Կրթական կենտրոն Սյունիքի մարզկենտրոնում

Կրթական կենտրոն Սյունիքի մարզկենտրոնում

Կապանում բացվել է կրթական կենտրոն:  «Մենք ու մենք»-ը իր  տեսակով առայժմ Սյունիքի մարզում առաջինն է։ Կենտրոնի  հիմնադիր Սոնա Մելիք–Քարամյանը  մասնագիտությամբ հոգեբան է, սովորել է  Երեւանի պետական եւ Ռուսաստանի Ա. Հերցենի անվան համալսարաններում։ Մասնագիտացվել է նաեւ Իսպանիայում։

menq3.jpg (144 KB)

«Շատ եմ սիրում երեխաների ու երիտասարդների հետ աշխատանքը, նրանց լուսավոր, ազատ ու ստեղծագործ բնույթը։ Ի վերջո հասկացա, որ պիտի ստեղծեմ սեփական կենտրոն, որի ծրագրերով հնարավոր կլինի միավորել այդ պայծառ ու լուսավոր մարդկանց,  ստեղծել նրանց համար պայմաններ՝ շփվելու, զարգանալու ու, ըստ էության, միասին կառուցելու մեր  ապագան»,–ասում է Սոնան։

Կենտրոնում կազմակերպվելու են  թե՛ կրթական, թե՛ մշակութային, թե՛ ժամանցային ծրագրեր ու  նախատեսված  են տարիքային բոլոր խմբերի համար՝ պատանիներ, մեծահասակներ,  5-9 տարեկան երեխաներ։ Սկզբնական շրջանում գործելու են անգլերենի, իսպաներենի, ռուսերենի  խոսակցական խմբեր։ Ուսուցումը վճարովի է , եւ ըստ Սոնա Մելիք–Քարամյանի՝ վճարը մատչելի է։ Ամսական կվճարեն 6000 դրամ, իսկ առաջին դիմողների համար զեղչ է նախատեսաված, ամսավճարը կլինի 4000 դրամ։

menq2.jpg (101 KB)

Ուսուցումը կազմակերպվելու է «հավասարը–հավասարին» սկզբունքով, ինտերակտիվ մեթոդներով, չեն լինելու դասախոս–ուսանող կամ ուսուցիչ–աշակերտ կարծրացած իրավիճակները։ Օտար լեզուների ուսուցումը կլինի ինտերակտիվ մեթոդներով, ինչու չէ՝ երգելով–պարելով։

Կենտրոնում կգործեն բաեւ բանավեճի, պատանեկան եւ մանկական ակումբները, կկազմակերպվեն արշավներ։ Կրթական կենտրոնի հիմնադիրը կարեւորեց հատկապես «Մենք ու մեր Սյունիքը» ակումբի գործունեությունը, որտեղ կներկայացվեն Սյունիքի պատմությունը մշակույթը, բնությունը եւ այլ հրաշալիքները։ Լեռնահայաստանի կազմավորման 100 ամյակն է լրանում այս տարի, եւ ակումբի առաջին ծրագիրը նվիրված է Լեռնահայաստանին ու Գարեգին Նժդեհին։