Ռուսաստանի ֆինանսական համակարգում հայկական դրամի իրացվելիության գործընթացի սկիզբն է դրվում. տնտեսագետ

Ռուսաստանի ֆինանսական համակարգում հայկական դրամի իրացվելիության գործընթացի սկիզբն է դրվում. տնտեսագետ

Մոսկվայի բորսայում հունիսի 27-ից կսկսվի նաև հայկական դրամի վաճառքը։ Բացի հայկական դրամից՝ նախատեսվում է առևտուր իրականացնել ուզբեկական սումով և հարավաֆրիկյան ռենդով։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյան կարծում է, բորսայում հայկական ազգային արժույթի առքուվաճառքի գործարկումից ֆինանսական համակարգը միանշանակ կշահի։

Տնտեսագետն ասաց, որ որքան հայկական դրամը միջազգային շուկայում շրջանառելի լինի և դրամի շուրջ իրացվելիություն դրսևորվի, այդքան դա կնպաստի մեր տնտեսության զարգացմանն ու ֆինանսական կայունությանը։

«Ռուսաստանում հայկական դրամի շուրջ իրացվելիության ձևավորումը կարևոր է։ Որպեսզի ռուս արտահանողներն ու ներմուծողները կարողանան դրամով գործարքներ իրականացնել, ապա  ռուսական շուկայում պետք է շրջանառվի դրամը և պետք է վերջիններս հնարավորություն ունենան արդյունավետ գնով դա ձեռք բերել։ Դրա համար բորսայում առևտրի կազմակերպումն ամենաարդյունավետ մեխանիզմն է ցանկացած ակտիվի գնագոյացման համար, այդ թվում՝  արժույթի»,- ասաց Նարեկ Կարապետյան։

Հարցին՝ արդյոք Մոսկվայի բորսայում հայկական դրամի առքուվաճառքի գործարկումը կարող է ռուսական բանկերի համար հիմք ստեղծել, որ ՌԴ-ում աշխատող  ՀՀ քաղաքացիները կարողանան փոխանցումները դրամով կատարել, տնտեսագետը նշեց, որ եթե Ռուսաստանում համապատասխան իրացվելիություն է ձևավորվում, հնարավոր է ՌԴ-ում ցածր գնով դրամ ձեռք բերել և այդ տեսքով գումար ուղարկել։

«Սակայն պետք է հաշվի առնել, որ երբ խոսում ենք բորսայում առևտուր անելու մասին, դա դեռ չի նշանակում, որ հնարավոր կլինի ռուսական բանկերից  արդյունավետ գնով դրամ ձեռք բերել, քանի որ բորսային հասանելիություն են ունենալու խոշոր ֆինանսական միջնորդները, բայց արդյոք դրանք ցանկություն կունենան նման առաջարկով հանդես գալ, դա արդեն երկրորդ հարցն է»,- ընդգծեց նա։

Այդուհանդերձ, ըստ տնտեսագետի, Ռուսաստանի ֆինանսական համակարգում դրամի  իրացվելիության ձևավորման որոշակի գործընթացի սկիզբ է դրվում, ուստի հետագայում կարող է նման գործընթաց սկսվել։

Նշենք, որ ըստ հաղոդրագրության, հունիսի 27-ից Մոկսվայի բորսայում սակարկությունների մասնակիցներին և նրանց հաճախորդներին հասանելի կլինեն հարավաֆրիկյան ռանդ-ռուսական ռուբլի (ZAR/RUB), ԱՄՆ դոլար-հարավաֆրիկյան ռանդ (USD/ZAR), հայկական դրամ-ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար-հայկական դրամ (USD/AMD) և ուզբեկական սում-ռուսական ռուբլի (UZS/RUB) արժութային զույգերը։

Աղբյուրը՝   panorama.am