Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի երրորդ նիստը

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի երրորդ նիստը

Սեպտեմբերի 26-ին առցանց ձևաչափով կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի երրորդ նիստը։ Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը,  իսկ Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման գլխավոր տնօրինության Հարևանության, ընդլայնման և նախաանդամակցության աջակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Բոլլենը։ Նիստին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը և Արման Խոջոյանը։

Նիստի ընթացքում ԵՄ կողմը ներկայացրել է Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի Ընթացակարգային կանոնների նախագծի հաստատման ընթացակարգերը: Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով ամրագրված «Շամպայն» և «Կոնյակ» աշխարհագրական նշումների վերաբերյալ դրույթների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ներկա վիճակը:

Ներկայացվել և քննարկվել են նաև աշխարհագրական նշումների վերաբերյալ երկկողմ օրենսդրական զարգացումները, աշխարհագրական նշումների ցանկերի փոփոխությունները և ձեռք բերվել համապատասխան պայմանավորվածություններ: