Հնարավոր է՝ Հայաստանը շուտով թռչնի տոհմային ֆաբրիկա ունենա

Հնարավոր է՝ Հայաստանը շուտով թռչնի տոհմային ֆաբրիկա ունենա

Օրերս Հայաստան են ժամանել նիդեռլանդական խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, որոնք պատրաստակամություն են հայտնել տոհմային տնտեսություն ստեղծելու հարցում նորագույն տեխնոլոգիաներով աջակցել հայ թռչնաբույծներին:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը դեռ չի շտապում շատ ուրախանալ նիդեռլանդցիների առաջարկով, սպասում է ծրագրի մեկնարկին:

«Նիդեռլանդական կազմակերպությունը վերջերս կայացած համաժողովին բերել էր 5 ենթակապալառու կազմակերպությունների տնօրեններ: 5 տարի է՝ չարչարվում ենք, ով գալիս, ասում է՝ կանենք: Հայաստանում թռչնամսի մոտ 80 տոկոսը ներկրվում է, և խնդիրը կլուծվի, եթե թռչնի մայրական կազմի տոհմային ֆաբրիկա լինի: 40 տոկոսը պետական համաֆինանսավորում է լինելու, մնացածը՝ մասնավոր: Կառավարությունն առաջարկել է տոհմային տնտեսությունը կառուցել երեք մարզերից մեկում՝ Արագածոտն, Լոռի կամ Տավուշ: Հիմա փորձում ենք լուծել հողատարածքի հարցը: Տոհմային տնտեսություն է, տարածքներն առանձին պետք է լինեն, որ կենսաբանական անվտանգությունն ապահովվի»,- ասաց Սերգեյ Ստեփանյանը:

Նրա փոխանցմամբ՝ կլինի 80-100 նոր աշխատատեղ, աշխատելու են տեղի բնակիչները:

«Մենք 11 միլիոն ճուտ ենք ներկրում, գոնե դրանով կկարողանանք կեսը փակել: Գիտեք, սա եթե իրականություն դառնա ու բավարարենք մեր շուկան, այլ ազգերը, օրինակ՝ ռուսներն էլ ասում են, որ ներդրում կանեն, քանի որ իրենց մոտ թռչնագրիպը շարունակվում է, ապահով տնտեսություն չկա»,- հավելեց թռչնաբույծների միության նախագահը:

Հավելենք, որ Հայաստանը թռչնամիս հիմա ներկրում է Բրազիլիայից, Ռուսաստանից, Բելառուսից:

Ի դեպ, քանի որ Հայաստանում տոհմային թռչնի արտադրություն գոյություն չունի, այդ իսկ պատճառով ֆաբրիկաները տարին մի քանի անգամ ստիպված են ածան հավեր և բրոյլերներ ներկրել։

Աղբյուրը՝   168.am