Դավիթ Երեմյան. Ստեղծելու ենք վերջին սերնդի տեխնոլոգիաներով հագեցած ֆերմաներ

Դավիթ Երեմյան. Ստեղծելու ենք վերջին սերնդի տեխնոլոգիաներով հագեցած ֆերմաներ

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), ՀՀ կառավարությունը եւ «Երեմյան ֆարմը» այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում գյուղատնտեսության եւ սննդի արդյունաբերության ոլորտում խոշոր ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով:

Հայաստանում՝ երկրի ռազմավարության իրականացման շրջանակում, ԵԱԶԲ-ն սկսում է ֆինանսավորել գյուղատնտեսության եւ սննդի արդյունաբերության ոլորտում ներդրումային խոշոր ծրագիր, որն իրականացվում է Հանրապետության համար առանցքային, անասնաբուծության ոլորտում գործող «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի կողմից եւ համահունչ է ՀՀ-ում 2019-2024 թվականների անասնաբուծության զարգացման ծրագրի նպատակներին։

Ներդրումային այս համաձայնագրի շրջանակում Եվրասիական զարգացման բանկը կհատկացնի $25 մլն՝ արտադրության ամբողջական ցիկլի զարգացման համար, ներառյալ՝ քիչ արտադրողականությամբ կենդանիների փոխարինում ավելի բարձր եկամտաբերությամբ կենդանիներով, կերային կուլտուրաների աճեցման համար գյուղատնտեսական տարածքների ընդլայնում եւ արդիականացում՝ մսամթերքի եւ կաթնամթերքի արտադրությունը մեծացնելու նպատակով։ Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $31 մլն։

«Երեմյան փրոջեքթս» ընկերությունների խմբի կազմում գտնվող «Երեմյան ֆարմի» ներդրումային այս ծրագրի շրջանակում կառուցվելու է 1200 խոշոր եղջերավոր կենդանիների համար տավարաբուծական եւ 6000 գլուխ խոզերի համար խոզաբուծական ֆերմաներ։ Արդյունքում նախատեսվում է կաթի արտադրության ավելացում՝ մինչեւ 11000 տոննա, այսինքն՝ տարեկան լրացուցիչ 1,6%։ Իր հերթին, սեփական կարողությունների զարգացումը կարող է նպաստել ներմուծման փոխարինմանը եւ 1,4%-ով բարելավել ՀՀ-ում կաթի մատակարարման մակարդակը (կաթի մատակարարման ներկա մակարդակը 82% է):

«Նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ ագրոարդյունաբերական համալիրի արդիականացումը կապահովի բարձրորակ գյուղմթերքի արտադրություն, որն իր հերթին մեր երկրի համար կունենա ոչ միայն տնտեսական, այլեւ սոցիալական նշանակություն։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ ձեզ հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք համատեղ ծրագրի իրականացման գործում»,- հուշագրի ստորագրումից հետո ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովն էլ նշել է, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի հետ իրականացվող նախագիծն ուղղված է ՀՀ ագրոարդյունաբերական համալիրի ռազմավարական հատվածի զարգացմանը եւ ունենալու է էական տնտեսական ու սոցիալական ազդեցություն, ինչպիսին է գյուղական բնակավայրերի զարգացումը, որտեղ ապրում է Հայաստանի բնակչության 36%-ը, 300 նոր աշխատատեղի ստեղծում, ՀՆԱ-ի աճ եւ բնակչությանը պահանջվող սննդամթերքով ապահովում։

«Այս ծրագիրն աննախադեպ է ինչպես «Երեմյան Փրոջեքթսի», այնպես էլ ՀՀ անասնապահության ոլորտի համար: Սրանով մեծ պատասխանատվություն ենք ստանձնում Հայաստանում ժամանակակից անասնաբուծության եւ կաթնամթերքի արտադրության նոր մշակույթ զարգացնելու գործում, քանի որ ստեղծելու ենք վերջին սերնդի տեխնոլոգիաներով հագեցած ֆերմաներ։ Դրանով զարկ ենք տալու տավարաբուծության զարգացմանն ու վարակիչ օրինակ ենք լինելու մյուս ֆերմերային տնտեսությունների համար։ Հույս ունեմ, որ կարճ ժամանակում մենք կտեսնեք այս ծրագրի արդյունքներն ու կապացուցենք, որ Հայաստանում մրցակցային անասնապահություն եւ կաթնարտադրություն ունենալ հնարավոր է»,- ասել է «Երեմյան Ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:

Աղբյուրը՝   banks.am