Աճել է ռուսաստանաբնակ հայերի թիվը, ովքեր ուզում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել

Աճել է ռուսաստանաբնակ հայերի թիվը, ովքեր ուզում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել

Ռուսաստանի հայերից ստացվող տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում աճել է այն հայերի թիվը, ովքեր ուզում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։ Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը հիշեցրեց, որ դեռ ամիսներ առաջ էր կանխատեսել, որ ՌԴ-ում բնակվող հայերից շատերը կցանկանան ՀՀ քաղաքացիությունը վերականգնել։

«ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների աճ, բնականաբար, պետք է լիներ, քանի որ ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցների պայմաններում տեղաշարժվելու համար մարդկանց ՀՀ անձնագիր է անհրաժեշտ՝ ԱՄՆ, ԵՄ անդամ երկրներ մեկնելու համար։ ՌԴ քաղաքացիների համար այդ երկրներ մուտքը փակ է, և այս պայմաններում մեր հայրենակիցները նաև իրենց բիզնես գործունեությունը պահպանելու, այստեղից վարելու, տեղաշարժվելու, նաև այլ միտումներով քաղաքացիություն ստանալու դիմումներ են ներկայացնում։ Այդ պրոցեսը կա, շարունակվելու է, ինչպես և կանխատեսվում էր»,- ասաց նա։

Արտակ Մարկոսյանի խոսքով՝ Հայաստանում պետք է աշխատանքն այնպես կազմակերպվի, որ մեր հայրենակիցներին քաղաքացիություն տրամադրելու հարցում խոչընդոտներ չլինեն։

Ըստ Արտակ Մարկոսյանի, այնպես չէ, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ ներկայացնող հայերը զուգահեռ հրաժարվում են ՌԴ քաղաքացիությունից, ՌԴ օրենսդրությամբ երկքաղաքացի լինելը թույլատրվում է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում խնդիրները գնալով խորանում են, ոչ ոք չգիտե, թե Ուկրաինայի դեմ պատերազմական գործողություններն ինչքան կտևեն։

«Իրավիճակը լուրջ է, բավական անորոշություններ կան։ Բոլորը հասկանում են, որ եթե հանկարծ այս պատժամիջոցները երկարատև ժամանակահատվածում կիրառվեն ՌԴ նկատմամբ, ապա այնտեղ դժվարությունները խորանալու են։ ՌԴ-ում այսօր երկնիշ գնաճ է, տնտեսական լուրջ խնդիրներ կան, և ոչ ոք չգիտե, թե ինչ կարող է տեղի ունենալ»,- նշեց Արտակ Մարկոսյանը։

Աղբյուրը՝   lragir.am