Սյունիքի մարզի 2 000 հա վարելահող դիտարկման տակ է՝ չի մշակվում

Սյունիքի մարզի 2 000 հա վարելահող դիտարկման տակ է՝ չի մշակվում

Սյունիքի մարզը հայտնի է իր ռելիեֆի կտրտվածությամբ, բարձրադիր ու ցածրադիր տարածքների մեծ տարբերությամբ: Սյունիքում հանդիպում են  չոր մերձարևադարձային, չափավոր տաք, բարեխառն, ցուրտ լեռնային և ձյունամերձ կլիմայական գոտիներ:  Տարբեր պատճառներով, մարզի 43.9 հազ. հա վարելահողերից վերջին տարիներին զգալի հատվածը չի մշակվում:

 Ըստ պաշտոնական աղբյուրների, չօգտագործվող վարելահողերը հիմնականում գտնվում են բարձրադիր գոտում և ունեն մեծ թեքություններ, համայնքներն ունեն ոռոգման խնդիր, հաճախ է գարնանային ցրտահարություն գրանցվում: Բացի այդ, արդեն երկու տարի է մարզի խնդիրներին գումարվել է նաև սահմանամերձությունը:

 Որոշ համայնքների հողատարածքներ հայտնվել են դիտարկման տակ և խնդիր է դրանք օգտագործելը: Նկատի ունենալով մարզի ուղղաձիգ ռելիեֆը՝  վարելահողեր չմշակելը լուրջ խնդիր է համայնքի, մեծ հաշվով հանրապետության համար:

 Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Էդիկ Բունիաթյանը նշում է, որ այն համայնքներում, որտեղ ոռոգման ջրի խնդիր կար,  ՄԱԿ-ի ՊԳԿ-ի միջոցներով  լուծվում է, խողովակաշար է անցկացվում 7 գյուղում. Սրաշեն, Վերիշեն, Ծղուկ և այլն. Կունենան ոռոգման արդիական համակարգ:

 Հարցին թե արդյոք սահմանամերձությու՞նն է այդ գյուղերի ոռոգման խնդիրը, նա պատասխանեց, որ նախկին ոռոգման համակարգը քայքայված վիճակում էր և նորն ունենալու անհրաժեշտություն կար:

 Ըստ նրա՝ մարզն ընդհանուր առմամբ ունի 306.3 հազ հա գյուղնշանակության հող, որից՝ 43.9 հազ հա վարելահող։ Այս տարի կատարվել է 12 հազար հա աշնանացան և 4000 հա գարնանացան:

 Է. Բունիաթյանը նշեց, որ նախորդ տարի 6000 հա էր գարնանացան կատարվել, նախկինում սերմացուն, դիզվառելիքը սուբսիդավորվում էր, իսկ այժմ սերմացուն չի սուբսիդավորվում, իսկ դիզվառելքի գինը գյուղաբնակի համար շատ բարձր է:

 Էդիկ Բունիաթյանը ներկայացրեց նաև, որ մարզի 2000 հա վարելահողերը դիտարկման տակ են ու չեն մշակվում. Արավուս, Խնածախ, Տեղ,Կոռնիձոր, Վաղատուր, Խնձորեսկ և այլ համայնքներում:

 Ինչ վերաբերում է անասնապահությանն, ապա այս տարի թե ՛   խոշոր, թե ՛ մանր եղջերավորների գլխաքանակը 7-8 հազարականով նվազել է. կերի, արոտի խնդիրներ կան մարզում:

 Ինչպես վարելահողերի, այնպես էլ արոտավայրերի մի մասը դիտարկման տակ  է, և  սահմանին մոտ լինելը դժվարացնում է անասնապահի աշխատանքը:

 «Մեկ ամիս առաջ թշնամին իջավ, Տեղ գյուղից 2 կով տարավ, անցած տարի 350 մանր եղջերավոր տարան՝ չտվեցին: Կենդանիները մոտենում են սահմանին՝ նրանք էլ իջնում տանում են՝ գողանում են»,-ասաց նա:

 Է. Բունիաթյանը հավելեց նաև, որ չնայած խնդիրներին՝ մարզում գյուղատնտեսական կյանքը տարեց տարի աշխուժանում է՝  խելացի անասնագոմեր, ջերմոցներ, պտղատու ինտենսիվ այգիներ են հիմնվում:

 Ընդգծենք, որ, եթե այս տարի մարզում ցանվել է 12 հազար հա աշնանացան և 4 հազար գարնանացան, ապա 28 հազար հա վարելահող պարզապես չի մշակվում, եթե այս թվից էլ հանենք 2 հազար հա-ը որպես դիտարկման տակ գտնվող, ապա Սյունիքի մարզում տարբեր պատճառներով 26 հա վարելահող ուղղակի չի ցանվում: Իսկ այս տարի պարարտանյութի խնդիրն  ակնհայտ է, որ չի նպաստել ցորենի և գարու ցանքատարածությունների ավելացմանը: Այս առումով, պետությունը պետք է հստակ քայլերի գնաինչպես ասում են՝  դեմքով շրջվի դեպի գյուղատնտեսությունը:

Ի դեպ, Սյունիքի մարզի գյուղատնտեսական հողատեսքերն ընդգրկում են մարզի ընդհանուր տարածքի 74.1%-ը կամ 334019 հա:

 Մարզի գյուղատնտեսական հողատեսքերի մեջ մեծ կշիռ ունեն արոտավայրերը (52.4%) և վարելահողերը (13.1%):