Global Banking & Finance Review-ի կողմից Հայաստանի Ֆոնդային Բորսան կրկին ճանաչվել է Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա

Global Banking & Finance Review-ի կողմից Հայաստանի Ֆոնդային Բորսան կրկին ճանաչվել է Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա

Հայաստանի ֆոնդային բորսան երրորդ տարին անընդմեջ բրիտանական Global Banking and Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա»։ Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով Հայաստանի ֆոնդային բորսայի ունեցած ձեռքբերումները, նորարար մոտեցումներն ու զարգացման հեռանկարները։

Բորսան շարունակում է հավատարիմ մնալ արժեթղթերի կարգավորվող շուկայի, արտարժույթի բորսայական հարթակների և նոր ծառայությունների արդիականացմանը:

Այս տարի հաջողությամբ արդեն գործարկվել է հարավային կովկասում առկա միակ ինդեքսը, ինչպես նաև Էլեկտրոնային եղանակով առանց դեպոնացման արտարժույթի հարթակը, որն իր բովանդակությամբ  նոր տեսակի առևտրի հարթակ է Հայաստանի արտարժույթի շուկայում։

Նշենք, որ 2010 թվականից սկսած՝ Global Banking and Finance Review ամսագրի մրցանակները արտացոլում են ֆինանսական համայնքի նորարարությունները, ձեռքբերումները, առաջադեմ և ոգեշնչող փոփոխությունները:

Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առաջատար օնլայն և տպագիր ամսագիր է։ Այն ներկայացնում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի նորությունների և ակտուալ թեմաների մասին։ Նշենք, որ հաղթողների ընտրությունն իրականացվել է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև Global Banking and Finance Review ամսագրի խմբագիրների և ղեկավար աշխատակիցների հետազոտությունների հիման վրա:

«Այս մրցանակը կրկին անգամ ապացույցն է առ այն, որ մենք ճիշտ ուղղու վրա ենք՝ որպես բիզնես, գործելով Հայաստանում, հետաքրքրություն ենք առաջացնում միջազգային ասպարազում։ Այն հիմք է դնում մեր հետագա հաջողությունների ու ձեռքբերումների համար, միևնույն ժամանակ, պարտավորեցնում է պահպանել ոլորտում մատուցվող ծառայությունների և միջազգային գործընկերների հետ կառուցած համագործակցությունների բարձր նշաձողը։ Մեր աշխատանքը ճանաչման է արժանացել նման հեղինակավոր ամսագրի կողմից և մենք շարունակելու ենք անել ավելին` մեր յուրաքանչյուր քայլով բարելավելով մեր գործունեությունը և ամրացնել ոլորտում երկարաժամկետ ու հուսալի գործընկերոջ դիրքերը»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։