Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծվել՝ հետագա համագործակցության հեռանկարները

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծվել՝ հետագա համագործակցության հեռանկարները

Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 23-ին ընդունել է  Ուդմուրթական Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը, Արման Խոջոյանն ու Նարեկ Տերյանը։
Վահան Քերոբյանը ողջունել է հյուրերի՝ Հայաստան այցելելու և տեղում համագործակցության հնարավորությունները դիտարկելու նախաձեռնությունը։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ուդմուրթական Հանրապետության միջև տնտեսական կապերի զարգացմանը, գործարար կապերի ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր։

Միխայիլ Տումինը ներկայացրել է Ուդմուրթական Հանրապետության արտահանման աճի ներուժ ունեցող արդյունաբերության ճյուղերը, հատկապես առանձնացնելով կահույքագործության, մետաղագործության, մեքենաշինության և գյուղանտեսության ոլորտները և տեղեկացրել, որ իրենց պետությունը գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրեր է իրականացնում։

Վահան Քերոբյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ տնտեսական ոլորտում հայ-ուդմուրթական համագործակցության հետագա զարգացման համար, ինչպես նաև նպաստել գործարար  համայնքների ներկայացուցիչների միջև նոր անմիջական շփումների հաստատմանը։ Այդ համատեքստում, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: