ԱՄՆ-ն ՌԴ-ից ստացել է ավելի քան 3,6 հազար խմբաքանակ ապրանք

ԱՄՆ-ն ՌԴ-ից ստացել է ավելի քան 3,6 հազար խմբաքանակ ապրանք

Փետրվարին Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ի նավահանգիստներում Ռուսաստանից ստացվել է չպատժամիջոցային ապրանքների ավելի քան 3,6 հազար խմբաքանակ, այդ թվում՝ փայտանյութ, մետաղներ եւ ռեզին: Այս մասին հինգշաբթի հայտնել է Associated Press գործակալությունը։

Այս ցուցանիշը զգալիորեն ցածր է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ Միացյալ Նահանգները ստացել էր ռուսական ապրանքների մոտավորապես 6 հազար խմբաքանակ։ Ընթացիկ մատակարարումները գնահատվում են ամսական ավելի քան $1 միլիարդի: Գործակալության տվյալներով՝ երկու կողի գործարքների մասնակիցները չէին սպասում, որ առեւտուրն ընդհանրապես կդադարի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, քանի որ որոշ ապրանքների ներմուծման արգելքը, ամենայն հավանականությամբ, «ավելի շատ վնաս կհասցնի» ԱՄՆ տնտեսությանը, քան Ռուսաստանին։

«Երբ պատժամիջոցներ ենք սահմանում, համաշխարհային առեւտուրը կարող է դժվարությունների բախվել: Այսպիսով, մեր խնդիրն է մտածել, թե որ պատժամիջոցները կունենան ամենամեծ ազդեցությունը, բայց միեւնույն ժամանակ թույլ կտան, որ համաշխարհային առեւտուրն աշխատի»,- AP-ին հայտնել է Պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջիմ Օ'Բրայենը:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի իշխանությունները հրապարակել են ռուսական ընկերությունների տարբեր ցուցակներ, որոնք չեն կարող արտահանում ստանալ։ Այդ ընկերություններից մեկը, որը իբր մետաղ է մատակարարում ռուս զինվորականներին, շարունակում է միլիոնավոր դոլարների մատակարարումներ կատարել ամերիկյան եւ եվրոպական ընկերություններին, պնդում է AP-ն:

Միացյալ Նահանգները միանգամայն օրինական կերպով պարարտանյութ է ստանում Ռուսաստանից՝ 100-ից ավելի խմբաքանակ Ուկրաինայում գործողության մեկնարկից ի վեր ամբողջ ժամանակահատվածի համար։ Բացի այդ, ԱՄՆ-ում շարունակվում են ռուսական գազի ու նավթի մատակարարումները, սակայն գործող պայմանագրերի շրջանակում։

ԱՄՆ որոշ ներմուծողներ փորձում են գտնել մատակարարման այլընտրանքային աղբյուրներ, բայց ոմանք պարզապես այլ ելք չունեն, նշում է AP-ն։ Հատկապես ԱՄՆ-ում գնահատվում է ռուսական կեչու փայտը, որը AP-ն անվանում է «շատ ամուր եւ դիմացկուն»։ Դպրոցական կահույքի մեծ մասը ԱՄՆ-ում պատրաստվում է դրանից, ինչպես նաեւ այն հաճախ օգտագործվում է հատակ շարելու համար:
«Ռուսական ապրանքներով տրանսպորտային բեռնարկղերը՝ հացահատիկով, ծանրամարտի կոշիկներով, կրիպտոարժույթի մայնինգի սարքավորումներով եւ նույնիսկ բարձերով, հասնում են ԱՄՆ նավահանգիստներ գրեթե ամեն օր»,- գրում է գործակալությունը։

Աղբյուրը՝   banks.am