Հրապարակվել է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի իրավական եզրակացությունը

Հրապարակվել է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի իրավական եզրակացությունը

ՀՀ-ում Գլոբալ ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ հրապարակվել է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA) իրավական եզրակացությունը: Այսօր ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել GMRA իրավական եզրակացության հրապարակմանը նվիրված իրազեկման միջոցառում, տեղեկանում ենք Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունից։

ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այս նախագծի հիմքում ընկած է հայկական ռեպո շուկայի և աշխարհի մյուս շուկաների միջև ավելի սերտ կապ ստեղծելու գաղափարը:

«Կարծում ենք՝ Հայաստանի պարտքային շուկայի ներուժի օգտագործումն օգտակար կլինի ինչպես տեղական շուկայի մասնակիցների, այնպես էլ միջազգային գործընկերների համար: Այստեղ առանցքային է հայ գործակալների համար միջազգային ռեպո գործարքներ կնքելու դյուրացումը: Հաշվի առնելով, որ GMRA-ն անդրսահմանային ռեպո գործարքների համար ամենաընդունված գլխավոր համաձայնագիրն է, այն օտարերկրյա շուկայի մասնակիցների համար երաշխիք կլինի, որ նրանք կարող են առանց իրավական խոչընդոտների կնքել GMRA փաստաթղթավորված գործարքներ հայ գործընկերների հետ»,- նշել է Գարեգին Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով նախագծում ներգրավված գործընկերներին և կարևորելով շուկայի մասնակիցների շրջանում իրազեկվածության բարձրացումը:

Ասիական զարգացման բանկի ֆինանսական հատվածի գլխավոր տնտեսագետ Ջոաո Պեդրո Ֆարինհայի խոսքով՝ GMRA իրավական եզրակացության հրապարակումը շրջադարձային կետ է արժեթղթերի շուկայի զարգացման առումով:

Ըստ նրա՝ այն Հայաստանի ֆինանսական շուկայի բարեփոխման նոր փուլ է և դրական ազդեցություն է ունենալու ՀՀ տնտեսության զարգացման վրա: «Թի քեյ ընդ Փարթներս» իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանը, ով հանդիսանում է GMRA իրավական եզրակացության հեղինակը, միջոցառման ընթացքում ներկայացրել է դրա առանցքային կետերը, ինչպես նաև կարևորությունն միջազգային գործարքների համար:

Նշենք, որ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կենտրոնական բանկի, ICMA-ի, Ասիական զարգացման բանկի և «Թի քեյ ընդ Փարթներս» իրավաբանական ընկերության համատեղ ջանքերով:

Աղբյուրը՝   factor.am