Բրիտանական InterContinental Hotels Group-ը հեռանում է Ռուսաստանի շուկայից

Բրիտանական InterContinental Hotels Group-ը հեռանում է Ռուսաստանի շուկայից

Բրիտանական InterContinental Hotels Group (IHG) ընկերությունը, որին պատկանում են Holiday Inn եւ Crowne Plaza հյուրանոցների ցանցերը, հայտարարել է Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին։

«Ներկայում աշխատում ենք Ռուսաստանում բոլոր գործարքները դադարեցնելու ուղղությամբ՝ կապված Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների փոփոխվող ռեժիմի, ինչպես նաեւ երկրում աշխատանքի ընթացիկ եւ աճող խնդիրների հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Միաժամանակ, ընկերությունում նշել են, որ շարունակում են աջակցել աշխատակիցներին Ուկրաինայում եւ Ռուսաստանում։

Մարտի 10-ին IHG-ն հայտարարել էր, որ դադարեցնում է ներդրումները, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը եւ նոր հյուրանոցների բացումը Ռուսաստանում, ինչպես նաեւ փակում է իր գրասենյակը Մոսկվայում։

Ըստ EY-ի՝ Ռուսաստանում IHG-ն կառավարում է 29 հյուրանոց՝ 6,6 հազար սենյակ ընդհանուր ֆոնդով: Օպերատորը հյուրանոցային շուկայում երեք խոշորագույն միջազգային ցանցերից մեկն է: Ռուսաստանում ներկայացված են Crowne Plaza, InterContinental, Holiday Inn եւ Indigo բրենդները։

Հունիսի սկզբին ամերիկյան Marriott International հյուրանոցային ցանցը եւս հայտարարել էր  Ռուսաստանում աշխատանքի դադարեցման մասին:

«Մենք եկել ենք եզրակացության, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի կողմից կիրառվող նոր սահմանափակումներն անհնարին կդարձնեն Marriott-ի գործունեության կամ հյուրանոցների ֆրանշիզայի շարունակությունը ռուսաստանյան շուկայում»,- նշված էր ընկերության հաղորդագրության մեջ։

Ընկերությունում խոստովանել էին, որ գործունեության դադարեցման գործընթացը ռուսաստանյան շուկայում, որտեղ Marriott-ն աշխատում է արդեն 25 տարի, բարդ է:

Աղբյուրը՝   banks.am