Գինու որակը բարձրացել է, կոնյակինն՝ իջել. Ավագ Հարությունյան

Գինու որակը բարձրացել է, կոնյակինն՝ իջել. Ավագ Հարությունյան

Հայաստանում սկսվել է խաղողի մթերման գործընթացը: Խաղողից մինչև գինի շղթան՝ բերք, պայմանագրեր, վճարումներ, գին, որակ և այլն,  հարթ չի անցնում:  Այս տարի ևս դժգոհություններ կան, բայց, այնուամենայնիվ, խաղողն այդ ճանապարհն  անցնելու է, իսկ թե ինչպե՞ս, զրուցել ենք Ավագ Հարությունյանի հետ:

«Գինու որակը բարձրացել է, կոնյակի որակը՝ իջել»,- վստահեցրեց  Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյան և հավելեց, որ այս տարի մոտավորապես 130-140 հազար տոննա խաղողի բերք է սպասվում, որն ավելին է, քան նախորդ տարի:

Թեև մտահոգություններ ունի խաղողի մթերման գնի հետ կապված, սակայն գինու և գինեգործության ոլորտում նա մատնանշում է նաև հաջողություններ՝ թե խաղողի ծավալների, թե գինու արտադրության, թե արտահանման աճի ուղղությամբ:

«Խաղողի մթերման գներն այս տարի ցածր են՝ մթերվում է մեկ կգ-ը 110 դրամով: Թեև այդ գնով խաղողագործները հանձնում են խաղողը, բայց գինը ցածր է: Իսկ գինին իրացվելիության խնդիր չունի»,- ասաց նա և հավելեց, որ գինեգործության ոլորտում բոլոր ուղղություններով աճ կա:

Ավագ Հարությունյանը խնդիրը տեսնում է կոնյակի ոլորտում, նա պնդում է, որ այստեղ կառավարությունը գործ ունի անելու և կոնյակի սպիրտի ոլորտում վարչարարական  խնդիր կա, որը պետք է լուծել: Նա փակագծերը չբացեց, սակայն փաստեց, որ Հայաստան կոնյակի սպիրտ է ներկրվում, իսկ կոնյակի համար նախատեսված խաղողը ցածր գին ունի, մինչդեռ պետք է հակառակը լիներ:

Ինչո՞ւ հենց կոնյակի համար նախատեսված խաղողի գինն է ցածր, ցածր գնով են մթերում, կասկածում է, որ այստեղ հավելագրումներ կան և մի քանի ընկերություն կոնյակի ոլորտում մաքուր չի խաղում, որով էլ պայմանավորված այս ոլորտում կնճռոտ խնդիրները ինչպես նախկինում կային, այնպես էլ մնացել են:

«Խնդիրը կոնյակի խաղողի մեջ է, որը չի մթերվում, այն արժեք չունի: Ոլորտի  վարչարարական խնդիրներ լուծելու դեպքում կոնյակի խաղողի գինը բարձրանա»,-ասաց Ա. Հարությունյանը:

Հարցին, թե ինչո՞ւ պայմանագրերը քիչ են խաղողագործ և մթերող կազմակերպության միջև, պատասխանեց, որ պայմանագրերը խաղողագործների ոտքն ու ձեռքերը կապում են, մարդիկ չգիտեն խաղող կունենան, թե՞ կցրտահարվի, խաղողի վազերը հնարավոր է հիվանդանան և մարդիկ զգուշանում են պայմանագրեր կնքել:

Խաղողագործության և գինեգործության բնօրրանում՝ Վայոց ձորի  Արենի համայնքում և հարակից համայնքներում խաղողի մթերումը ևս կամաց-կամաց սկսվում է: Արմենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը նշեց, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ գրեթե չեն լինելու. Որոշ մտահոգություններ եղել են, որոնք ըստ նրա, կարգավորված են: Ըստ նրա, խաղողագործի և մթերող կազմակերպության միջև, թեև պայմանագրեր չկան, բայց կան բանավոր պայմանավորվածություններ:

Ավագյանի տեղեկացմամբ՝ տարածաշրջանից քիչ քանակությամբ խաղող է մթերվել, հիմնական մթերումն առջևում է, իսկ գինն էլ դեռևս հստակ չէ:

«Այսօրվա դրությամբ ունենք 1100 տոննա խաղողի մթերման պայմանագիր, սակայն միջինում մեր համայնքում արտադրվում է 3000 տոննա. Մի մասը հանձնում են, մյուս մասը պահում են իրենց կարիքների համար, հիմնականում օղի են քաշում և գինի պատրաստում տանը, փոխանակում են անում»,-ասաց նա:

Ընդ որում, նշեց, որ արդեն ամենամյա դարձած Արենիի գինու փառատոնն այս տարի չի կայանալու՝ կապված երկրի իրավիճակի հետ:  Տուր-օպերատորները զգուշանում են, հյուրերի պակաս էր նկատվումհամայնքում կորուստ կա և որոշում է  կայացվել այս տարի փառատոնը չանցկացնել:

Հարցին, թե արդյո՞ք սահմանամերձ համայնքներում խաղողի բերքահավաքի խոչընդոտներ կան, պատասխանեց, որ այս տարի սահմանամերձ Խաչիկ գյուղի խաղողը մթերվելու է 265 դրամով մեկ կգ-ն, սահմանամերձ գյուղերի խաղողի բերքահավաքի հետ կապված խնդիրներ չկան, Խաչիկում՝ առավել ևս:

«Չեմ հիշում, թե Խաչիկ գյուղում վերջին անգամ կրակոցներ ե՞րբ են հնչել»,-ասաց Հ. Սահակյանը և հավելեց, որ համայնքում հիմնականում գինու տեխնիկական սորտեր են մշակում, իսկ կոնյակի խաղող քիչ ունեն:

Նաև տեղեկացրեց, որ համայնքում 800 հա խաղողի այգիներ կա. տարեցտարի այգիների մակերեսն ավելանում է. միայն այս տարի 50 հա նոր խաղողի այգի է հիմնվել:

Նաև արտերկրից խաղողագործությամբ հետաքրքրվող կա և արդեն Արենի համայնքի Ռինդ գյուղում շվեյցարացի Յակոբս Շուլերը հիմնել է խաղողի այգիներ և մտադիր է գինի ստանալ այնպես, ինչպես իր հայրենի Շվեյցարիայում:  

«Կանաչ գյուղ» գինեգործական ընկերության տնօրեն Գագիկ Աղաբաբյանը Տավուշի մարզի Կողբ համայնքում հիմնադրած գործարանում արդեն 2-րդ տարին է խաղող է մթերում,  հիմնականում, ինչպես ինքն է ասում, հայկական խաղողի անհետացող էնդեմիկ տեսակներից. ջրջրուկ, լալավար և այլն: «Նաև տնկարան ենք հիմնել, որ տարածաշրջանի խաղողագործներին տնկիներ տրամադրենք և այդ տեսակներից խաղողի այգիներ ունենանք»:

Գ. Աղաբաբյանի խոսքով, 2021թ-ին մթերել է 120 տոննա, այս տարի նախատեսում են 200 տոննա մթերել, արդեն 50 խաղողագործի հետ մթերման պայմանագրեր կան, մթերման գինը 170-ից մինչև 320 դրամ է:

Նա նաև շեշտեց, որ մթերվող խաղողը հենց դաշտում է ստուգվում և պետք է խաղողի որակը, թթվայնությունը, շաքարայնությունը համապատասխանեն ընկերության պահանջներին:

«Մեր նպատակը ուղղակի  գինի ստանալը  չէ, մեր նպատակը խաղողի հայկական էնդեմիկ տեսակներից բարձրորակ գինի ստանալն է»,-շեշտեց «Կանաչ գյուղ» ընկերության տնօրենը: