Ռուսաստանը կարող է ամբողջությամբ դադարեցնել Եվրոպա գազի մատակարարումը

Ռուսաստանը կարող է ամբողջությամբ դադարեցնել Եվրոպա գազի մատակարարումը

Ռուսաստանը կարող է ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա, քանի որ նա փորձում է ուժեղացնել իր քաղաքական ազդեցությունն ուկրաինական ճգնաժամի պայմաններում։ Այս մասին ասել է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը, փոխանցում է VOA-ն։

Նրա կարծիքով՝ Եվրոպան այսօր պետք է նախապատրաստվի իրադարձությունների նման զարգացմանը։ «Ես չէի բացառի, որ Ռուսաստանը կշարունակի տարբեր խնդիրներ գտնել այստեղ և այնտեղ, և կշարունակի պատրվակներ գտնել՝ Եվրոպա գազի մատակարարումների հետագա կրճատման և, հնարավոր է, նույնիսկ ամբողջությամբ դադարեցնելու համար։

Հետևաբար, Եվրոպան պետք է մշակի արտակարգ իրավիճակների ծրագիր»,- Reuters-ին ասել է ՄԷԳ գործադիր տնօրենը։ Բիրոլի կարծիքով՝ Ռուսաստանից գազի հոսքերի վերջին կրճատումը պետք է դիտարկել որպես Մոսկվայի քաղաքական ազդեցությունը մեծացնելու փորձ։

Այսպիսով, Ռուսաստանը նախապես ցուցադրել է մի սցենար, որը կարող է իրականացվել ձմռան ամիսներին, երբ գազի պահանջարկը զգալիորեն ավելանում է։

Միաժամանակ, Բիրոլը նշել է, որ Միջազգային էներգետիկ գործակալությունն (ՄԷԳ) ամենահավանականը չի համարում ռուսական գազի ամբողջական դադարեցման այս հիպոթետիկ սցենարը։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթի և ածուխի դեմ, սակայն ձեռնպահ է մնացել գազի ներկրման արգելքից՝ Մոսկվայի մատակարարումներից Եվրոպայի կախվածության պատճառով: