Հայաստանը մոտենում է բնակչության բնական աճի կրճատման ժամանակահատվածին. ժողովրդագրական խնդիրներ և լուծումներ

Հայաստանը մոտենում է բնակչության բնական աճի կրճատման ժամանակահատվածին. ժողովրդագրական խնդիրներ և լուծումներ

Ժողովրդագրական հիմնական խնդիրները, ծնելիության վրա ազդող  գործոններն ու ախտորոշումը

Բնակչության բնական աճի հաշվարկման, բնակչության պլանավորման կարևոր նախապայմաններից են բնակչության սեռատարիքային կառուցվածքի վերաբերյալ տվյալները, որոնք հնարավորություն են ընձեռում կատարել որոշակի կանխատեսումներ:

Հայաստանը ներկայումս մուտք է գործում ամենաբարդ ժողովրդագրական գործընթացների փուլ: Արդեն իսկ նկատելի են և հետզհետե ավելի են խորանալու այն բացասական երևույթները, որոնք անկախությունից ի վեր ձևախեղում են ՀՀ ժողովրդագրական պատկերը:

Ներկայումս ՀՀ ամենահրատապ մարտահրավերը ծնունդների և ամուսնությունների թվաքանակի նվազումն է, բնակչության ծերացման գործընթացի արագացումը, վերջին 20 տարիներին սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանքով որոշ տարիքային խմբերում առկա տղաների և աղջիկների ոչ բնական համամասնությունները, սեռատարիքային կազմում առկա անհամամասնությունները:

Բնակչության սեռատարիքային կազմը դիտարկելիս ամենամտահոգիչը 15-19 և 20-24 տարիքային խմբում առկա բացասական միտումներն են: Հենց այս համախումբն է, որ առաջիկա տարիներին մուտք է գործելու ամուսնական ակտիվ շրջան: Մասնավորապես 15-19 տարեկանների խմբում 2021թ. հունվարի 1-ի դրությամբ, ի տարբերություն 2011թ. մարդահամարի տվյալների, մարդկանց թիվը պակասել է 60760 մարդով կամ 26.2 տոկոսով: Իսկ ահա 20-24 տարեկանների խմբում այդ ցուցանիշի նվազումն ավելի էական է՝ 2021թ․,-ի տարբերություն 2011թ․, երիտասարդների թիվը բացարձակ առումով նվազել է 125228-ով կամ 43 տոկոսով:

15-19 տարեկանների համախումբը ծնվել է 2002-2006թթ. միջակայքում, և դա համընկնում է ՀՀ-ում ամենացածր տարիների ծնելիության հետ: 20-24 տարեկաններն էլ 1997-2001թթ. միջակայքում ծնվածներն են, և փաստացի ՀՀ-ն առնչվելու է բարդագույն ժողովրդագրական ժամանակաշրջանի հետ, երբ կարող է գրանցվել ծնունդների աննախադեպ կտրուկ անկում:

Ժողովրդագրական հաջորդ ցավոտ հարցն այն է, որ Հայաստանում կտրուկ ավելացել է 65 և բարձր տարիքի մարդկանց թիվը: Այսպես, եթե 1979թ. Հայաստանում նրանք կազմել են բնակչության 7.9 տոկոսը, 1989թ․՝ 9.2, ապա 2021թ. հունվարի 1-ի տվյալներով՝ արդեն իսկ 12.5 տոկոս: Հայաստանն այս ցուցանիշով արդեն իսկ համարվում է դասական ծերացած երկիր, և ծնունդների թվաքանակի հետագա կրճատման, վերարտադրողական տարիքի մարդկանց արտագաղթի հետևանքով այդ ցուցանիշը կարող է հասնել 20 տոկոսի:

Դա իր հերթին կարող է անկանխատեսելի սոցիալական և տնտեսական հետևանքների հանգեցնել:

Բացի վերոնշյալ հիմնախնդիրներից ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ որոշ տարիքային խմբերում առկա տղաների հավելյալ քանակը: Սա կախված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանքով քիչ աղջիկների ծննդից: Բնական վիճակում 100 աղջկա դիմաց ծնվում է 104-106 տղա, սակայն ներկայումս 0-4 տարեկանների խմբում այդ ցուցանիշը կազմում է 100 աղջկան 111 տղա: 5-9 տարեկանների խմբում այդ հարաբերակցությունն ավելի մեծ է 100/113, 10-14 տարեկանների խմբում՝ 100/115, իսկ 15-19 տարեկանների մոտ՝ 100/112: Փաստացի 0-19 տարիքային խմբերում ունենք մոտ 28 հազար  ավելի ծնված տղա: Դա նշանակում է, որ երբ այդ տղաները մտնեն վերարտադրողական տարիք, զույգ գտնելու խնդիր են ունենալու: Սա կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների` միգրացիոն հոսքերի ավելացման,  սոցիալական անցանկալի երևույթների:

Խնդրահարույց են ըստ ծննդի կարգի սեռերի հարաբերակցության գործակիցները: Սեռով պայմանավորված հղիության ընդհատման ամենամեծ ցուցանիշը գրանցվում է կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների մոտ: Մասնավորապես առաջին և երկրորդ երեխաների պարագայում տղաների և աղջիկների հարաբերակցությունը համապատասխանաբար 107/100 և 103/100 է, որը բնականոն մակարդակ է:

Երրորդ և չորրորդ նորածին երեխա տղա/աղջիկների մոտ 2020թ․ տվյալներով այդ ցուցանիշը կազմում է 125/100 և 133/100: Տարեկան մոտ 1200 աղջիկ չի ծնվում հենց սեռով պայմանավորված հղիության ընդհատումների պատճառով: Ծնունդների սեռերի խիստ տարբեր հարաբերակցությունը հատկապես երրորդ և հաջորդ երեխաների պարագայում զուտ ժողովրդագրական զարգացման տեսանկյունից նշանակում է, որ Հայաստանում շարունակվում է ծնվել պոտենցիալ մայրերի քիչ քանակ, որը կարող է ազդել ապագա ծնունդների թվի վրա:

Ընդհանուր առմամբ սեռերի հարաբերակցության գործակիցը բարելավվում է․ 2021թ. տվյալներով ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 108,5 տղա՝ 100 աղջկա հաշվով, 2020թ. նույն ժամանակահատվածի արձանագրված 111,3-ի դիմաց։ Ծնելիության վրա ազդող գործոնների շարքում առաջնային հիմնախնդիրներից  է  վերարտադրողական տարիքի բնակչության կազմում անպտուղ՝ մոտ 17 տոկոսին հասնող մարդկանց առկայությունը: Համաձայն 2020-2021թթ․ իրականացված հետազոտության՝ առաջնային անպտղության ցուցանիշը 1,7 տոկոս է, իսկ երկրորդայինը՝ 15,1: Սա նշանակում է, որ մենք մոտ 15 տոկոս վերարտադրողական ներուժ ենք կորցնում գիտելիքների պակասի կամ առողջության նկատմամբ սխալ վերաբերմունքի պատճառով: Եվ սա շտկելը շատ ավելի հեշտ է, քան առաջնային անպտղությունը բուժելը:

Հատկանշական է, որ հետազոտության արդյունքներով կին հարցվողների շրջանում անպտղությունը կազմել է 14,3, իսկ տղամարդ հարցվողների շրջանում՝ 19,8 տոկոս։ Եթե 2014թ․ անցկացված նմանատիպ հետազոտության համեմատ կանանց անպտղության ցուցանիշը 16,8 տոկոսից իջել է 14,3-ի, ապա տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշը մոտ քառակի աճել է (նախկինում՝ 5,1 տոկոս):

Ժողովրդագրական իրավիճակի զարգացման վրա առաջիկա տարիներին կարող են ներազդել Արցախյան երրորդ պատերազմի հարուցած անվտանգային, ինչպես նաև ներկա աշխարհաքաղաքական զարգացումներն ու բարձր գնաճով պայմանավորված սոցիալական իրավիճակի վատթարացումը։ Պարենային ապրանքների գների աննախադեպ աճը, ըստ կանխատեսումների, կարող է տևել մի քանի տարի, իսկ որպես դրա հետևանք սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը կարող է ազդել ինչպես ամուսնությունների թվաքանակի, այնպես ծնվող երեխաների քանակի վրա։ Համենայնդեպս, տնտեսական, ինչպես նաև սոցիալական անորոշությունները դեռևս հստակ լուծումներ չունեն: Բացի վերոնշյալ խնդիրներից ծնելիության վրա ազդում են նաև զուտ սոցիալ-տնտեսական գործոնները և  դրանցից առաջնային են ։ Առաջիկայում չեն պլանավորում երեխա ունենալ, որը պայմանավորված է նաև երեխայի հետ կապված ծախսերը  

1․հոգալու հնարավորությունների հետ (հարցված տնային տնտեսությունների 63.8 տոկոսը),

2․ հերթական երեխայի պլանավորման վրա առավել մեծ ազդեցություն և պետության առաջնահերթ միջամտության կարիք ունեցող խնդիր են համարում ֆինանսական աջակցությունը (հարցված տնային տնտեսությունների 16.62 տոկոսը),

3․պատրաստ չեն սեփական միջոցներով հոգալ երեխայի ծննդյան հետ կապված ծախսերը (հարցված տնային տնտեսությունների շուրջ 25%),

4. բնակարանային պայմանների բարելավում (10.85 տոկոս) և արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերում՝ (10.17 տոկոս), այսինքն հարցված տնային տնտեսությունների ավելի քան 21 տոկոսը պետության առաջնահերթ միջամտության կարիք ունեցող խնդիր է դիտարկել բնակարանային ապահովությունը։

5. գյուղական բնակավայրերում ևս ամուսնությունների, ծնելիության, ինչպես նաև միգրացիայի առումով խնդիր է բնակարանային ապահովման մակարդակը։ Համաձայն իրականացված հետազոտությունների՝ Հայաստանի գյուղական համայնքների տնային տնտեսությունների 37.5%-ը՝ շուրջ 11 հազար, ունի բնակարանային ապահովման կարիք:

6. Արցախյան երրորդ պատերազմի արդյունքները նաև զգալի ազդեցություն են ունեցել բնակչության լավատեսության աստիճանի վրա։ 2021թ․ Հայաստանի 4 մարզերում անցկացված հետազոտության արդյունքներով առավել մեծ նվազում, ինչպես և սպասվում էր, գրանցվել է Սյունիքի մարզում (մոտ 22%) և Տավուշի մարզում (12.0%): Արմավիրի և Արարատի մարզերում լավատեսության աստիճանի նվազումը կազմել է համապատասխանաբար՝ 3.8 և 4.5 տոկոս:[1]

7. 2020թ. տվյալներով երեխաների կարգաթվում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը կազմել է ընդհանուրի 27,9 տոկոսը, թեև վերջին տասնամյակում իրականացված հետազոտությունները փաստում են, որ վերարտադրողական տարիքում գտնվող ընտանիքների կանայք և ամուսիններն առավելապես հակված են երեք երեխա ունենալուն՝ համապատասխանաբար 42,8 և 38,6 տոկոս դեպքերում[2]: Այս առումով կարիք կա բարձրացնել երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը խթանող ժողովրդագրական քաղաքականության հասցեականությունը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ հասարակական կազմակերպության կողմից 2020-2021թթ․ իրականացված հետազոտության համաձայն՝ հարցված կանանց 86 տոկոսը և տղամարդկանց 81 տոկոսը կամ ընդհանրապես չեն պլանավորում, կամ մոտ ապագայում չեն պլանավորում երեխաներ ունենալ։ Ըստ այդմ հետազոտության արդյունքները նաև փաստում են․

1․ հարցված կանանց  36 և տղամարդկանց 48 տոկոսը համարում է, որ ունի պլանավորվածից քիչ երեխա,

2․ ներկա փուլում կանանց շրջանում երեխա ունենալ չցանկանալու հիմնական պատճառներն են տարիքը (21.7 տոկոս), իր կամ ամուսնու առողջական խնդիրները (15 տոկոս) և արդեն ծրագրված թվով երեխաներ ունենալը,

3․ Տղամարդկանց շրջանում երեխա ունենալ չցանկանալու հիմնական պատճառներն են տարիքը (27,1 տոկոս), ֆինանսական դժվարությունները (14.8 տոկոս), ծրագրված թվով երեխաներ ունենալը (13,7 տոկոսը), երկրի անկայուն վիճակը (9,1 տոկոս)։ 

 Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական գործընթացների ախտորոշումը առաջացնում է հետևյալ եզրահանգումները․

1. Հայաստանում ժողովրդագրական հիմնական խնդիրը ոչ թե ծնելիությունն է, այլ սոցիալ-տնտեսական հիմքով տեղի ունեցած արտաքին միգրացիան: 1992-2018թթ. Հայաստանի Հանրապետությունում ծնելիության գումարային գործակցի միջին մակարդակը կազմել է 1,5: Այն ցածր է պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2,15 գործակցից, սակայն այնքան էլ ցածր չէ այլ երկրներից (Ուկրաինա` 1,37, Գերմանիա՝ 1.30, Կիպրոս` 1,1): Քանի որ առաջիկա տարիներին ակտիվ վերարտադրողական տարիք է մուտք գործելու նախորդ դարի 90-ականների 2-րդ կեսին ծնված մայրական սերունդը, որոնց թիվը 80-ականների համեմատ պակաս է եղել 40 տոկոսով, այս պարագայում, նույնիսկ ծնելիության ցուցանիշի բարձրացման դեպքում, ծնունդների բացարձակ թիվը կարող է նվազել, քանի որ արտագաղթը Հայաստանի Հանրապետությունից չի դադարել, և այդ սերնդի ներկայացուցիչների թիվը դեռևս կրճատվում է: Այսպիսով, ժողովրդագրական խնդիրների լուծման բանալին առաջին հերթին գտնվում է արտագաղթի ցուցանիշների զրոյացման մեջ:

2.Հայաստանում դեռևս ուժեղ է ընտանիքի գաղափարը, և այդ գաղափարախոսության շուրջ պետք է միավորել նաև ծնելիության հետ կապված խնդիրների լուծումը: Հայ կանայք, համաձայն հետազոտությունների, ցանկանում են ունենալ միջինը 2.,5 երեխա, և ծնելիությունը բարձրացնելու ներուժ դեռևս առկա է: Քիչ հավանական է, որ Հայաստանում կարող է գրանցվել ընդլայնված վերարտադրությանը բնորոշ ծնելիության աճ, թեև համակարգված ժողովրդագրական քաղաքականության իրագործման դեպքում կարելի է հասնել պարզ վերարտադրության ցուցանիշին` 2,15, սակայն ավելի իրական է դիտարկել 1,8-1,9 գործակիցը:

3.Հայաստանում, ի տարբերություն արևմտաեվրոպական երկրների, Ռուսաստանի Դաշնության կամ Բելառուսի Հանրապետության առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր տարիքը 25,6 է, որը ծնելիության հաճախության բարձրացման պարագայում դեռևս հնարավորություն է ընձեռում ունենալ շատ երեխաներ: Բնականաբար, աշխարհում առկա է մի գործընթաց, երբ կանայք հետաձգում են առաջին երեխայի ծնունդը երկարատև ուսման, աշխատաշուկայում հաստատվելու, հաջողակ աշխատանքային գործունեություն ծավալելու պատճառով: Սա մի կողմից բարձրացնում է կանանց ամուսնության տարիքը, սակայն բարձր կրթական մակարդակը և աշխատանքային գործունեությունը նպաստում են ապագա ընտանիքների տնտեսական բարեկեցության բարձրացմանը, դրական ազդեցություն են ունենում երեխաների զարգացման վրա: Մայրանալու տարիքի հետաձգումը կարող է խնդրահարույց դառնալ, եթե առաջին երեխաների ծնունդը տեղի է ունենում վերարտադրողական տարիքի վերջում, և հաջորդ երեխաների ծնվելու հավանականությունը նվազում է: Այս առումով պետք է նշել, որ Հայաստանում այս խնդիրը դեռևս չկա, քանի որ ծնունդների 60 տոկոսը տեղի է ունենում 20-29 տարեկան կանանց շրջանում: Առավել կարևորվում է, որ համապատասխան միջավայրի և պայմանների առկայությունը հնարավորություն ընձեռի ընտանիքներին ունենալ երկրորդ, երրորդ և հաջորդ երեխաներին:  

4.Երեխայի ծնունդը ռիսկային չպետք է լինի նորաստեղծ ընտանիքի համար, հատկապես ծննդաբերող կնոջ համար: Կինը երեխայի պատճառով չպետք է դուրս մնա աշխատանքի մրցակցային դաշտից: Կանայք պետք է վստահ լինեն, որ հնարավոր է համատեղել ցանկալի թվով երեխաներ ունենալն ու կարիերան: Եթե երեխան խանգարելու է ծննդաբերող մորը, նա նախընտրելու է կարիերան կամ մրցակցային մնալը, քան երեխաների մեծ թիվը: Այս առումով կարևոր է ընդլայնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, երեխաների խնամքի կենտրոնների և երկարօրյա դպրոցների հասանելիությունը, աշխարհագրությունն ու մատչելիությունը: Ծննդաբերած աշխատող մայրը պետք է վստահ լինի, որ աշխատանքի վերադառնալու դեպքում երեխային երկու տարեկանից սկսած կարող է թողնել նախադպրոցական ուսումնական հաստատությունում, և դա կապված չի լինի որևէ ավելորդ ռիսկի հետ: Այսինքն անհրաժեշտ է նախադպրոցական հաստատություն ընդունվող երեխայի տարիքն իջեցնել առնվազն մինչև 2 տարեկան և աշխատանքային ժամերն այնպես դասավորել, որ դրանք համապատասխանեն ծնողների աշխատանքային գրաֆիկին։ Բացի սրանից անհրաժեշտ է ջանքեր գործադրվեն երեխայի խնամքի բարձր որակի ծրագրեր գործարկելու համար (պատշաճ սնունդ, ստանդարտացված ուսումնական ծրագրեր, անձնակազմ/երեխաներ բարձր հարաբերակցության մակարդակ)։  Միաժամանակ ծննդաբերող կանանց համար կարևոր է նաև երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու պարագայում համատեղել աշխատանքային պարտականությունների կատարումն ու երեխայի խնամքը, այսինքն հնարավորություն ունենալ նաև այդ ժամանակահատվածում գումար վաստակել: Սա պահանջելու է երեխայի խնամքի համար նախատեսված արձակուրդային համակարգի բարեփոխում իրականացնել, որը թույլ կտա աշխատող կնոջը չկտրվել աշխատաշուկայից, միաժամանակ փոխհատուցել այն դրամական կորստի բացը, որն ունենում է երեխայի ծննդյան և խնամքի ժամանակահատվածում: Հասկանալի է, որ ներկայիս երեխայի խնամքի համար նախատեսված ամսական գումարը` 28.600 դրամը (2023թ․ հունվարի 1-ից՝ 30.600 դրամ), չի կարող փոխհատուցել 200-300 հազար դրամ ստացող ծննդաբերող կնոջ դրամական կորուստը: Այս պարագայում անհրաժեշտ է ներդնել կես դրույքով աշխատանքի կամ ոչ ամբողջական աշխատանքային օրվա, աշխատանք տնից կամ հեռահար աշխատանքի, սեղմ աշխատանքային շաբաթ կամ ժամանակային բանկի ձևավորմանը համահունչ ծրագրային փաթեթներ և իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ ՀՀ աշխատանքային օրենսգրքում:

5.Ժողովրդագրական հաջորդ հարցը Հայաստանի բնակչության ծերացման արագացումն է, որն արդյունք է վերարտադրողական տարիքի մարդկանց արտագաղթի և ցածր ծնելիության: Հայաստանում բնակչության ծերացումից խուսափելն անհնար է, և այն արդեն գրանցված է բնակչության ներկայիս տարիքային կառուցվածքում (2021թ․ տվյալներով՝ 63 և ավելի տարեկան բնակչությունը 15,1 տոկոս է կազմել), սակայն այն կարելի է մեղմել և դանդաղեցնել, եթե տեղի ունենա ներգաղթ և բարձրանա ծնելիության ցուցանիշը: Եթե հնարավոր չլինի կանգնեցնել ծերացման գործընթացի արագությունը, ապա անհրաժեշտ է լինելու բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, փորձել տարեց մարդկանց ավելի երկար պահել աշխատաշուկայում, հոգալ նրանց առողջության և այլ հարցերի հետ կապված ծախսերը: Եվ կարևոր է, որ առողջապահական, ծերության և հաշմանդամության համակարգերը պատրաստ լինեն բնակչության ծերացման պայմաններում սոցիալական ծախսերի կայուն ավելացմանը:

6.Վերոնշյալ փաստարկներից զատ ծնելիության ցուցանիշների բարելավման, ընտանիքներին ցանկալի թվով երեխաներ ունենալու համար իրականացվող քաղաքականությունների ազդեցությունը կրելու է ժամանակավոր բնույթ, եթե դրանք չուղեկցվեն այլ պայմանների բարելավմամբ (տնտեսական աճ, նոր աշխատատեղեր, բնակչության եկամուտների աճ, օտարերկրյա ներդրումներ, երիտասարդների զբաղվածություն, առողջապահական, կրթական, իրավական համակարգի բարեփոխումներ  և այլն)։

Հաշվի առնելով վերոնշյալ ժողովրդագրական գործընթացների վրա ազդող գործոններն ու խնդիրների ախտորոշումը՝ ծնելիության աճի բարձրացման համար առաջարկվում են հետևյալ համալիր լուծումները, որոնք կնպաստեն ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը և կայուն հիմքեր կստեղծեն հետագա ժողովրդագրական քաղաքականության իրագործման համար:

Ծնելիության մակարդակի բարձրացման խնդիրների լուծումը ներառում է.

 1. Երիտասարդ և երեխաներով ընտանիքներին պետական երաշխիքների և աջակցության տրամադրման գործիքակազմի ներդնում՝ ներառյալ երեխաների դաստիարակության և մեծացման հարցում ընտանիքին տրվող երաշխիքներն ու աջակցությունը,

2. Երեխաների ծննդով և դաստիարակությամբ պայմանավորված նպաստների համակարգի կատարելագործում, պարբերաբար վերանայում և ինդեքսավորում, պրոգրեսիվ սանդղակով վճարվող ընտանեկան հավելավճարների համակարգի ներդնում,

3. Երեխաներ ունեցող ընտանիքներին պետական աջակցության տրամադրման լրացուցիչ միջոցառումների ուժեղացում՝ մատչելի բնակարանաշինություն, հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու պարագայում պետական աջակցության տրամադրում,

4. գյուղական բնակավայրերում երիտասարդ ընտանիքների եկամտաստեղծ գործունեության աջակցություն,

5.  Ցածր եկամուտ ունեցող միայնակ և բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրում, մասնավորապես Բազմազավակ ընտանիքների մասին օրենքի ընդունում, որտեղ անհրաժեշտ է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների աջակցության, ինչպես նաև բազմազավակ ընտանիքի կարգավիճակի տրամադրման հետ կապված հարաբերությունները և սահմանել Հայաստանի Հանրապետության բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցության նպատակները, տեսակներն ու ֆինանսավորման աղբյուրները,

6. երեխաների քանակից կախված աշխատող ծնողների համար եկամտահարկի և այլ հարկային նվազեցումների գործիքակազմի ներդնում՝ նպաստների համակարգի տեսքով,

7. կազմակերպությունների կողմից սոցիալական ծառայությունների իրավական-կազմակերպչական բնույթի աջակցության տրամադրման պետական պատվերի ձևավորում,

8. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների բոլոր ձևերի (պետական, մասնավոր) զարգացում և կատարելագործում, ՆՈՒՀ-երի ծառայությունների կարիք ունեցող ընտանիքների պահանջմունքների բավարարում,

9. Նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների կողմից տրամադրվող խնամքի ծառայությունների ընդլայնում և որակի բարձրացում,

10.  Երեխա խնամող ծնողների համար լրացուցիչ աշխատանքային արտոնությունների և երաշխիքների սահմանում,

11.  Տարբեր տարիքային խմբերի երեխաների խնամքի և դաստիարակության համար ծառայությունների մատուցման տարաբնույթ ձևերի խթանում և տարածում,

12.  Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին համապատասխան ուսումնական և այլ կարգի հաստատություններն ավարտելուց, խնամակալության ժամկետի ավարտից, ինչպես նաև զինված ուժերում ծառայությունից հետո առաջնահերթ բնակտարածքով ապահովում,

13.  Մանկահասակ երեխաներ ունեցող կանանց՝ ընտանեկան և ծնողական պարտականություններն աշխատանքային գործունեության հետ համատեղելու պայմանների ստեղծում, զբաղվածության ճկուն ձևերի խրախուսում և ավելացում․

  •  Կես դրույքով աշխատանք կամ ոչ ամբողջական աշխատանքային օր,
  •  Աշխատանք տնից կամ հեռահար աշխատանք,
  • Սեղմ աշխատանքային շաբաթ,
  • Ժամանակային բանկի ձևավորում։

 

14.  Երեխայի խնամքի արձակուրդից աշխատանքային գործունեության վերադարձող կանանց համար նպաստավոր պայմանների ստեղծում, աշխատանքային որակավորման բարձրացման և աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունների ուսուցման և վերապատրաստման համակարգի ներդնում,

15. Երիտասարդ և երեխաներով ընտանիքների համար քաղաքային և գյուղական բնակավայրերում բարենպաստ միջավայրի ստեղծում՝ ներառյալ քաղաքաշինական համապատասխան չափորոշիչները, սոցիալական և տրանսպորտային ենթակառուցվածքները,

16. Բնակարանի կարիք ունեցող, ցածր եկամտով երիտասարդ երեխաներով ընտանիքների համար բնակարանաշինական, ինչպես նաև հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռքբերելու հատուկ ծրագրերի իրականացում,

17. Աջակցություն ընտանիքների կենսապայմանների բարելավմանը՝ ցանկալի թվով երեխաների ծննդյան և դաստիարակության համար՝ հիմնվելով պետության և ընտանիքների միջև գործընկերության զարգացման վրա:

18. Բնակչության մահացության, մասնավորապես վերարտադրողական և աշխատունակ տարիքում գտնվող մարդկանց մահերի մակարդակի նվազեցում.

19. Սրտանոթային համակարգի հիվանդություններից և քաղցկեղից մահացության ցուցանիշների նվազեցում,

20. Ճանապարհային ենթակառուցվածքների որակի բարելավման, երթևեկության կարգապահության բարձրացման և կառավարման միջոցով ճանապարհատրանսպորտային պատահարներից մահերի և վիրավորների թվաքանակի կրճատում,

21.  Արտաքին պատճառներից մահացության ցուցանիշների կրճատում,

22.  Մարզային, գյուղական և սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար բժշկական խնամքի մատչելիության և որակի բարձրացում:

23. Մոր և մանկան մահացության մակարդակի իջեցման, բնակչության վերարտադրողական առողջության ամրապնդման, երեխաների և դեռահասների առողջության խնդիրների լուծումներն են.

24. Մայրության և մանկական բժշկական ծառայությունների մատուցման կադրային և տեխնիկական աջակցության ուժեղացում, մանկաբարձական հաստատությունների տեխնիկական վերազինում,

25. Հղիության, ծննդաբերության ընթացքում կանանց և նրանց նորածին երեխաների անվճար բարձրորակ խնամքի ծառայության մատուցում, պերինատալ տեխնոլոգիաների զարգացման միջոցով հղիության և ծննդաբերության անբարենպաստ արդյունքների նվազեցում,

26. Բժշկական գործոնով պայմանավորված վերարտադրողական առողջության վերականգնման հասանելիության և մատչելիության ապահովում՝ ներառյալ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները,

27. Կանանց և դեռահասների առողջական խանգարումների վաղ հայտնաբերում, առաջնային առողջության պահպանման կանխարգելիչ միջոցառումների իրականացում,

28. Ֆիզիկական դաստիարակության պարտադիր բնույթը բոլոր տեսակի ուսումնական հաստատություններում:

29. Ընտանեկան ինստիտուտի համակարգի խնդիրների դասակարգում, ընտանեկան հարաբերությունների հոգևոր-բարոյական ավանդույթների պահպանում և վերածնում.

30. Ներընտանեկան նպաստավոր մթնոլորտի ստեղծման նպատակով ընտանիքին տրամադրվող խորհրդատվական և հոգեբանական համակարգի ձևավորում, անչափահաս երեխաներով ընտանիքներին սոցիալական անբարենպաստ վիճակում հայտնվելու կանխարգելում և սոցիալական վերականգնման աջակցություն,

31. Առկա և նոր ստեղծվող տեխնոլոգիաների և մեխանիզմների ներդնմամբ բարելավել բնակչության պատրաստվածությունն ընտանեկան ապրելակերպի համար, մեծացնել նրանց պատասխանատվությունն ամուսնության կայունության և որակի, ընտանեկան և միջգերատեսչական հարաբերությունների համար,

32.Երեխաներ ունեցող չաշխատող աշխատունակ ծնողների տնտեսական ակտիվությունը խթանող ծրագրերի մշակում և իրագործում (սոցիալական վճարների համատեղմամբ), նպաստներից և այլ սոցիալական վճարներից կախվածության տրամադրությունների հակազդում,

33. Ծննդաբերության վաղաժամ (ներառյալ սեռով պայմանավորված) ընդհատման դեպքերի նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումների մշակում և իրագործում,

34.Երեխայի կյանքի և զարգացման համապատասխան մակարդակի ապահովության համար ծնողական պատասխանատվության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում։

35. Հայրենակիցների ներգրավման միջոցով ժողովրդագրական խնդիրների լուծումը ներառում է.

36. Հայրենակիցներին հայրենիք կամավոր մշտական բնակության վերադառնալու պարագայում աջակցության տրամադրման մեխանիզմների ներդնում,

37.  ՀՀ մարզային բնակավայրերից, որտեղից տեղի է ունեցել բնակչության մեծ արտահոսք, դրանց իմիգրացիոն գրավչության բարձրացմանն ուղղված թիրախային սոցիալ-տնտեսական միջոցառումների մշակում և իրագործում։

38. Ժողովրդագրական խթանների և սահմանափակումների ներդնում.

Խթաններն ու սահմանափակումները պետք է փոխեն բնակչության ժողովրդագրական վարքագիծը՝ առավելություն ստեղծելով նրանց համար, ում վարքագիծն ավելի շատ կհամապատասխանի նպատակ հայտարարված հասարարական պահանջմունքներին կամ խոչընդոտ նրանց համար, ում գործողությունները հակասում են դրա իրականացմանը: Խթաններն ու սահմանափակումները, որպես կանոն, վարքագծի վրա ազդում են շատ սահմանափակ ձևով:

Ժամանակի ընթացքում բնակչությունը հարմարվում է դրանց և ընկալում որպես այդպիսին: Միջոցառումների ամենակարևոր խումբը, որն ընկած է լինելու խթանների և սահմանափակումների միջև`սոցիալական երաշխիքներն են, որոնք էլ պետք է ապահովեն ժողովրդագրական իրավիճակի բարելավման քաղաքականության կանխատեսելիությունը, կայունությունն ու արդյունավետությունը: