Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական դրոններ

Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական դրոններ
Լոռու մարզպետարանի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր և լրացուցիչ սարքավորումներ:
Անօդաչու թռչող սարքը, հիմնականում դեղանյութի ցողման միջոցով, Լոռու մարզում պայքարելու է բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ, ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման միջոցով բարելավելու է մշակաբույսերի արտադրողականությունը՝ պայքար տանելով մոլախոտերի դեմ, կատարելով բույսերի պաշտպանություն և հողի պարարտացում:
Այսօր, Լոռու մարզպետարանում Ավստրիական զարգացման գործակալությունը համաձայնագիր կնքեց «Աջակցություն Լոռու մարզի համայքներին» բարեգործական հիմնադրամի հետ և հիմնադրամին հանձնեց գյուղատնտեսական ԱԹՍ-ներն ու օժանդակ սարքավորումները՝ մարզում գյուղատնտեսության ոլորտում նորարարական և ճշգրիտ տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու, ագրոդրոնների և լրացուցիչ սարքավորումների շահագործման վերաբերյալ համապատասխան անձնակազմին ուսուցանելու նպատակով:
Հանաձայնքագրի կնքման և սարքավորումների տրամադրման հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը և ոլորտի մասնագետներ:
- Գյուղատնտեսական դրոնների ձեռքբերումն անհրաժեշտություն էր մարզի համար, նորագույն տեխնոլոգիների աշխատանքն արդյունավետ կլինի, և հուսանք՝ մարզում եկող տարի բերքատվությունն անհամեմատ բարձր։ Սա մեծ օգություն է մարզի ֆերմերներին, շնորհակալ ենք այս մեծ աջակցության համար,- իր խոսքում ասաց Գ. Ասրյանը:
Առաջիկա օրերին մասնագետները տեսական և գործնական մեկշաբաթյա դասընթացներ կանցնեն գյուղատնտեսության մեջ դրոնների կիրառման թեմայով՝ ձեռք բերելով նաև ԱԹՍ-ները շահագործելու անհրաժեշտ գիտելիքներ:
Հիշեցնենք, որ Լոռու մարզում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով օգոստոս ամսին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսի միջև կնքվել էր փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում Լոռու մարզին տրամադրվելու էր գյուղատնտեսության զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության և կարողությունների զարգացման հնարավորություն: