Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է «Պրոֆալ» ընկերություն

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է «Պրոֆալ» ընկերություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը` նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ իրականացվող կահույքի արտադրանքի ոլորտի ռազմավարության մշակման շրջանակներում ճանաչողական այց է կատարել «Պրոֆալ» ընկերություն։

Նախարարի տեղակալը շրջայցի ընթացքում ծանոթացել է ընկերության արտադրական կարողություններին,  տեխնիկական հագեցվածությանը, արտադրության  ընդլայնման հնարավորություններին և ընկերության առաջիկա ծրագրերին։

Ընկերության տնօրեն Էդգար Ավետիսյանը նախարարի տեղակալին տեղեկացրել է, որ ներկայումս «Պրոֆալ»-ն ունի ավելի քան 10 արտադրամաս՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով և միջազգային ստանդարտներին համապատասխանող արտադրական հոսքագծերով։ Այս պահի դրությամբ ընկերության արտահանման ծավալները կազմում են ընդհանուր արտադրության 20%-ը։

Շրջայցի ընթացքում Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է Տնտեսության արդիականացման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է խթանել նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանը և աշխատանքի արտադրողականության աճի։

Այս համատեքստում ընկերության տնօրենն նշել է, որ առաջիկա երկու  տարիների  ընթացքում «Պրոֆալ»-ը պատրաստվում է կատարել խոշոր ներդրում տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի նոր գործարան կառուցելու, ինչպես նաև արտադրամասերը գերժամանակակից սարքավորումներով հագեցնելու համար։