Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ և ԱՄՆ միջև 120 մլն դոլարի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ և ԱՄՆ միջև 120 մլն դոլարի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ հնգամյա դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացին։

ԱՄՆ ՄԶԳ ընդհանուր նախատեսված ներդրումը կազմում է 120 մլն դոլար։

«ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը հետևյալ կերպ։

Առաջինը, շուրջ 68,6 մլն դոլար ժողովրդավարության խթանման համար, շուրջ 51․4 մլն դոլար՝ տնտեսական անվտանգության բարելավման համար։ Ժողովրդավարության խթանման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում, արդարադատության, պետական կառավարման համակարգի և պետական ինքնակառավարման բարեփոխումներում»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Տնտեսական անվտանգության բարելավման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի պետական հատվածին՝ ստեղծելու արդյունավետ գործող համակարգեր, կաջակցի ներառական տնտեսական ռազմավարությունների իրականացմանը, կօժանդակի արդյունավետ ներդրումների համար կապիտալ միջոցների բացահայտմանը։

Աղբյուրը՝   lragir.am