«Կարկուտ չէր, սառցե կտորներ էին թափվում». Ծովագյուղում բերք չի մնացել

«Կարկուտ չէր, սառցե կտորներ էին թափվում». Ծովագյուղում բերք չի մնացել

Վերջին օրերին  Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում տեղացած աննախադեպ կարկուտը մեծ վնասներ է հասցրել  գյուղատնտեսական մշակաբույսերինԿարկուտի հետևանքով ոչ միայն վնասվել են անասնակերի, կարտոֆիլի, ցորենի և գարու  դաշտերն ու պտղատու այգիները, այլ նաև վնասվել են դրսում կայանած մեքենաները:

 Ծովագյուղի բնակիչ Պարգև Մինասյանն ասում է, որ 1 200 հա կարտոֆիլի, ցորենի, գարու ցանքս է վնասվել։ Նա  5 տոկոսով  գյուղատնտեսական վարկ էր  վերցրել և պետք է բերքը վաճառեր՝ վարկը մարեր, սակայն այսօր կանգնած է խնդրի առջև՝ բերքը գրեթե ամբողջությամբ ոչնչացել  է կարկուտից:

 Նաև փոխանցեց, որ Ծովագյուղի ողջ ցանքսը  ավերվել է և նման իրավիճակից դուրս գալու համար հույս ունի, որ պետական միջոցներով կաջակցեն ֆերմերներին՝ սերմացույով, ֆինանսական միջոցներով, որպեսզի հաջորդ տարի կարողանան ևս ցանքս կատարել:

 Ծավագյուղի բնակիչ Սամվել Ավետիսյանն ասում է, որ այս տարի բերքը շատ լավ էր, և  նման լավ բերք վաղուց չէին ունեցել, սակայն կարկուտը ոչնչացրել է  գյուղի ամբողջ բերքը՝  65 հա ցանքսը և հիմա համայնքի բնակիչները կանգնած են փակուղու առաջ:

«2 հա գարի եմ ցանել՝ տեղն էլ չի մնացել»,- ասաց նա:

 Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը նշեց, որ նման կարկուտ մարզում գրանցվել է 2004թ-ին. «Կարկուտ չէր, սառցե կտորներ էին թափվում, մինչև հաջորդ օրը դեռ մնացել էր»:

 Ըստ նրա, կարկուտի վնասը միլիոնների է հասնում, ոչ թե գյուղի մի հատվածն է վնասվել, այլ Ծովագյուղի 65 հա-ի 62 հա-ը 100 տոկոսով ոչնչացված է:

Մ. Պետրոսյանը նաև փոխանցեց, որ համայանքային հանձնաժողովները ԱԻՆ աշխատակցիների հետ համատեղ տուն առ տուն ուսումնասիրում են վնասի չափերը, ի՞նչ մշակաբույս է ցանվել և այլն:

Նաև հաղորդեց, որ ամբողջ տեղեկությունը փոխանցելու են կառավարության համապատասխան հանձնաժողովին։ Փոխհատուցում կլինի, թե ոչ՝ տեղյակ չէր, սակայն նշեց, որ նման իրավիճակներում տարբերակ կար, այն է՝ գյուղատնտեսական ապահովագրությունը, որի 60 տոկոսը կառավարությունն է փոխանցում, սակայն ֆերմերները մատերի արանքով են նայում ապահովագրությանը, և իր տեղեկություններով ապահովագության պայմանագիր ոչ ոք չունի։ Տվյալները ճշտվում են:

Ինչ վերաբերում է հակակարկտային կայաններին, ասաց, որ կայաններ չկան, թեև այնքան էլ վստահ չէր, որ կայաններն արդյունավետ են գործում:

 «Բնության արհավիրք էր, ի՞նչ կարող ենք անել, Ծովագյուղում հնդկաձավարի մշակության լավ ավանդույթ կար,սակայն   հնդկաձավարը, կարտոֆիլը, ցորենը, գարին  ոչնչացրել է  կարկուտը»,-  ասաց Մարտին Պետրոսյանը և նշեց, որ հենց նույն օրը մարզպետարանի աշխատակցիները եղել են տեղում, իսկ փոխհատուցման հարցն արդեն մարզպետարանից կախված չէ. կարգն է այդպիսին: