ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում

ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում

Ի պատասխան «Փաստ» թերթի այս տարվա հուլիսի 21-ի՝ ««ԳեոՊրոՄայնինգ»-ը շանտաժի՞ է ենթարկում Հայաստանի իշխանությանը» վերնագրով հրապարակմանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««ԶՊՄԿ» ՓԲԸ-ի արտադրական գործունեությունը խստորեն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և բոլոր նորմատիվ-իրավական ակտերին: Այս մոտեցումը հետևողականորեն կիրառվում է նաև նոր սեփականատիրոջ կողմից:

Մասնավորապես, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում հանքաքարի արդյունահանումը շարունակվում է բացառապես հաստատված՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» ՇՄԱԳ նախագծի (2016թ. դեկտեմբերի 16-ի թիվ ԲՖ 108) և «Տեխնիկական անվտանգության գնահատում» ՏԱԳ նախագծի (2016թ. հոկտեմբերի 28-ի թիվ 2819) հիման վրա, «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, որը բացառում է օգտակար հանածոների ընտրովի/սելեկտիվ արդյունահանումը։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ԶՊՄԿ ՓԲԸ-ն ամեն տարի Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին է ներկայացնում արտադրական գործունեության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ հաշվետվությունները: Այդ հաշվետվությունները արտացոլում են ամբողջական տեղեկատվություն ԶՊՄԿ ՓԲԸ-ի փաստացի գործառնական գործունեության վերաբերյալ:

Ավելին, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ օգտակար հանածոների ընտրովի/սելեկտիվ շահագործման կանխարգելումը։ Այս առումով չի փոխվել ընկերության մոտեցումը նաև սեփականատիրոջ փոփոխությունից հետո։

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ «Փաստ» թերթի 21.07.2022թ. հրապարակման մեջ տեղ գտած բոլոր փաստերը կեղծ են և վարկաբեկում են ընկերության գործարար համբավը։

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն կոչ է անում «Փաստ» թերթի խմբագրությանը մասնագիտական գործունեության մեջ չզբաղվել էկվիլիբրիստիկայով և չհրապարակել չճշտված ու կեղծ տեղեկատվություն։ Հակառակ դեպքում ընկերությունն իրեն իրավունք է վերապահում օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր գործիքները, այդ թվում՝ նման հարցերի լուծումը դատական կարգով»։