Կումայրի պատմական միջուկում շինություն է փլուզվում

Կումայրի պատմական միջուկում շինություն է փլուզվում

Մարտի 25-ին Գյումրիում մոլեգնած քամին Կումայրի պատմական միջուկի շենքերից մեկի մասնակի փլուզման պատճառ է դարձել: Շինությունն առանց այն էլ վթարային ու կիսափուլ է, և տարիներ շարունակ սպառնալիք է դարձել անցորդների համար:

Վարպետաց 116/121 հասցեի շինությունը նախկինում բնակելի ֆոնդի տուն է եղել, այնուհետ սեփականաշնորհվել է: Սեփականատերը, սակայն, տարիներ շարունակ իր գույքի նկատմամբ որևէ ուշադրություն չի ցուցաբերել: Շենքն աստիճանաբար քայքայվել, քանդվել, մաս-մաս ինքնափլուզվում է: Սեփականատիրոջ անուշադրությանը երբեմն էլ քամին, ձյունն ու անձրևն են միանում:

165101995_3418572171578082_6107555821020638436_n.jpg (80 KB)

Դեռ 2019-ին այս շինությամբ հետաքրքված ներդրողներ կային, անգամ գնորդներ: Այդ ժամանակ, սակայն, Գյումրու քաղաքապետարանին չէր հաջողվել կապ հաստատել սեփականատիրոջ հետ: Արդյունքում շինությունն այսօր արդեն պաշտոնապես ունի վթարայնության 5-րդ աստիճան, և առկա է փլուզման վտանգ:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանն ասաց, իրենք անընդհատ սեփականատիրոջը տեղեկացրել են և շենքի անմխիթար վիճակի, և հետաքրքրվող ներդրողների, և  գնորդների մասին: «Ասել ենք, որ գա, իր գույքին տեր կանգնի, կամ վաճառի, կամ վերակառուցի, նորմալ ու անվտանգ տեսքի բերի»,-ասաց Առաքելյանն ու նշեց, որ այսօր ևս խոսել են նրա հետ ու առաջիկայում հանդիպման համաձայնություն ձեռք բերել: «Կգա, տեղում պատասխանատուների հետ միասին կհասկանան, թե ինչ են անելու, ինչ հետագա քայլեր են ձեռնարկվելու»,-տեղեկացրեց մամուլի քարտուղարը:

Ներկա պահին էլ, ըստ Առաքելյանի, այդ շինությամբ շատերն են հետաքրքրված, և գնորդներ կան, և ներդրողներ: Մնում է սեփականատերը գա Գյումրի և վերջնական որոշում կայացնի:

Իսկ մինչ այդ շենքը կշարունակի սպառնալ անցորդներին: Տարածքին ծանոթ մարդիկ վաղուց գիտեն, որ այդ մայթով քայլելն ուղաղկիորեն փլատակի տակ մնալու վտանգ է նշանակում: Անցորդներին վտանգի մասին այս մի քանի օրը կհուշի սահմանազատման նպատակով ամրացված ժապավենը:

Ի դեպ, Գյումրիում քիչ չեն կիսափլատակ վիճակում գտնվող շենք-շինությունները, որոնք տարիներ առաջ սեփականաշնորհվել են և մնացել նույն վիճակում, կամ դարձել առավել վտանգավոր:  Սեփականատերերը ոչ վաճառում են, ոչ վերակառուցում:

Աղբյուրը՝ armtimes.com