Գերմանիայում եվրոյի ներդրումից հետո առաջին անգամ ինֆլյացիան երկնիշ է. Bloomberg

Գերմանիայում եվրոյի ներդրումից հետո առաջին անգամ ինֆլյացիան երկնիշ է. Bloomberg

Ավելի քան 20 տարի առաջ եվրոյի ներդրումից հետո առաջին անգամ Գերմանիայում ինֆլյացիան երկնիշ թվի է հասել՝ սպասվածից ավելի բարձրանալով կառավարության օգնության ծրագրի ավարտից եւ Եվրոպայում սրվող էներգետիկ ճգնաժամից հետո:

Սպառողական գները սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 10,9 տոկոսով՝ օգոստոսի 8,8 տոկոսի դիմաց, հինգշաբթի օրը հայտնել է Դաշնային վիճակագրական ծառայությունը։ Սա ավելին է, քան այն 10,2 տոկոսը, որ ենթադրում էին տնտեսագետները, որոնց շրջանում հարցում էր կատարել Bloomberg-ը։

ԻՆֆլյացիայի աճ սպասվում էր, քանի որ Գերմանիան վերացրել է հասարակական տրանսպորտի եւ վառելիքի ամառային զեղչերը: Սակայն արագացման մասշտաբները կանհանգստացնեն Եվրոպական կենտրոնական բանկին, որը պայքարում է գների աճը զսպելու համար, որի համառ աճը եւս մեկ ռեկորդ կսահմանի, երբ տվյալները հրապարակվեն ուրբաթ օրը:

Հինգշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է սահմանափակել գազի գները, ինչը կարող է զսպել ինֆլյացիոն ցուցանիշները ապագայում: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի վարչակազմը առնվազն 150 միլիարդ եվրո փոխառություն կվերցնի այս նախաձեռնությունն իրականացնելու համար, հայտնում են իրազեկ աղբյուրները։

Գերմանիայում ինֆլյացիայի տվյալները բարձրացնում են եվրոգոտու 9,7 տոկոս միջին կանխատեսումը տնտեսագետների կողմից՝ ըստ Bloomberg-ի հարցումների՝ չնայած Իսպանիայի հետ կապված զարմանքին, որը սեպտեմբերին կանխատեսվածից ավելի է դանդաղեցրել աճը։

Ամեն դեպքում, ԵԿԲ-ի պաշտոնյաներն արդեն պլանավորում են տոկոսադրույքների եւս մեկ զգալի բարձրացում՝ այս ամիս պատմական 75 բազիսային կետով բարձրացումից հետո, որը կրկնել է Դաշնային պահուստային համակարգի գործողությունները:

ԵԿԲ ղեկավար Քրիստին Լագարդն ասել է, որ տոկոսադրույքները կբարձրացվեն հաջորդ մի քանի հանդիպումների ժամանակ, մինչդեռ փոխնախագահ Լուիս դե Գինդոսը հինգշաբթի հայտարարել է, որ քաղաքականություն մշակողները պետք է ամեն ինչ անեն ինֆլյացիան զսպելու համար:

Կառավարիչների խորհրդի երեք անդամներ Բալթյան տարածաշրջանից, որտեղ գների աճը գերազանցել է 20 տոկոսը, կողմ են հոկտեմբերի 27-ին երեք քառորդ կետով տոկոսադրույքների բարձրացմանը: Նույն կերպ են մտածում ԵԿԲ-ի նրանց գործընկերները Ավստրիայում, Սլովակիայում եւ Սլովենիայում։ Ներկայումս փողի շուկաները գնահատում են ավանդների տոկոսադրույքի մինչեւ 1,5 տոկոս (0,75 տոկոսից) բարձրացման հավանականությունը:

ԵԿԲ-ի ջանքերը բարդանում են եվրոգոտու 19 երկրների հեռանկարների արագ վատթարացման պատճառով, քանի որ Ռուսաստանը ձմռանն ընդառաջ էլ ավելի է կրճատում էներգակիրների մատակարարումները:

Աղբյուրը՝   news.am