Հայաստանում ստեղծվում է կանանց տնտեսական հզորացման հարթակ

Հայաստանում ստեղծվում է կանանց տնտեսական հզորացման հարթակ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համաֆինանսավորմամբ ստեղծվում է Կանանց ձեռնարկատիրության և զբաղվածության զարգացման հարթակ։ Այն  հնարավորություն կտա խթանել կանանց ձեռնարկատիրությունը և զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում։

Հայաստանի տնտեսական կյանքում կանանց աշխատուժի մասնակցությունն ավելի ցածր է, քան տղամարդկանցը․ աշխատունակ տարիքի կանանց 51,4 տոկոսն է միայն աշխատուժի մաս կազմում, մինչդեռ տղամարդկանց պարագայում այդ թիվը 70,6 տոկոս է: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զգալի մասը՝ մոտ 86 տոկոսը, ներկայացնում է փոքր ու միջին ձեռնարկատիրական ոլորտը, մոտ 95 տոկոսն էլ գործունեություն է ծավալում առևտրի և ծառայությունների ոլորտում։

Հարթակն աջակցելու է ձեռնարկատիրության և  զբաղվածության էկոհամակարգի կայացմանը՝ քարտեզագրելով էկոհամակարգի տարբեր դերակատարների կարողություններն ու ռազմավարական նպատակները,  ինչպես նաև մշակելու և ներդնելու է ձեռնարկատիրության ու զբաղվածության խթանման արդյունավետ մոդելներ,  գնահատման համակարգեր, տրամադրելու է հետազոտական տվյալներ՝ տվյալահեն քաղաքականություն մշակելու համար։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ ճիշտ է, կանանց զորացման ուղղությամբ թե՛ իրավական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային հարթություններում մեծ աշխատանք է կատարվել, այդուհանդերձ, կանանց տնտեսական մասնակցության ցուցանիշները դեռևս չեն հասել ցանկալի թիրախին։

«Վստահ եմ, որ հարթակը կկայանա իբրև կանանց կարողությունների զարգացման և ձեռներեցության խթանման ազգային գործիք, որը կմիավորի նաև հանրային ու մասնավոր բոլոր նախաձեռնությունները։ Նպատակ ունենք այն դարձնել նաև ֆինանսական ռեսուրսները կառավարող, կրկնությունները բացառող ու լավագույն մոդելները տարածող գործիք»,- նշել է նախարար Նարեկ Մկրտչյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դիտարկմամբ՝  Էկոնոմիկայի նախարարությունը հետևողական աշխատանքներ է կատարում կանանց ձեռներեցության խթանման ուղղությամբ, ինչի արդյունքում մեր երկրում կին ձեռներեցների թիվը զգալիորեն մեծացել է, սակայն դա չի կարող բավարար համարվել։

«Լիահույս եմ, որ այս հարթակի գործարկման շնորհիվ շատ կանայք մոտ ապագայում ձեռք կբերեն աշխատանք և շատերը, որ ունեն գործարար հմտություններ, մեծ ցանկություն և բավարար ներուժ, կհաջողեն իրենց բիզնեսում՝ համալրելով այսօր արդեն իրենց տեղն ու դերը գտած և Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացում որոշակի դերակատարում ունեցող կին ձեռներեցների շարքերը», – նշել է նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստանը բախվում է էկոհամակարգային մակարդակի բարդ խնդիրների, որոնք պահանջում են լուծման համալիր և նորարար մեխանիզմներ: ՄԱԶԾ-ի նպատակն է խթանել կանանց ձեռնարկատիրական ներուժը և տնտեսական հնարավորությունները Հայաստանում՝ ապահովելով Կառավարության առավել ընդգրկուն մասնակցություն։ Աջակցության այս ինքնատիպ մեխանիզմը ստեղծելու գործում մենք վճռականորեն գործակցում ենք Կառավարության հետ, քանի որ կանանց տնտեսական մասնակցությունը, այդ թվում՝ աշխատանքի արտադրողականության եւ ձեռներեցության մակարդակի բարձրացման միջոցով, վճռորոշ դեր ունի Կայուն զարգացման նպատակներին հասնելու առումով», – ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Հարթակն աջակցելու է կին ձեռներեցներին և աշխատանք փնտրող կանանց՝ կիրառելով նորարարական գործիքներ, առաջարկելով ձեռնարկատիրությունը և զբաղվածությունը խթանող թիրախային ծրագրեր, ինչպես նաև տարատեսակ ցանցերի անդամակցության և ֆինանսավորման հնարավորություններ։

Կանանց տնտեսական զորացման հարթակի լիարժեք մշակման և ներդրման շրջանակում կիրականացվեն պիլոտային ծրագրեր՝ նպաստելու առնվազն  սկսնակ 50 և  գործող 50 կին ձեռներեցների ու  ցածր տնտեսական կարողություն ունեցող 250 կանանց տնտեսական զորացմանը։