2022թ-ի արդյունքներով ՀՀ-ն հնարավոր է տնտեսական աճի նոր ռեկորդ սահմանի․ Հայկազ Ֆանյան

2022թ-ի արդյունքներով ՀՀ-ն հնարավոր է տնտեսական աճի նոր ռեկորդ սահմանի․ Հայկազ Ֆանյան

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ՀՀ ֆինանսների նախարարարության գնահատականը ընթացիկ տարվա արդյունքներով  11% ՀՆԱ աճ ապահովելու մասով համարում է պահպանողական։ Միևնույն ժամանակ, ըստ տնտեսագետի, նման, ներուժից բարձր, աճը տնտեսության գերտաքացման վտանգներ է պարունակում։

«Մենք ունենք մի իրավիճակ, երբ արտաքին շոկի հետևանքով գրանցվել է պահանջարկի ավելացում, որն էլ նպաստել է ՀՀ տնտեսության աճի։ Միևնույն ժամանակ, գիտակցում ենք, որ դա կոնկրետ երևույթի հետ է կապված և ինչ-ինչ պայմաններում, երբ կոնյուկտուրան փոխվի, մեր տնտեսությունը և տնտեսվարողները մեծ խնդիրների առջև են կանգնելու»,-ասում է տնտեսագետը։

 Մեծագույն խնդիրը, ինչպես գտնում է փորձագետը, կայանում է նրանում, որ խիստ անորոշ է գալիք տարվա տնտեսական հեռանկարը։ «2022-ին գրանցելով բարձր բազա, պարզ չէ, թե ինչի հաշվին է ապահովվելու այդ տնտեսական աճը 2023 թ-ին»,- նշում է նա։ Ֆանյանը հիշեցնում է՝ նմանատիպ փորձ մեր երկիրն  ունեցել է 2005-2007թթ,  երբ տնտեսությունը արտածին գործոնների հաշվին գրանցեց բարձր ՀՆԱ՝ ՌԴ-ից եկող տրանսֆերտների հոսքի մեծացման հաշվին աճեց շինարարության ոլորտը։ Հետագայում, երբ այդ «խթանները» մի պահ վերացան, տնտեսությունը 2009թ-ին էականորեն անկում ապրեց:

Հիշեցնենք, որ 2004-2008 թվականներին միայն բանկային համակարգի միջոցով Հայաստան է մուտք գործել ավելի քան 5,3 մլրդ ԱՄՆ դոլար։ Արդյունքում՝ 2002-2008 թվականներին ՀՀ տնտեսությունը երկնիշ աճ է ունեցել։ Եթե ​​2001 թվականին Հայաստանը գրանցել է 9,6% տնտեսական աճ, ապա 2002 թվականին այն հասել է 12,9%, 2003 թվականին՝ 14%, 2004 թվականին՝ 10,5%, 2005 թվականին՝ 13,9%, 2006 թվականին՝ 13,2%, իսկ 2007 թվականին՝ 13,7%։ 2008-ից սկսվեց Հայաստանի տնտեսության անկումը սկզբում երկնիշ աճի տեմպը իջավ միանիշի, իսկ հետո նույնիսկ երկնիշ անկում գրանցվեց։ 2008-ին տնտեսական աճը կազմեց 6,8%, իսկ 2009-ին գրանցվեց 14,2% անկում։ Դրանից հետո կառավարությունը ստիպված եղավ խոստովանել, որ բացասական ցուցանիշների պատճառը ոչ միայն ճգնաժամն է, այլ այն, որ Հայաստանի տնտեսության երկնիշ աճը ապահովել են մի քանի ոչ արտահանելի ճյուղերը և դրսից ստացված տրանսֆերտները։ Հետևաբար, տնտեսական աճի «փուչիկը» ցանկացած պահի կարող էր պայթել, ինչը տեղի ունեցավ 2008-2009թթ։. Բավական է նշել, որ շինարարությունը, որն ապահովում էր տնտեսական աճի առյուծի բաժինը, 2009 թվականին գրանցել է 40% անկում։

 Հետաքրքիր զուգադիպությամբ, այս տարի մենք ունենք համարյա համանման պատկեր 2022թ. հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության աճը կազմել է 13,9%։ Ութ ամսվա կտրվածքով տնտեսության զարգացման լոկոմոտիվներ են եղել ծառայությունների ոլորտը՝ 27.1%, շինարարությունը կազմել է 141% և առևտուրը՝ 136%, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 92%։ Նույն ժամանակահատվածում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 2 մլրդ 910.0 մլն ԱՄՆ դոլար, ինչը 1 մլրդ 569.9 մլն դոլարով կամ 117.1%-ով ավել է 2021թ. և 1 մլրդ 822 մլն դոլարով կամ 167.5%-ով ավել է 2020թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից։

 «Իրականում 2008-2009թթ-ի իրավիճակի կրկնման ռիսկը կա նաև այսօր տնտեսությունը զարգանում է իր ներուժից ավելի մեծ չափով, որը տանում է տնտեսության գերտաքացման», - զգուշացնում է տնտեսագետը։ Այս համատեքստում նա իշխանություններին հորդորում է լինել խիստ զգուշավոր պետական բյուջեի ընթացիկ ծախսերի ավելացման մասով (ՀՀ կառավարությունը սեպտեմբերին երեք հազար դրամով բարձրացրեց թոշակները, եկող տարի սպասվում է թոշակների բարձրացման երկրորդ փուլը, մինիմալ աշխատավարձի և պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի բարձրացում-խմբ)։ «Դա կարող է ինչ-որ մի պահի հանգեցնել պետական բյուջեի դեֆիցիտի շատ ավելի մեծացման, որի արդյուքում ՀՀ-ն ի վիճակի չի լինի սպասարկել այդ ծախսերը։ Պետբյուջեի ծախսային մասն ավելացնելով նպաստում ենք տնտեսության գերտաքացմանը, իսկ այս պայմաններում պետք է իրականացնել կոնտրցիկլիկ քաղաքականություն հարկա-բյուջետային գործիքների կիրառմամբ», - հորդորում է տնտեսագետը։

 Ադրբեջանական վերջին ագրեսիան ՀՀ սուվերեն տարածքի դեմ, փորձագետի խոսքով, բնականաբար, կունենա իր բացասական ազդեցությունը, մասնավորապես՝ տուրիզմի վրա, բայց տնտեսության վրա այդ գործոնի ազդեցությունը գոնե այս պահին մեծ չի  լինի ։ Մյուս կողմից, մենք ունենք Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսք ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքի արդյուքներով, որոնք դրական միտումներ են մտցնում տնտեսության մեջ։ Վերջին գործոնի ազդեցությունը մեծ կլինի նաև տրանսֆերտների մասով, ըստ կանխատեսման, դրանք ապագայում դեռ աճելու են։

 Ի դեպ, պաշտոնական տվյալներով 8 ամսվա կտրվածքով արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 562%։ Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, եթե 2021 թ-ին Հայաստանի ապրանքային արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը շուրջ 28% էր, ապա առաջին կիսամյակի արդյունքներով ցուցանիշը հասել է 29% և ավելի։ Ենթադրաբար  մինչև տարեվերջ այն կհասնի 30%։ ACSES վերլուծական կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ նման աշխարհագրական կենտրոնացումը, միանշանակ վտանգներ է պարունակում և խիստ հրամայական է դարձել արտահանման դիվերսիֆիկացման խնդիրը։ «Այս պահին արտահանումը դեպի ՌԴ մեծացել է, քանի որ ՌԴ համար այլընտրանքը խիստ սահմանափակ է, բայց մեր արտահանման կառուցվածքում մեծ մասնաբաժին ունի վերաարտահանումը, երբ հայ տնտեսվարողները տարբեր երկրներից ապրանք են ներմուծում, օրինակ մեծ քանակությամբ մեքենա ԱՄԷ-ից, և վերաարտահանում ռուսական շուկա։ Իսկ մենք գիտե՞նք, թե որքան ժամանակ դեռ կգործեն հակառուսական պատժամիջոցները», - նշում է փորձագետը։ Հասունացող խնդրի մասին է խոսում նաև սննդի արդյունաբերության աճը, որը, ըստ Ֆանյանի, նորից վկայում է այն մասին, որ արտադրանքն ուղղվում է ռուսական շուկա։ «Հայ տնտեսվարողներին այս պահին «ֆորա» է տրված։ Կհասցնե՞ն արդյոք իրենք իրենց դիրքերն ամրապնդել ռուսական շուկայում, որպեսզի ինչ-որ պահի, երբ պոտենցիալ մրցակիցները վերադառնան ՌԴ շուկա, հայկական բիզնեսն ունենա ավելի կայուն մրցակցային դիրքեր», - ասում է նա։

  Ամեն դեպքում, տնտեսագետի գնահատմամբ, 2022թ-ի արդյունքներով ՀՀ կարող է գրանցել ռեկորդային աճ։ «Վստահաբար կարող եմ ասել, որ 11% տնտեսական աճը, որ կանխատեսվել է ֆինանսների նախարարության կողմից, ավելի շուտ պահպանողական սցենար է», - նշում է նա և մտահոգություն հայտնում, որ ֆինանսական և անշարժ գույքի շուկայում գրանցված արդյունքները կարող է ստույգ չեն։ «Տարվա գլխավոր տնտեսական ինտրիգը կայանում է նրանում, թե արդյոք կհաջողվի գրանցել ՀՀ պատմության մեջ ամենաբարձր տնտեսական աճը, թե՝ ոչ։ Այս պահի դրությամբ «ռեկորդակիր» է եղել 2005թ իր 13,9% տնտեսական աճով։ Այս տեմպերի պահպանման դեպքում, դիտարկելով արդեն իսկ գրանցած արդյունքները, չեմ բացառում, որ ռեկորդը իրականում կգերազանցենք», - եզրափակում է Հայկազ Ֆանյանը։