհարաբերությունները աշխարհի հետ վերաձևակերպում են հայկական ուղեծրի ներքո: Սա գործընթաց է, որը մնալու է նաև հետագայում, անգամ  եթե այդ ընկերությունները Հայաստանից տեղափոխվեն:

-Հայաստան տեղափոխված ընկերությունները համագործակցո՞ւմ են հայկական ՏՏ ընկերությունների հետ:

 -Բարձր տեխնոլոգիաների ոլորտը գլոբալ ոլորտ է, երբ խոսում են ՏՏ ոլորտի արդյունաբերության, ընկերությունների մասին, պետք է նկատի ունենալ, որ դրանցից ոչ մեկը լոկալ չի աշխատում, ընդհանրապես տարբեր ոլորտների, ենթաոլորտների մակարդակների ընկերությունների և համագործակցությունը հայկական նմանատիպ  ընկերությունների հետ անխուսափելի է: Արդեն ձևավորվում են կապերը և շուտով կարծում եմ կտեսնենք ընկերությունների միավորումների, պայմանագրային հարաբերություններ: Այդ պրոցեսն արդեն երկու ամիս է ընթանում է և համոզված եմ կան որոշակի գործարքներ, որոնց մասին հնարավոր է  մենք տեղյակ չենք, սակայն վստահ եմ, որ առաջիկայում այդ գործընթացներն ավելի կակտիվանան: Անհնար է համագործակցության բացառումը և անհնար է գործունեության ծավալումն առանց համագործակցության

-Ի՞նչ նորարարություն են բերել ռուսական ՏՏ ընկերություններն ու մասնագետները:

-Ռուսական ընկերությունները մշակութային առումով որպես խոշոր, մոսկովյան ընկերություններ առանձնահատուկ են  և նրանց մուտքը Հայաստան կարևոր է հենց  բիզնես-մշակույթի իմաստով: Կարծում եմ, որ խոշոր երկրի, խոշոր քաղաքի բարձր տեխնոլոգիական մշակույթը դրական կազդի մեր երկրի տեղեկատվական հասարակության վրա, երկրորդ, Հայաստան են եկել ենթակառուցվածքային ընկերություններ, որոնք ավանդաբար զարգացած են  եղել ռուսական շուկայում և  հաշվի առնելով ռուսական շուկայի ծավալները՝ այդ ընկերությունները հայկական շուկայում ակտիվ գործունեություն են ծավալում և նպաստելու են հենց ենթակառուցվածքների զարգացմանը:

-Ի՞նչ եք կարծում պատերազմի ավարտից հետո այդ ընկերությունները կհեռանան Հայաստանից:

-Այդպես էլ կլինի: Կարծում եմ ցանկացած քաղաքացի պատասխանատվություն ունի իր երկրի նկատմամբ և   իրավիճակի հանդարտեցումից հետո այդ մասնագետների և ընկերությունների մեծ մասը  կցանկանան տեղափոխվել հայրենիք և սա օբյեկտիվ իրավիճակ է: Նույնիսկ այդ պարագայում, այն արժեքը, որ նրանք այսօր բերում են Հայաստան, դա հսկայական նշանակություն ունի՝ ստեղծելու շատ լուրջ զարգացման իներցիա, որն անգամ նրանց բացակայության պարագայում  կզարգացնի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը և մեր տնտեսությունը:

-Իսկ ի՞նչ ազդեցություն կունենան ռուսական ՏՏ ընկերությունները մեր տնտեսության վրա և ի՞նչպես նրանց դիմավորեց մեր հարկային դաշտը:

-Ասեմ, որ նման սոցներդրումներով և ներմուծումներով ոչ միայն ռուսական, այլև բելառուսական, ուկրաինական ՏՏ ընկերությունները կնպաստեն մեր շուկայում գործունեություն ծավալող բոլոր ՏՏ ընկերությունների գործունեության բարելավմանըԱյդ ընկերությունները  Հայաստան են բերել նաև շատ ծառայություններ, որոնցից նախկինում օգտվում էինք ռուսական հարթակներից, օրինակ յութուբյան որոշ թվային ծառայություններ, որոնք այժմ տեղափոխվել են հայկական հարթակներ:

Ինչ վերաբերում է աջակցությանը, ասեմ, որ,  ցավոք սրտի, մենք պատրաստ չենք ոչ ենթակառուցվածքների, ոչ սոցիալական պայմանների, ոչ էլ հարկային գործիքակազմի առումով: Եթե համեմատենք մեր հարկային գործիքակազմը այն երկրիների հետ, որ տեղափոխման և ռելոկացիայի հանգրվաններ են եղել վերոնշյալ երկրների ՏՏ ոլորտի համարինչպիսին Վրաստանը կամ Ուզբեկստանն են, ապա մեր հարկային  մոտեցումը կոպիտ և անվերադարձ սխալ է:

Այս փուլում մենք պետք է առավելագույն պայմաններ ստեղծենք դեպի Հայաստան այդ ընկերությունների և մասնագետների արագ տեղափոխման համար, և այնպես անեինք, որ նախընտրեին Հայաստանը: Եթե այս խնդիրները չլինեին, ապա Հայաստան տեղափոխված ընկերությունների թիվն անհամեմատ մեծ կլիներ:

-Հատկապես ի՞նչն է խանգարում ռուսական որոշ ՏՏ ընկերությունների գալ Հայաստան:

-Ուղղակի պետք է  ավելի մեծ առավելություններ տալ նման ընկերություններին: Օրինակ Վրաստանում գործում է եկամտային հարկի 5 տոկոս սահմանաչափ նման ընկերությունների ու մասնագետների համար, Ուզբեկստանում՝ 7,5 տոկոս, իսկ Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափն այդ մարդկանց և ընկերությունների համար 14-15 տոկոս, որը 10 տոկոսով ավելին է քան Վրաստանում և 7,5 տոկոսով ավելի է քան Ուզբեկստանում;

-Ի՞նչ կարող էին տալ այն մասնագետներ, որոնք չեկան Հայաստան:

- Պարզ հաշվարկ կատարենք: Հայաստանում ՏՏ ոլորտում 24 հազար մասնագետ կա, որի համախառն մասնակցությունը տնտեսության մեջ կազմում է 1 մլրդ դոլար է: Մեկ հոգու հաշվարկով այն կազմում է  տարեկան մոտավորապես  40 հազար դոլար, իսկ 1000 մասնագետը կկազմի 40 մլն դոլար: Սա ճշգրիտ թիվ չէ, սակայն կողմնորոշիչ է հաշվարկելու համար ՏՏ ռուսական ընկերությունների և մասնագետների ռելոկացիայի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

Եթե մենք լրացուցիչ գործիքակազմ կիրառելով ավելացնենք լրացուցիչ 10 000 մասնագետ Հայաստանում, ապա կունենանք լրացուցիչ 400 մլն դոլար մեր ներքին համախառն արդյունքի վրա:

Ի դեպ, Հայաստան տեղափոխված 70 000 անձանց 20 տոկոսը հենց ՏՏ ոլորտից են, իսկ այդ մասնագետների թիվը կարող էր ավելի շատ լիներ. թե տեխնոլոգիական հանրությունը կշահեր, թե տնտեսությունը:

-Շնորհակալություն, հարցազրույցի համար։