Կենտրոնական բանկ. հրապարակվել է 2022թ. երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը

Կենտրոնական բանկ. հրապարակվել է 2022թ. երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է Դրամավարկային քաղաքականության ծրագիր 2-րդ եռամսյակ 2022թ., Դրամավարկային քաղաքականության 2022թ. 1-ին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունը։ 

«Գնաճի հաշվետվության» առաջին բաժինը ներկայացնում է «Դրամավարկային քաղաքականության ծրագիրը», որը ներառում է կանխատեսվող հորիզոնում դրամավարկային քաղաքականության ուղղությունները և դրանց ներքո գնաճի ու մակրոտնտեսական մյուս ցուցանիշների կանխատեսումները: Վերոնշյալ կանխատեսումները հիմնված են ներկա իրավիճակի ԿԲ գնահատականների և ապագայի վերաբերյալ ենթադրությունների վրա, որոնք ներառում են նաև ԿԲ գործողությունների ազդեցությունը:

Հաշվետվության երկրորդ բաժինը նախորդող մեկ տարվա կտրվածքով դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունն է, որը ներկայացնում է իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները և տնտեսության փաստացի զարգացումները:

Սույն հաշվետվությունում կանխատեսումների համար հիմք են ծառայել մինչև վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաստատման օրը՝ 2022 թ. հունիսի 14-ն առկա փաստացի տեղեկատվությունը, Կենտրոնական բանկի կատարած հարցումների արդյունքները և մակրոտնտեսական ապագա զարգացումների վերաբերյալ առկա տեղեկատվության վրա արված դատողությունները:

Համառոտագիր

2022 թ. երկրորդ եռամսյակում ռուս-ուկրաինական հակամարտության, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների և դրանցից ածանցվող մեծ անորոշության պահպանման ազդեցությամբ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում են տնտեսական ակտիվության տեմպերի դանդաղման միտումները:

Դրան զուգահեռ, արժեշղթաների պահպանվող խաթարումների հետևանքով միջազգային ապրանքահումքային շուկաներում, ինչպես նաև գործընկեր երկրներում դիտվում է գնաճային միջավայրի շարունակական ընդլայնում և գնաճային սպասումների ավելացում:

Արտաքին հատվածի նման զարգացումների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա մի կողմից արտահայտվում է ներմուծվող մի շարք ապրանքների միջոցով ներքին գներին փոխանցվող գնաճային ազդեցությամբ, մյուս կողմից` ծառայությունների ոլորտում արտաքին պահանջարկի էական ավելացման ազդեցությամբ տնտեսական ակտիվության բարձր աճով և գնաճային միջավայրի որոշակի ընդլայնմամբ:

Երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը, առաջին եռամսյակի նվազումից հետո, կրկին ավելացել է և մայիսին կազմել 9.0%: ՀՀ ԿԲ ներկայացվող սցենարի համաձայն՝ ներկայիս գնաճի գործոնների կազմում գերակշռող համաշխարհային գնաճային երևույթների և արտաքին պահանջարկի ազդեցությունները ՀՀ դրամի զուգահեռաբար ընթացող արժևորման պայմաններում առաջիկայում կթուլանան՝ դանդաղեցնելով գնաճը և չեզոքացնելով գնաճային սպասումների հետ կապված ռիսկերը:

Ելնելով այս դատողությունից և այն հանգամանքից, որ դրամավարկային պայմանների նախորդ՝ համեմատաբար մեծ քայլով խստացումը բավարար արձագանք էր բարձր գնաճային միջավայրի մեղմման ուղղությամբ՝ Կենտրոնական բանկն այս փուլում ձեռնպահ է
մնացել քաղաքականության տոկոսադրույքի փոփոխությունից:

Միաժամանակ, ԿԲ-ն հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման յուրաքանչյուր ռիսկ: Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպասվող մակրոտնտեսական զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023 թ. երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ ներկայացվող սցենարի համաձայն՝ տնտեսական բարձր ակտիվությունն առաջիկայում կպահպանվի, ինչի արդյունքում 2022 թ. տնտեսական աճի ցուցանիշը նախորդ գնահատականից էականորեն բարձր կլինի: Միջնաժամկետում այն աստիճանաբար կնվազի և կկայունանա երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակի շուրջ:

2022 թ. համար սպասվող տնտեսական աճին հիմնականում կնպաստի ռուս-ուկրաինական հակամարտության պահպանման պայմաններում դեպի Հայաստան միջազգային այցելուների և ֆինանսական մեծածավալ ներհոսքի ազդեցությամբ ծառայությունների ճյուղում բարձր պահանջարկի ձևավորումը: Միաժամանակ, համախառն պահանջարկի կառուցվածքում, արտաքին պահանջարկին զուգահեռ, դիտվում է նաև ներքին սպառման որոշակի արագացում՝ պայմանավորված «հետաձգված» մասնավոր ծախսումների վերականգնվող աճով: Միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը, արտաքին պահանջարկի ազդեցության թուլացման պարագայում աստիճանաբար կնվազի ու կմոտենա գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին։

Կանխատեսվող հորիզոնում գնաճի կանխատեսված ուղեգծից շեղման ռիսկերը հավասարակշռված են, իսկ տնտեսական աճի մասով փոքր-ինչ գերակշռում են աճի ուղղությամբ ռիսկերը (մանրամասն տե՛ս «2.2.4. Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժինը): Գնաճի առումով դրանք հիմնականում հանգում են ցամաքային ճանապարհով ՀՀ-ից ապրանքների արտահանման և ներմուծման տրանսպորտային բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներին, միջազգային արժեշղթաների խաթարումների, ինչպես նաև դրամի արժևորման՝ գնաճին փոխանցման ուղիների ազդեցություններին: Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում ԿԲ-ն համարժեքորեն կարձագանքի՝ ապահովելու համար գների կայունության իր հիմնական նպատակը: