Թուրքիան 5 անգամ կբարձրացնի Բոսֆորով եւ Դարդանելով անցնելու արժեքը

Թուրքիան 5 անգամ կբարձրացնի Բոսֆորով եւ Դարդանելով անցնելու արժեքը

Թուրքիան հինգ անգամ բարձրացնում է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով անցման արժեքը, գրում է Sabah թերթը՝ հղում անելով Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարության աղբյուրներին։ Նոր արժեքներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 7-ից։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։

Հրատարակությունը բացատրում է, որ երբ 1936 թվականին ստորագրվել էր Մոնտրոյի կոնվենցիան, վճարների չափը որոշվում էր ֆրանսիական ֆրանկով։ Երբ այս արժույթը դուրս է եկել շրջանառությունից, հաշվարկներում սկսել են օգտագործվել թուրքական լիրան եւ դոլարը, սակայն 1 ժերմինալ ֆրանկը դեռ հավասար էր 0,29 գ ոսկու՝ չնայած գնաճին եւ ոսկու գների աճին։

Վճարների ծավալը ժամանակի ընթացքում դարձել է աննշան։ 1983 թվականին Թուրքիան 1 ֆրանկը հավասարեցրել է $0,8։ Այժմ Անկարան արժեքը հասցրել է $4 (վճարը հաշվարկելիս այս գումարը բազմապատկվում է նավի նետտո տոննաժով)։ Դա, ըստ հրատարակության տվյալների, կավելացնի նեղուցներով նավերի անցումից ստացվող տարեկան եկամուտը՝ $40 միլիոնից $200 միլիոն։

Երկու նեղուցների նկատմամբ Թուրքիայի ինքնիշխանությունը վերականգնվել է Մոնտրոյի կոնվենցիայով։ Փաստաթղթի համաձայն՝ առեւտրային նավերն իրավունք ունեն ազատ անցնել Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով, իսկ ռազմանավերի համար ռեժիմը կախված է, թե սեփականատեր երկիրը ելք ունի՞ դեպի Սեւ ծով (եթե ոչ, ապա կան տոննաժային սահմանափակումներ)։ Sabah-ը հիշեցնում է, որ Թուրքիան իրավունք ունի նեղուցներով անցնող նավերից փարոսային, սանիտարական եւ փրկարարական վճարներ հավաքել։

Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո Կիեւը Անկարային խնդրել էր արգելել նեղուցներով անցումը Ռուսաստանի համար (պատերազմի ժամանակ Թուրքիան կարող է նման որոշում կայացնել, եթե որոշակի երկրի նավերը համարի սպառնալիք տարածաշրջանային կամ իր անվտանգության համար։) Մարտի սկզբից Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները փակ են բոլոր ռազմանավերի համար։

Աղբյուրը՝   banks.am