ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրեց  Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը։ Նոր բրենդը մարմնավորում է Հայաստանի հնագույն ժառանգությունը, անապակ բնությունը և ժայռոտ բնապատկերները, ինչպես նաև երկրի հյուրընկալությունը, հարուստ խոհանոցային մշակույթը և այդ ամենի հասանելիությունը այցելուների համար։ Բրենդի նոր կարգախոսը՝ «Armenia, The Hidden Track» («Հայաստան. թաքնված ուղի») և հարուստ տեսողական ինքնությունը ընդգծում են Հայաստանի տարբերվող բնավորությունը՝ որպես չբացահայտված գոհար, որն իր դրական էներգիայով զբոսաշրջիկներին հարազատ փորձառություն է տալիս՝ առավել հայտնի զբոսաշրջային արահետներից անդին։

 «Ցանկացած բրենդի համար, հատկապես զբոսաշրջային, շատ կարևոր է ունենալ հստակ դիրքավորում, որն արտացոլում է իր յուրահատուկ արժեքային առաջարկը: Մենք ցանկանում էինք ստանալ թարմ և դինամիկ բրենդ, որը կգրավի միջազգային լսարանը, և ԱՀԱ կոլեկտիվը հենց դա է ստեղծել»,- նշել է  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստանն ունի ուշագրավ զբոսաշրջային ներուժ՝ իր եզակի, բայց հիմնականում անհայտ և չուսումնասիրված մշակութային և բնական ռեսուրսներով, ինչպես նաև խոհանոցային և արկածային փորձառություններով։ Ծրագրի նպատակն էր սահմանել և ստեղծել Հայաստանի՝  որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության բրենդավորումը, և ամրապնդել Հայաստանի դիրքը միջազգային թիրախային շուկաներում, - ասել է Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը։

 Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը ստեղծվել է երևանյան ԱՀԱ կոլեկտիվ ստեղծարար ստուդիայի կողմից՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում, որին աջակցում է Եվրոպական միությունը և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը։

 Հատուկ այս նախագծի համար թիրախային խմբերի ներգրավվածությամբ ուսումնասիրություններ են իրականացվել, որոնք կառուցված էին երկու հիմնասյան վրա` երկրի ընկալումն ու փորձառությունը։ Այդ ուսումնասիրություններից դուրս են բերվել հիմնական պատկերացումներն այն մասին, թե ինչպես է թիրախային լսարանը ընկալում Հայաստանը և ապրում հայկական զբոսաշրջային փորձը: Համագործակցելով Զբոսաշրջության կոմիտեի հետ՝ ԱՀԱ կոլեկտիվի թիմը մշակել է եզակի բրենդ՝ երկրի մրցակցային առավելությունների խթանումը վերածելով մրցակցային ինքնության՝ դարձնելով Հայաստանը տարբերվող և ուրույն զբոսաշրջային ուղղություն։

 Բրենդը ներառում է Հայաստանի ԴՆԹ-ն՝ ընդգրկելով ինչպես այցելուների, այնպես էլ տեղացիների իրական պատկերացումներն ու փորձառությունները: Հայաստանը առանձնահատուկ կերպով ընկալվում է որպես ձգող ու առատաձեռն երկիր։ Երկիր, որը պատմական ու մշակութային թաքնված գոհար է, երկիր, որն առաջարկում է անսահման ջերմություն ու հյուրընկալություն, որն առաջացնում է զարմանալի հույզեր և հարազատության անկեղծ զգացում:

 «Շատ ուրախ ենք աջակցելու Հայաստանին՝ միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայանալու գործում։ Իրապես, այս չքնաղ երկիրը դեռ մեծապես պետք է բացահայտվի, և մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի հաջողություններին՝ այս գեղեցիկ բրենդի ներքո», - նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

 «The Hidden Track» անգլերեն կարգախոսի առաջնային նշանակությունն է «դեռևս չբացահայտված ուղություն», իսկ երկրորդականն առնչվում է երաժշտական ոլորտին։ Նախկինում շատ ձայնագրություններում կարելի էր հայտնաբերել երգացանկում նախօրոք չնշված մի կատարում, որն ամբողջացնում էր ունկնդրման փորձառությունը։ Այս արտահայտությունն (The Hidden Track) ակնարկում է զարմանքն ու անակնկալ հիացմունքը, որն այցելուն զգում է Հայաստան ճամփորդելիս։

 «Մեր նախագծի գլխավոր նպատակներից մեկն է ապահովել զբոսաշրջության ոլորտի երկարաժամկետ զարգացումը և այս առումով մենք շատ ուրախ ենք, որ աջակցում ենք ոչ միայն Հայաստանի մասնավոր ոլորտին, այլև ինստիտուցիոնալ մակարդակում։ Ես շնորհավորում եմ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեին երկրի զբոսաշրջային նոր բրենդի ստեղծման կապակցությամբ և անհամբեր սպասում եմ, թե երբ այն կօգտագործվի աշխարհի տարբեր ծայրերում՝ զանազան ցուցահանդեսների և միջոցառումների ժամանակ», - ասել է ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն։

Հայաստանի` արմատների պես խոր պատմությունն ու մշակույթը առաջարկում են բազմաշերտ բացահայտումներ ցանկացած տարիքի այցելուների համար: Երկիրը հարուստ է խոհանոցային և արկածային փորձառություններով և արահետներով, որոնք այցելուներին ներգրավում են ընկերական, համարձակ և եռանդուն ճամփորդությունների մեջ։ Տեսողական տարրերի միջոցով բրենդը փոխանցում է նմանատիպ զգացողություններ։

 «Ներկայացվող բրենդը մշակվել է որպես օրգանական և մշտապես զարգացող համակարգ։ Բրենդի տեսողական ինքնությունն իրենից ներկայացնում է ներքաշող ձայնային ալիքների միջավայր, որոնք կարծես արտացոլում են Հայաստանի լեռնային բնապատկերները։ Ձևավորված համակարգը հիմնված է կառուցվածքային, բայց ճկուն հիմնարար տարրերի վրա, որոնց թվում են բառանշանը, նորաստեղծ տառատեսակը, որից բխում է ներառական նկարազարդումների համարգ, տաք և վառ գունապնակը։ Տեսողական համակարգի բազմակողմանիությունը առաջարկում է անսահման ստեղծագործական հնարավորություններ և թույլ է տալիս ինքնությանը հասունանալու ժամանակի հետ մեկտեղ, որպեսզի միշտ լինի տարբեր, թարմ և եզակի՝ իր բոլոր դրսևորումներում։ Նման մոտեցմամբ նախագծված բրենդը ներգրավում է դիտողին ավելի ներքաշող և դինամիկ տեսողական փնտրտուքների մեջ՝ Հայաստանը բացահայտելիս», - բացատրել է ԱՀԱ կոլեկտիվի տնօրեն Նաիրի Խաչատուրյանը։

 Միջոցառման գագաթնակետը բրենդի հռչակագրի եզակի անիմացիոն ներկայացումն էր, որը մշակված է որպես նամակ՝ Հայաստանի կողմից ուղղված աշխարհին՝ երկիր այցելելու հրավերով։ Հռչակագիրը այցելուին կապում է բրենդի հետ իր հաղորդակցման ոճի և տեսողական տարրերի միջոցով՝ հստակորեն ընդգծելով բրենդի տեսլականը՝ «Հայաստանը դարձնել շարունակական բացահայտում»։

 Բրենդին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.aha.am կայքը։