Հանքավանի պետական արգելավայրի հարևանությամբ «Ֆերո գրուպ գոլդ»-ը մտադիր է ոսկի որոնել

Հանքավանի պետական արգելավայրի հարևանությամբ «Ֆերո գրուպ գոլդ»-ը մտադիր է ոսկի որոնել

2022-2024թթ-ին «Ֆերո գրուպ գոլդ» ՍՊԸ-ն ցանկանում է երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել Թուխմանուկի ոսկու հանքավայրի հարավ-արևելյան՝ «Վլադ» կոչվող տեղամասում: Նախատեսվող աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային երկրորդ քննարկումը նշանակված է ս.թ. հունիսի 15-ին՝ ժամը 11:30-ին, Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:

Հայցվող տարածքը գտնվում է Հանքավանի ջրաբանական արգելավայրից մոտ 100 մ հեռավորության վրա: Հանքավանի ջրաբանական արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտներ են Մարմարիկ գետի վերին հոսանքի ջրաէկոհամակարգը, բնական, այդ թվում` հանքային ջրերի աղբյուրների ելքերը, բնության կենդանի և անկենդան հուշարձանները:

Թուխմանուկի ոսկու հանքավայրի հարավ-արևելյան տեղամասը գտնվում է Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրի վարչական սահմաններում: Հայցվող 67.5 հեկտար տարածքը համայնքային սեփականության արոտավայր է: Թուխմանուկի ոսկու հանքավայրի Կենտրոնական, որը ներկայում չի գործում, և հայցվող տեղամասի միջև հեռավորությունը կազմում է մոտ 2 կմ, տեղամասի և Թուխմանուկի ոսկու ֆաբրիկայի, պոչամբարների միջև հեռավորությունը՝ մոտ 3.2 կմ, տեղամասի և Մելիքգյուղի բնակելի տարածքների միջև հեռավորությունը՝ մոտ 4 կմ, տեղամասի և Տ-1-57 տեղական նշանակության ավտոճանապարհի միջև հեռավորությունը՝ մոտ 5 կմ, Լուսագյուղ բնակավայրից՝ մոտ 2.5 կմ, Ապարան քաղաքից՝ մոտ 5.5 կմ, Ապարան-Սպիտակ M-3 մայրուղուց՝ մոտ 5.5 կմ, անտառային տարածքներից՝ նվազագույնը 200 մ:

061340162285.png (429 KB)

Ընդհանուր նախատեսվում է հորատել 60 հատ հորատանցք: Ըստ նախնական տվյալների՝ տարածքում սպասվում է տեխնոլոգիական երկու տիպի հանքաքար՝ օքսիդային և սուլֆիդային ոսկու մինչև 2.6-4.0գ/տ պարունակություններով: Ռեկուլտիվացիայի ենթակա ընդհանուր մակերեսը կկազմի մոտ 2100մ²: Նշված աշխատանքների համար շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կկատարվի 774.8 հազար դրամ հատկացում:

Հայցվող տարածքի շրջանի ջրագրական ցանցը ներկայացված է Քասախ գետով և իր վտակներով: Բուն հայցվող տարածքում մակերևութային հոսքերը բացակայում են: Տարածքի սահմաններում որևէ տիպի ջրային աղբյուրներ նշված չեն: Մոտակա աղբյուրը գտնվում է տեղամասի հարավ-արևմտյան մասում, որը հայցվող տարածքից բաժանվում է ջրբաժանով և հեռու է մոտ 250 մ:

Հայցվող տարածքում չեն արձանագրվել կարմիրգրքյան բուսատեսակներ և կենդանատեսակներ:

Նշված է, որ երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքների ծրագիրը և դրանց շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը ներկայացվել է համայնքի բնակիչներին, քննարկվել է ծրագրավորվող աշխատանքներում բնակիչների ներգրավման հարցը: Հնարավորություն կստեղծվի ապահովել 30 աշխատատեղ, իսկ հետագայում շահագործման դեպքում՝ 250-300 աշխատատեղ:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հրապարակված Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի՝ «Ֆերո գրուպ գոլդ» ՍՊԸ-ն գրանցվել է 2022թ-ի փետրվարի 18-ին: Ընկերությունն ունի երկու սեփականատեր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 29-ամյա Շամո Թելմանի Ֆերոյանը և 20-ամյա Ռոման Սուրենի Ֆերոյանը՝ 50-50 տոկոս մասնակցությամբ: 

Աղբյուրը՝  ecolur.org