Արմավիրի մարզպետն անդրադարձել է գյուղմթերքի իրացման գործընթացին

Արմավիրի մարզպետն անդրադարձել է գյուղմթերքի իրացման գործընթացին

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքապետների և վարչական միավորների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը և աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: 

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Էդվարդ Հովհաննիսյանն ուրախությամբ տեղեկացրել է, որ Կառավարությունը հավանության է արժանացրել մարզի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 41 սուբվենցիոն հայտ:

Սուբվենցիոն ծրագրերը ժամանակին և որակյալ իրականացնելու գործում կարևորելով համայնքների կողմից սեփական եկամուտների պատշաճ հավաքագրման ապահովումը և ներկայացնելով վերջին յոթ ամսվա կտրվածքով գրանցված ցուցանիշները՝ մարզպետը համայնքային իշխանության պատասխանատուներին հանձնարարել է խստացնել այդ ուղղությամբ տարվող վարչարարությունը: Նա հույս է հայտնել, որ նպատակային և համագործակցված աշխատանքի արդյունքում տարեվերջին կբացառվեն կատարողականի ապահովմամբ պայմանավորված խնդիրները:

Անդրադառնալով համայնքային նշանակության տարաբնույթ խնդիրներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը դրանց լուծման հարցում կարևորել է համայնքապետարան-վարչական միավոր-բնակիչ կապն առավել սերտ ու արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը, որպեսզի բնակիչն իր խնդրի լուծման հարցում իրեն միայնակ չզգա՝ դիմելով ծայրահեղ քայլերի: Նա միաժամանակ անդրադարձել է գյուղմթերքի իրացման գործընթացին և առկա խնդիրներին՝ մասնավորապես նշելով, որ մթերող կազմակերպությունների կողմից պտուղ-բանջարեղենի մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են:

Այնդուհանդերձ, մարզպետը ոլորտային պատասխանատուներին առաջարկել է հետևողական լինել և հնարավորության դեպքում աջակցել գյուղացիական տնտեսություններին: Խորհրդակցությունն ամփոփվել է աշխատանքային և ընթացիկ մի շարք այլ հարցերի քննարկմամբ: 

Աղբյուրը՝   shabat.am