Հայաստանում կբացվի Նիդերլանդա-հայկական առևտրի պալատ

Հայաստանում կբացվի Նիդերլանդա-հայկական առևտրի պալատ

Հայաստանում հուլիսի 6-8-ը կանցկացվեն Նիդերլանդա-հայկական գործարարության օրեր: Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը՝ հիբրիդային հարթակի շրջանակում:

 Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը նշեց, որ Նիդերլանդա-հայկական գործարարության օրերի շրջանակում մի շարք ծրագրեր են նախատեսված՝ շեշտադրելով գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

«Քանի որ դեսպանությունը Հայաստանում նոր է, մեկ ու կես տարի է գործունեություն ծավալում, հետևաբար, մենք առաջինը ներկայացնելու ենք մեր տնտեսական առաջնահերթությունները: Այն ճանաչողական բնույթ ունի: Նախ, հասարակությունն իմանա, որ Հայաստանում կա Նիդերլանդների դեսպանություն, այն ունի տնտեսական բաժին:

Մեր առաջնահերթությունը լինելու է հենց տնտեսական համագործակցությունը զարգացնելն ու խորացնելը: Կխոսենք ֆինանսավորման մեխանիզմների մասին, կներկայացվեն աջակցության գործիքակազմերը:  Բիզնեսների համար շատ լավ աջակցության ծրագիր ունենք, անվճար փորձագետներ ենք տրամադրում փոքր և միջին ձեռնարկատերերին»,-ասաց Լարիսա Հարությունյանը:

Ակնկալվում է, որ միջոցառմանը Նիդերլանդներից գործարարների այց կլինի Հայաստան: Դրանից բացի, գործարարների մի խումբ էլ կմիանա առցանց: Առանձնացված ոլորտներն են գյուղատնտեսությունը՝ հիմնական առանցքում ջերմոցային տնտեսությունն է, տեղեկատվական տեխնոլոգիաները:

Միջոցառման շրջանակում նախատեսվում է Հայաստանում Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացումը, որից հետո Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը հուշագիր կստորագրի Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հետ:

Նպատակն է՝ խթանել գործարար կապերի ամրապնդումը, ներգրավել ներդրումներ, զարգացնել երկկողմ առևտրային հարաբերությունները, բազմապրոֆիլ օժանդակություն ցուցաբերել պալատի անդամներին:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, կարող են գրանցվել՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը նամակ ուղարկելով [email protected] էլ-հասցեին, հստակ նշելով  հետաքրքրող ոլորտն ու օրը: Օրակարգը կտրամադրվի գրանցվելուց հետո։ Մասնակցությունն անվճար է։

Աղբյուրը՝  lragir.am