Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար 693 մլն դրամ հատկացրեց 6 մարզի

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար 693 մլն դրամ հատկացրեց 6 մարզի

Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությունը շուրջ 693 մլն դրամ հատկացրեց 6 մարզի:  «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագիծը համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար հերթական գումարը տրամադրելու մասին է:

«Ընդհանուր 693 մլն դրամի մասին է խոսքը և վերաբերում է 6 մարզի: Արարատի մարզում 1 ծրագիր՝ 71 մլն դրամ, Գեղարքունիքում՝ 3 ծրագիր՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում՝ 1 ծրագիր՝ 23 մլն դրամ, Շիրակում՝ 1 ծրագիր՝ 29 մլն դրամ, Սյունիքում՝ 4 ծրագիր՝ 353 մլն դրամ և Վայոց ձորում՝ 5 ծրագիր՝ 145 մլն դրամ: Ծրագրերի մի մասն ավարտվել են, մի մասն ավարտական փուլում են: Ծրագրերն ընդհանուր առմամբ 15-ն են, դրանք իրականացվել են 11 բնակավայրում»,-ասաց Սանոսյանը;

Այսպիսով ստացվում է, որ հունվարից սկսած մինչև հիմա 303 ծրագրի համար կառավարությունն արդեն տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ գումար՝ սուբվենցիաների համար: